Մատչելիության հղումներ

Հայկ Ալումյան. ՍԴ-ի ձևակերպումները շատ հաճախ անհասկանալի են


Փաստաբան Հայկ Ալումյան, արխիվ
Փաստաբան Հայկ Ալումյան, արխիվ

Սահմանադրական դատարանը մերժել է քննության ընդունել Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի դիմումը:

2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը դիմել էր Բարձր դատարան՝ բարձրաձայնելով օրենսդրական բացի մասին:

«Ազատության» հետ զրույցում Ալումյանն ասաց, թե դիմել էր, որպեսզի այսուհետ Բարձր դատարանը, այլ դատարանների նման, հնարավորություն ունենա պարզաբանել իր իսկ կայացրած որոշումները. - «Հիմա մի արտառոց իրավիճակ է, երբ որ մի դատարան կա, որն ինքն իր որոշումները պարզաբանելու իրավասություն չունի։ Հաշվի առնելով, թե երբեմն ինչ ձևակերպումներ են լինում Սահմանադրական դատարանի որոշումների մեջ, անգամ քննարկման առարկա է հաճախ եղել, թե ինչ բարդ ձևակերպումներով է Սահմանադրական դատարանը... Ի դեպ, ասեմ, որ թարգմանիչները շատ են խուսափում, ասում են՝ ամեն ինչ թարգմանենք, բացի Սահմանադրական դատարանի որոշումներից, որովհետև այն նախադասությունները, որոնցով իրենք ձևակերպում են իրենց մտքերը, հաճախ շատ անհասկանալի են»։

Իր այս դիմումից առաջ Ալումյանը դիմել էր ՍԴ՝ խնդրելով պարզաբանել Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ Բարձր դատարանի անցած սեպտեմբերին կայացրած որոշումը, սակայն դատարանը մերժել էր այն. - «Ես հասկանում էի, որ պիտի մերժի, բայց պիտի մենք սպառենք բոլոր հնարավորությունները, մինչև որ դիմենք արդեն հակասահմանադրական ճանաչելու»։

Բարձր դատարանը անցած սեպտեմբերին քննել էր Քոչարյանի պաշտպանական թիմի դիմումը և հակասահմանադրական էր ճանաչել այդ դիմումում վիճարկվող երկու հոդվածներից մեկը՝ «Քրեական դատավարության մասին» օրենսգրքի 35-րդ հոդվածը: Այն վերաբերում է անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։

Սահմանադրական դատարանը եզրահանգել էր, որ օրենքը չի կարգավորում անձեռնմխելիությամբ օժտված անձանց քրեական հետապնդման ենթարկելու հարցը: Եվ այդ օրենքում չկան այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորություն կտային գործառութային անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց հանցագործության մեջ մեղադրելու ընթացքում գնահատել, թե այն, ինչի մեջ մեղադրվում են, արդյո՞ք դա բխում է պաշտոնյայի գործունեությունից, թե ոչ:

Այս որոշումը տարբեր կողմեր տարբեր կերպ էին մեկնաբանում: Քոչարյանի փաստաբանները պնդում էին, որ սա նշանակում է, որ նախկին նախագահը պետք է ազատ արձակվի, իսկ Գլխավոր դատախազությունը հերքում էր այս տեսակետը՝ հայտարարելով՝ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան:

Հայկ Ալումյան. - «Դիմել էի, որպեսզի պարզաբանի։ Ցույց էի տվել, որ միևնույն որոշման մի հատվածի վրա հղում անելով՝ մենք մի բան էինք ասում ու ծանրակշիռ ձևով էինք ասում, որովհետև այդ հատվածից հենց դա էր բխում, մի ուրիշ հատվածի վրա դատախազությունն էր հղում անում, հակառակն էր պնդում։ Մի հատ էլ ուրիշ հատվածի վրա հղում անելով՝ դատարանը մեր միջնորդությունը մերժեց։ Ես գտնում եմ, որ չպիտի առհասարակ լինի դատական ակտ, որը այդպիսի կասկածներ առաջացնի»։

Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու դիմումում Ալումյանը նշել է, որ Բարձր դատարանի գործունեությունը կարգավորող «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը հնարավորություն չի տալիս դատարանին իր իսկ կայացրած որոշումները պարզաբանել: Եվ սա է պատճառը, որ նախկին նախագահի պաշտպանական թիմը Բարձր դատարանին խնդրել է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը հենց այդ մասով:

Բարձր դատարանն իր մերժման մեջ գրում է, որ դիմող կողմը չի անդրադառնում այն հարցին, թե ինչու է պարտադիր, որ օրենքում ամրագրվի, որ Սահմանադրական դատարանը պետք է պարզաբանի իր որոշումը: Եվ որ Սահմանադրությունը որևէ կերպ չի կանխորոշում նման բան:

«Ցանկացած դատարան, առավել ևս այն դատարանները, որոնց որոշումները վերջնական են, իրենց որոշումները պետք է շարադրեն այնպես, որ պարզաբանման անհրաժեշտություն չառաջանա, իսկ Սահմանադրական դատարանի դեպքում նրա որոշումների պարզաբանման օրենսդրական ամրագրումը պետք է հիմնավորվի ծանրակշիռ փաստարկների վկայակոչմամբ», - գրված է ՍԴ որոշման մեջ:

«Ազատության» հետ զրույցում ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանն ասաց, որ Սահմանադրական դատարանը նման լիազորություններ չունի. - «Մենք գտնում ենք, որ դա մեր սահմանադրական լիազորությունների մեջ չի մտնում»։

Իր մերժումը հիմնավորելիս Հրայր Թովմասյանի ղեկավարած Բարձր դատարանը եզրահանգում է, որ դիմողը պետք է անդրադառնար Սահմանադրական դատարանի կողմից այդ հարցով ձևավորված լայնածավալ պրակտիկային, փաստեր իրավական բացի առկայությունը և հիմնավորեր, որ այն Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա իրավական բաց է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG