Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից 2012-2015 թվականների ընթացքում շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք։
«Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևան համայնքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը նախկինում զբաղեցրած անձը ազգականի անվամբ սեփականաշնորհված, 300 հազար ԱՄՆ դոլար արժեցող, 377 քմ մակերեսով Վաղարշյան փողոցի կաթսայատներից մեկը կառուցապատմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչին՝ բազմաբնակարան շենքի կառուցապատման համար, 2013 թվականին առաջարկել է իրենից ձեռք բերել շուկայականից էականորեն էժան՝ 62 միլիոն ՀՀ դրամով: Պաշտոնատար անձը նշված գործարքի դիմաց առաջարկել է նաև կառուցվելիք բազմաբնակարան շենքից Երևանի քաղաքապետարանի մի շարք իրավասու պաշտոնատար անձանց որպես կաշառք հատկացնել 430 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 500 քմ ընդհանուր մակերեսով բնակարաններ, առևտրային տարածքներ և 4 ավտոկայանատեղի՝ հակառակ դեպքում վերջիններիս անունից սպառնալով պաշտոնեական լիազորությունների շրջանակներում առավելագույնս խոչընդոտել տնտեսվարող սուբյեկտի ձեռնարկատիրական գործունեությանը», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում։ - «Շորթման արդյունքում ոտնահարվող իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչը ստիպված համաձայնել է և 120 հազար ԱՄՆ դոլարով կանխիկ գումարով գնված հիշյալ տարածքում բազմաբնակարան շենք կառուցելուց հետո՝ 2015-2017 թվականներին շորթող անձանց որպես առանձնապես խոշոր չափերով կաշառք հանձնել է պահանջված անշարժ գույքը՝ կնքելով առուվաճառքի պայմանագրեր նրանց մատնանշած անձանց հետ»։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, նշված է հաղորդագրությունում։