Մատչելիության հղումներ

Նիդերլանդների ԱԳ նախարար. Հայաստանի հետ հարաբերությունները գերազանց են


Նիդերլանդների և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ստեֆ Բլոկը և Զոհրաբ Մնացականյանը հանդես են գալիս մամուլի ասուլիսով, Երևան, 23 հունվարի, 2020թ.
Նիդերլանդների և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ստեֆ Բլոկը և Զոհրաբ Մնացականյանը հանդես են գալիս մամուլի ասուլիսով, Երևան, 23 հունվարի, 2020թ.

Հայաստանն ու Նիդերլանդները խորացնում են հարաբերությունները. առաջիկայում Երևանում բացվելու է եվրոպական այդ երկրի դեսպանատունը, սպասվում է, որ այս տարի Նիդերլանդներ կայցելի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին նշվեց այսօր Նիդերլանդների Թագավորության արտգործնախարար Ստեֆ Բլոկի ու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանի համատեղ ասուլիսի ընթացքում։

Նիդերլանդների արտգործնախարար Ստեֆ Բլոկը երեկ է երկօրյա պաշտոնական այցով ժամանել Երևան, նրան ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուշագրավ է, որ Բլոկի հարավկովկասյան այցից Բաքուն դուրս է մնացել։ Հայաստանն ու Նիդերլանդները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992թ. հունվարին, և մոտ 30 տարվա պատմության ընթացքում սա թագավորության արտգործնախարարի առաջին այցն է Հայաստան։

«Այս այցով ցանկանում եմ ընդգծել Նիդերլանդների ու Հայաստանի միջև գերազանց հարաբերությունները։ Այսօրվա մեր հարաբերությունների ժամանակ կենտրոնացել ենք մեր համագործակցության խորացման ուղղությամբ և քննարկել ենք ապագայում համատեղ աշխատանքի գերազանց հեռանկարները», - ասաց նա։

Ստեֆ Բլոկը շարունակեց՝ հետաքրքիր ժամանակ է Հայաստան այցելել՝ թավշյա հեղափոխությունից մեկուկես տարի անց, հավելեց՝ տպավորված է քաղաքական խաղաղ տրանսֆորմացիայով և վերջապես ողջունեց օրենքի գերակայության հաստատման ու կոռուպցիայի դեմ պայքարում ձեռք բերված հաջողությունները։

Հարցրեցինք՝ ինչո՞ւ որոշեցին խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Ի պատասխան Ստեֆ Բլոկը նշեց. - «Մենք կարևորություն ենք տալիս Հայաստանում տեղի ունեցած զարգացումներին՝ անշուշտ, առաջին հերթին հայաստանցիների շահի տեսանկյունից։ Այս աշխարհում մենք հարևաններ ենք, գտնվում ենք մարտահրավերներով լի տարածաշրջանում՝ Եվրոպայի ու Ասիայի սահմաններին հարող տարածաշրջանում, ուր շատ բան է կատարվում։ Ուստի, մեր համատեղ շահերից է բխում, որպեսզի օրենքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքական կայունությանը և տնտեսական առաջընթացին վերաբերող զարգացումներն ընթանան ճիշտ ուղղությամբ»։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն` անցած տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին հայ-նիդերլանդական առևտուրը կազմել է 178 միլիոն 10 հազար դոլար, ինչը 2018թ. առաջին 11 ամիսների համեմատ ավելի է 6.1%-ով։

«Տնտեսական համագործակցությունը լայն հնարավորություններից մեկն է, որ բացվում է մեր առջև։ Այս առավոտ պատիվ ունեցա ելույթ ունենալ հայաստանցի ու նիդերլանդացի գործարարների առջև, և նրանք ինձ փոխանցեցին, որ Հայաստանը մեծ ներուժ ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Եթե դուք մեծ ներուժ ունեք, սա հիմք է փայլուն ապագայի համար։ Սա, անշուշտ, ապագայի հիմնական հնարավորություններից մեկն է։ Հաջորդը՝ Նիդերլանդները մեծ ներուժ ունի գյուղատնտեսական բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Եվ վերջապես, նիդերլանդացիները նախընտրում են ճամփորդել և ավելի շատ են այցելում Հայաստան», - ընդգծեց նախարարը։

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իր հերթին նշեց՝ 1 տարվա կտրվածքով Նիդերլանդներից Հայաստան այցելուների աճը կազմել է մոտ 23%։

«Պարոն Բլոկը Հայաստան է ժամանել Երևանում Նիդերլանդների դեսպանության մոտալուտ բացման և այս տարի Հայաստանի վարչապետի՝ Նիդերլանդներ կատարելիք այցելությանն ընդառաջ: Այս զարգացումները վկայում են, որ հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը նոր թափ են ստացել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո», - շեշտեց Մնացականյանը:

Մոտ 1 ամիս առաջ «Ազատության» հետ զրույցում Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը հայտարարեց՝ բանակցվում է, որ Արցախում բանտարկված ադրբեջանցի դիվերսանտների և Ադրբեջանում գտնվող հայ պատանդների հարազատներն առաջիկայում կարողանան փոխադարձ այցեր կատարել ու տեսակցել անազատության մեջ գտնվող իրենց ազգականներին։ Այսօր Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ փուլում են բանակցությունները։

«Այո, իրապես, սա մի օրակարգային հարց է, որի շուրջ ես շատ հուսով եմ, որ մենք կկարողանանք գտնել, վերջնականացնել այն անհրաժեշտ ձևաչափերը, այդ կազմակերպումը կամ անհրաժեշտ քայլերը, որոնք հնարավորություն կտան նման մարդասիրական քայլի», - պատասխանեց Հայաստանի արտգործնախարարը:

XS
SM
MD
LG