Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական խոսք է հղել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Սրտի կսկիծով և խորը ցավով տեղեկացա Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան մասին։ Պետական ծառայության իրեն վստահված բոլոր ոլորտներում Գեորգի Կուտոյանը հանդես է եկել իբրև խորաթափանց, ինտելեկտուալ, արհեստավարժ, մշտապես իր ստանձնած պարտականությունների հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով առաջնորդվող պաշտոնյա, պետական ծառայող և սպա։ Անձամբ իմ և դատախազության ողջ անձնակազմի անունից այս ցավալի կորստի առթիվ վշտակցությունս եմ հայտնում Գեորգի Կուտոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին՝ թեև իրականում դժվար է գտնել սփոփանքի խոսքեր», - ասված է Արթուր Դավթյանի ցավակցականում։

Հաղորդագրություն նաև նշված է՝ Գլխավոր դատախազությունը հավաստիացնում է, որ օրենքով վերապահված իր ողջ գործիքակազմով ապահովելու է տեղի ունեցած ողբերգության բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը, լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննությամբ բոլոր վարկածների մանրակրկիտ ստուգումը և վերջնական իրավական գնահատական տալը։

«Միաժամանակ դատախազությունը հետամուտ է լինելու նախաքաննության ողջ գործընթացի հնարավորինս թափանցիկության և հանրային իրազեկման ապահովմանը», - ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնեն՝ երեկ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին։

ԱԱԾ նախկին տնօրենի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։

XS
SM
MD
LG