Մատչելիության հղումներ

ԵՄ դեսպանը տպավորված է Հայաստանում ընթացող դատական բարեփոխումներով


ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին, 17-ը հունվարի, 2020թ.

Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը տպավորված է Հայաստանում ընթացող դատական բարեփոխումներով։ Դեսպանը համոզված է՝ կառավարությունը էական ջանքեր է գործադրում։ Վիկտորինը վստահեցնում՝ ԵՄ-ն կարևոր գործընկեր է լինելու այդ գործընթացում։

«Դեկտեմբերին Գործընկերության հանձնաժողովի նիստ անցկացվեց Բրյուսելում։ Կարծում եմ՝ երկու կողմերը համակարծիք են, որ մենք առաջընթաց ենք արձանագրում։ Բայց դա չի նշանակում՝ կարող ենք կանգ առնել և վաղը ևեթ դա կարող է ավարտվել, պետք շարունակել այդ աշխատանքները, դա շատ ժամանակ է պահանջում։ Դուք դա տեսնում եք Հայաստանի կառավարության կողմից, հավաստիացնում եմ՝ Եվրոպական միության կողմից էլ նույնը կտեսնեք», - ասաց Վիկտորինը։

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը նկատում է, որ առաջընթաց կա նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, սակայն ընդգծում է՝ դեռ անելիք կա։

«Ես համեմատելու բան ունեմ։ Կարծում եմ, որ մարդու իրավունքների վիճակը Հայաստանում իսկապես բարելավվել է, սակայն ընդգծեմ՝ բազմաթիվ բարեփոխումներ կան, որոնք անհրաժեշտ է իրականացնել։ Չեն լինի մարդու իրավունքներ, եթե չկա իրավունքի գերիշխանություն», - նշեց ԵՄ դեսպանը։

Անդրադառնալով ընդդիմադիր որոշ ուժերի ներկայացուցիչների հայտարարություններին, թե լրատվամիջոցները ճնշման տակ են, Անդրեա Վիկտորինն ասաց՝ Հայաստանում լրատվամիջոցներն ազատ են։

«Կարծում եմ՝ Հայաստանում իսկապես լրատվամիջոցները մեծ ազատություն ունեն: Իհարկե կլինեն դեպքեր և իրավիճակներ, որոնց ժամանակ կարող է ճնշում գործադրվել այս կամ այն լրատվամիջոցի նկատմամբ, ինչը մենք տեսնում ենք ցանկացած երկրում, իմ իսկ երկրում դա տեղի է ունենում, դա չենք կարող բացառել», - նշեց նա։

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նաև որպես արդեն նախկին լրագրող է գնահատում իրավիճակը. Զոհրաբյանը մտահոգիչ ուղերձներ է նկատում կառավարության կողմից։

«Ռիսկեր եմ տեսնում, որ հնարավոր է լրատվամիջոցների հանդեպ օրենսդրության «շրջանակներում» ինչ-ինչ մտահոգիչ խնդիրներ առաջանան», - ասաց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Զոհրաբյանը դեռևս չի շտապում գնահատական տալ դատական բարեփոխումներին։ Ասում է՝ ինքն ուրախ կլինի, որ դատական համակարգն անկախանա։

«Եթե սահմանադրական փոփոխությունները, որ արվելու են, դրա համար ստեղծվում է հանձնաժողով, միտված են դրան, մենք պիտի հասկանանք՝ սահմանադրական փոփոխությունների օրակարգը որն է լինելու։ Ես կարծում եմ, որ մինչև հանձնաժողով ստեղծելն առնվազն խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին պիտի ներկայացվեր, թե մենք ինչի՞ ենք գնում սահմանադրական փոփոխությունների, գործող Սահմանադրության մեջ ինչն է, որ խոչընդոտում է իշխանություններին իրենց ռեֆորմներն իրականացնելու, որ մենք գնում ենք, բայց ինչպես ասում են՝ սայլը դրվեց ձիուց առաջ», - ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

ԵՄ դեսպանն այսօր հրաժարվեց մեկնաբանել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ասելով, որ Եվրամիությունն ուշադիր հետևում է զարգացումներին, սակայն ընթացող գործընթացներին գնահատական չեն տալիս։

Ավելի վաղ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի և հանձնաժողովի այլ պաշտոնատար անձանց հետ:

Ըստ ՍԴ-ի տարածած հաղորդագրության, զրույցի ընթացքում մանրամասն անդրադարձ է եղել «վաղ կենսաթոշակի մեխանիզմ» նախատեսող օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձություններին:

ՍԴ դատավորների «վաղ կենսաթոշակ» անունը ստացած օրենքը սահմանում է, որ եթե բարձր դատարանի անդամները մինչև գարուն հրաժարական ներկայացնեն, ապա աշխատավարձի չափով կենսաթոշակ կստանան, բայց մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտը։ Այս օրենքը վերաբերում է մինչև 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններն ընտրված դատավորներին, այսինքն՝ ՍԴ 9-ից 7-ին, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանին։

XS
SM
MD
LG