Մատչելիության հղումներ

Մայիլյան. Ադրբեջանցի դիվերսանտների և հայ պատանդների հարազատները կարող են փոխադարձ այցեր կատարել


Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը «Ազատության» տաղավարում, Երևան, 24-ը դեկտեմբերի, 2019թ.

Բանակցվում է, որ Արցախում բանտարկված ադրբեջանցի դիվերսանտների և Ադրբեջանում գտնվող հայ պատանդների հարազատներն առաջիկայում կարողանան փոխադարձ այցեր կատարել ու տեսակցել անազատության մեջ գտնվող իրենց ազգականներին, այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը։ Նա ընդգծեց՝ պաշտոնական Ստեփանակերտն իր համաձայնությունն արդեն տվել է։

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

«Ազատություն». - Ո՞րն է Ձեր դիրքորոշումը, ղարաբաղյան հակամարտությունը Ձեր պատկերացմամբ ինչպե՞ս պետք է կարգավորվի, և այս առումով, գիտեք, Փաշինյանի քննադատները շատ են խոսում «հողեր հանձնելու» մտադրության մասին: Դուք մասնակցում եք համատեղ նիստերին, քննարկումների մեջ եք, նման տարբերակ տեսնո՞ւմ եք Հայաստանի իշխանությունների մոտ:

Մասիս Մայիլյան - Չէ, չեմ տեսնում, երևի Հայաստանի ներկա իշխանությունները միակ իշխանություններն են, որ ընդհանրապես հող հանձնելու մասին չեն խոսել: Դա անհեթեթություն է և ներքին քաղաքական շահարկումների թեմա է: Բայց ես կխոսեմ իմ դիրքորոշման մասին որպես արտգործնախարար և թեկնածու հավանական: Նաև մենք ունենք այսօր գործող մեր ծրագիրը, որով առաջնորդվում ենք, և այդ ծրագրի մեջ գրված է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացման փաստի ճանաչման վրա, այսինքն՝ մինչև այդ ոչ թե ինքնորոշման իրավունքի, մենք այդ իրավունք ունենք և այդ իրավունքն արդեն իրացրել ենք, այդ իրացման փաստն այն է, որ ստեղծվել է Արցախի Հանրապետությունը, այսինքն՝ այս ամբողջ գործընթացը պետք է հիմնված լինի դրա ճանաչման վրա, որովհետև դա է էությունը հակամարտության:

Եթե ինչ-որ հողերից են խոսում կամ համայնքներից են խոսում, դա փորձ է խեղաթյուրել այս համակարտության էությունը, որը կարող է բերել լրիվ ուրիշ զարգացումների, ուրիշ արդյունքների: Ես գիտեմ, որ որևէ փաստաթուղթ սեղանի վրա դրած չկա, և որևէ բովանդակային քննարկումներ հիմա տեղի չեն ունենում: Հիմա գործ է գնում, աշխատանք է կատարվում միջավայրի ձևավորման համար, քննարկում են, և արդեն այդ քննարկումների արդյունքում մի միջոցառում կազմակերպվել է, երբ Արցախից և Հայաստանի Հանրապետությունից լրագրողներն այցելել են Ադրբեջան, և արդբեջանցի լրագրողներն այցելել են Արցախ և Հայաստանի Հանրապետություն: Եվ նմանատիպ, այսպես ասենք, վստահության ամրապնդող քայլերի մասինէ խոսքը հիմա:

«Ազատություն». – Նոր քայլեր ե՞ն լինելու այդ ուղղությամբ:

Մասիս Մայիլյան. - Գաղափարներ կան, որոշ գաղափարներ հնչեցվել են, օրինակ՝ այս ամռանը բերքահավաքի ժամանակ ավելի զգույշ են եղել կողմերը, չեն խանգարել գյուղացիներին հավաքել իրենց բերքը, որը փաստ է: Լրագրողների այցը տեղի ունեցավ, որը 3 պետությունների կողմից է կազմակերպվել:

«Ազատություն». – Միջնորդ երկրներո՞ւմ:

Մասիս Մայիլյան. - Չէ, հենց Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից, միջնորդ եղել է դեսպան Կասպրշիկն այս գործում:

«Ազատություն». – Եվ հիմա կա՞ն նոր գաղափարներ այդ ուղղությամբ:

Մասիս Մայիլյան. – Նոր գաղափարներից մեկն էլ կա, որը դեռ չի իրականացվել, որ օրինակ՝ Արցախում պահվող դիվերսանտների բարեկամները կարող են այցելել իրենց, և ինչպես նաև հայ այնտեղ գտնվող մեր պատանդներին իրենց բարեկամներն էլ կարող են այցելել:

«Ազատություն». – Քննարկվո՞ւմ է այդ գաղափարը:

Մասիս Մայիլյան. - Քննարկվում է, և համաձայնություն առնվազն մեր կողմից կա, մնում է՝ լինի հենց այդ իրենց հարազատների ցանկությունը, և ինձ թվում է՝ այդ միջոցառումն էլ կարելի է իրականացնել: Նմանատիպ տարբեր քայլեր պետք է արվեն, որ այդ միջավայրն ստեղծվի, ռիսկերը նվազեցվեն, այսինքն՝ այն, որ Դուշամբեից հետո հիմնականում պահպանվում է հրադադարի ռեժիմը, և այս վերջին տարվա մեջ մենք ավելի կայուն իրավիճակում ենք, քան նախորդ տարիների ընթացքում, սա էլ է փաստ: Այս ամենը նպաստելու է, որ ձևավորվի այդ միջավայրը, որը թույլ կտա արդեն կամաց-կամաց անցնել բովանդակային քննարկումներին, որտեղ Արցախի ներկայությունը և այդ ձևաչափի վերականգնումը շատ առանցքային նշանակություն կունենան:

Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք դիտել տեսանյութում.


XS
SM
MD
LG