Մատչելիության հղումներ

Քրեական գործ՝ պետգույքի օտարման արդյունքում պետությանը մոտ 500 մլն դրամի վնաս հասցնելու դեպքով


Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Խախտումներով կատարված գնահատման հիման վրա պետգույքի օտարման արդյունքում պետությանը պատճառվել է մոտ 500 միլիոն դրամի վնաս, հարուցվել է քրեական գործ, այսօր հաղորդում է Գլխավոր դատախազությունը։

Դատախազության հանրային կապերի բաժինն իր հաղորդագրությունում մանրամասնում է. - «Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։ Նշված առաջարկի հիման վրա ՍՊԸ-ն 23.08.2017թ. իրականացրել է ք. Երևան, Կենտրոն համայնք, Լեոյի փողոց 54 հասցեում գտնվող 2503.4 քմ մակերեսով վարչական շենքի, 55.9 քմ մակերեսով կաթսայատան և 0.12 հա մակերեսով հողամասի գնահատում, ինչի արդյունքում նշված անշարժ գույքը գնահատվել է 515.890.000 ՀՀ դրամ: Նշված գնահատման հիման վրա 17.05.2018թ. վերը նշված գույքը մրցութային կարգով 360.620.000 ՀՀ դրամով օտարվել է: Հետագայում կատարվել է վերը նշված անշարժ գույքի 2017թ. շուկայական արժեքի վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ օտարված գույքի շուկայական արժեքը 2017թ. դրությամբ կարող էր կազմել ոչ թե 515.890.000 ՀՀ դրամ, այլ՝ 850.000.000 ՀՀ դրամ կամ շուրջ 1.5 անգամ ավել սկզբնական գնահատված արժեքից: Պարզվել է նաև, որ ՍՊԸ-ի կողմից նշված անշարժ գույքի գնահատման գործընթացում խախտվել են գնահատման ստանդարտի պահանջները, մասնավորապես՝ հաշվի չի առնվել գնահատվող գույքի նպատակային նշանակությունը, մակերեսը»:

Այսպիսով, ըստ Դատախազության, արձանագրված փաստերը վկայում են, որ ՍՊԸ-ի մասնագետը խախտել է գնահատման ստանդարտի պահանջները, մասնավորապես՝ հաշվի չի առել գնահատվող գույքի նպատակային նշանակությունը, մակերեսը և կազմել է կեղծ եզրակացություն, որն էլ հիմք է ընդունվել անշարժ գույքի օտարման մրցույթի համար: «Արդյունքում նշված գույքը օտարվել է իրական արժեքից շուրջ 3 անգամ պակաս՝ պետությանը պատճառելով շուրջ 489.380.000 ՀՀ դրամի վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ», - նշված է հաղորդագրությունում։

Ուսումնասիրության արդյունքներով քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով` «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG