Մատչելիության հղումներ

2019-ին Լեզվի կոմիտեն տարբեր հարցերի նվիրված 25 հորդորակ է հրապարակել


Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյան, արխիվ

2019 թվականի հուլիս ամսից գործում է Լեզվի կոմիտեի պաշտոնական կայքը, որտեղ էլ, կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հավաստիացմամբ, ամբողջովին արտացոլված է իրենց աշխատանքը։

«Վերջին շրջանում Լեզվի կոմիտեի անունը հաճախ մարդիկ զուգորդում են հորդորակ բառի հետ», - նշեց Գյուրջինյանը։

2019 թվականին որոշակի պարբերականությամբ Լեզվի կոմիտեն լեզվական տարբեր հարցերի նվիրված 25 հորդորակ է հրապարակել՝ նպաստելու վիճահարույց հարցերում հայոց լեզվի կանոնարկմանը «և գրական հայերենի ճիշտ իրողությունների տարածմանը զանգվածային լրատվության միջոցներով»։

Լեզվի կոմիտեն դեռ խորհրդային տարիներին ձևավորված կառույց է, որի որոշումները պարտադիր էին բոլոր հաստատությունների համար։ Մեր օրերում խոսքն ազատ է, կոմիտեի որոշումներն էլ վերածվել են հորդորակների։

«Հիմա ազատ է խոսքը նաև իր լեզվական դրսևորման մեջ, բայց մենք ունենք լեզվական վերահսկողության բաժին, որը վերահսկում է ի՞նչ, այն իրողություններն ենք քննարկում, որոնք ակնհայտորեն սխալ են ու դեմ են հայերեն լեզվամտածողությանը, լեզվական կանոնին և այլն։ Մենք ամեն ջանք գործադրում ենք՝ այդ սխալի դեմն առնելու, մենք չենք մոռանում, որ պիտի մարդկանց նաև իրազեկենք ու կանխարգելիչ միջոցառումներ իրականացնենք։ Այդպիսի 98 իրազեկող գրություններ ենք ուղարկել պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման տարբեր կազմակերպությունների, բուհերին, օրինակ, որ գիատժողովների լեզուն չլինի միայն որևէ օտար լեզու, այլև հայերենը լինի, թարգմանություններ ապահովվեն, որպեսզի հայերենը շարունակի մնալ ու զարգանալ իբրև գիտության լեզու», - ասաց Դավիթ Գյուրջինյանը։

Գաղտնիք չէ, որ մեր լեզվամտածողությունը օտար բառերի մեծ պաշար է ամփոփում և ահա Դավիթ Գյուրջինյանն ընդգծում է, որ հանրության մեջ հակադիր կարծիքներ կան այս առումով։

«Ոմանք ասում են՝ «դռները լայն բացենք, ամեն ինչ ընդունենք», ոմանք ասում են՝ «կանգ առնենք, փորձենք ստեղծել և նոր ներս թողնենք այդ բառերը», ոմանք էլ բոլորովին չեն վերահսկում իրենց խոսքը, այդ ոմանք պաշտոնյաներ են, լրագրողներ, և օտար բառեր շատ են գործածում։ Այդ նպատակով մենք ևս հորդորակներ ենք տարածում պարբերաբար», - նշեց Լեզվի կոմիտեի նախագահը։

Իհարկե, կոմիտեն միայն հորդորակներով չէ, որ հանդես է գալիս։ Արդեն 2 տարի Լեզվի կոմիտեն նախագահող Դավիթ Գյուրջինյանը շեշտում է, որ 2019 թվականին կոմիտեն կրկին սկսեց վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթներ հարուցել, մի բան, որ տեղի չէր ունենում վերջի 3 տարիներին։ 2019 թվականին 40 այդպիսի վարույթ է հարուցվել վարչական դատարանում՝ հիմնականում ոչ հայերեն ցուցանակների, գրառումների, անվանումների դեմ։

«Արդյունքն, օրինակ, շատ տեսանելի, կարող եք Երևանում տեսնել, որ մի տեղ, որտեղ միայն օտար ցուցանակներ էր, մեծ տառերով մետրանոց, հինա նրա ձախ կողմում՝ սկզբից, դրված է հայերենը», - ընդգծեց նա։

«Ազատության» հարցին, թե ինչպիսին է իր դիրքորոշումը հայոց լեզվի ուսուցումը բուհերի հայեցողությանը թողնելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աղմկահարույց նախագծի մասին, Դավիթ Գյուրջինյանը պատասխանեց. «Հայերնը դուրս չի մղվում, համալսարանական ազատություն է տրվում, նրանք ինքնավար են լինելու, և պետք է որոշեն, իրենք պիտի որոշեն՝ «Հայց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները ինչպես են [ներկայացնելու ուսանողին]։ Ենթադրենք օրենքի այդ դրույթը սկսեց աշխատել, Մանկավարժական համալսարանը, որի Հոգաբարձուների խորհրդի նախագահը ես եմ, հնարավո՞ր է արդյոք հայերենը հանի Քիմիայի, Կենսաբանության, Ֆիզիկայի, Մաթեմատիկայի և մյուս բաժիններից, դուք էլ կպատասխանեք, որ անհնարին բան է դա, քանի որ ուսուցիչներ են պատրաստում, իսկ ուսուցիչը պիտի լավ խոսք ունենա», - ասաց Գյուրջինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG