Վրաստանի բնակիչներն ամենադրականը գնահատում են բանակը, եկեղեցին, ոստիկանությունը, ամենավատը՝ դատարաններն ու խորհրդարանը։ Սա են վկայում Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) վերջին հարցումների արդյունքները:
Մեծամասնության՝ 53 տոկոսի կարծիքով, երկիրը զարգանում է սխալ ուղղությամբ, 19 տոկոսի կարծիքով՝ ուղղությունը ճիշտ է, 24 տոկոսն էլ գտնում է, որ ուղղության փոփոխություն չկա:
Կառավարության գործունեությունը վատ է գնահատել հարցվածների 64 տոկոսը:
Երկրի ներքաղաքական ամենաաղմկալից վերջին իրադարձության՝ ընտրությունները միայն համամասնական ընտրակարգով անցկացնելու նախաձեռնությունը խորհրդարանում չընդունվելու վերաբերյալ, հարցվածների 70 տոկոսը բացասական է գնահատել խորհրդարանի այդ որոշումը:
Ինչ վերաբերում է անհատ քաղաքական գործիչներին, ամենացածր վարկանիշն ունեն «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին ու երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ավելի դրական է գնահատվել, քան Իվանիշվիլին, ճիշտ է՝ Սաակաշվիլիի դեպքում ևս բացասական «սալդոն» պահպանվում է, բայց նա ավելի լավ է ընկալվում, քան Իվանիշվիլին: Սաակաշվիլիին բացասաբար են վերաբերվում հարցվածների 39 տոկոսը, դրական՝ 26 տոկոսը, իսկ Իվանիշվիլիին՝ բացասական՝ 49 տոկոսը, դրական՝ 16 տոկոսը:
Քաղաքական գործիչներից ամենաբարձր դրական վարկանիշն ունեն ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն և իշխող կուսակցության ներկայացուցիչ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Ընդդիմադիր «Ազգային շարժման» անդամ, պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին մեկնաբանելով ասել է, թե հարցումների արդյունքները վկայում են, որ երկրում ավարտվել է Բիձինա Իվանիշվիլիի իշխանության դարաշրջանը: Նա ընդգծել է, որ ամենաբացասական գնահատականը հարցվածները տվել են հենց Իվանիշվիլիին:
NDI-ի հարցումները Վրաստանում անցկացվել են 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին: