Մատչելիության հղումներ

Միշուստինի թեկնածությունը ՌԴ վարչապետի պաշտոնում Պետդուման կքննարկի այսօր


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինին, Մոսկվա, 15-ը հունվարի, 2020թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետի պաշտոնում երեկ առաջադրել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Վերջինս 53 տարեկան է, անկուսակցական, 2010 թվականից զբաղեցնում էր Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը:

Մինչ պետական համակարգում աշխատանքի անցնելը Միշուստինը զբաղվել է գործարարությամբ, ղեկավարել է ակտիվների կառավարմամբ զբաղվող միջազգային UFG Capital Partners ընկերությունը:

Միշուստինի մասին տեղեկությունները ռուսական մամուլում շատ չեն: Ըստ Կրեմլի կայքի, վերջին անգամ նախագահ Պուտինը նրա հետ անցած տարվա նոյեմբերին էր հանդիպել՝ Հարկային ծառայության մասնագիտական օրվա կապակցությամբ:

Պետդուման Միշուստինի թեկնածությունը քննարկելու է այսօր։

Երեկ, հիշեցնենք, Վլադիմիր Մեդվեդևի կառավարությունը անսպասելի հրաժարական տվեց Դաշնային ժողովին Վլադիմիր Պուտինի ուղերձից մի քանի ժամ անց։

Ուղերձում Ռուսաստանի նախագահը հայտարարել էր սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին, որոնց համաձայն՝ նախագահի լիազորությունների մի մասը փոխանցվելու է խորհրդարանին, և երկրում, ըստ էության, ստեղծվում է կառավարման նոր համակարգ։

Իրադարձությունները Ռուսաստանում երեկ զարգանում էին կայծակնային արագությամբ։ Պուտինն իր ուղերձում ասել էր, թե սահմանադրական փոփոխությունները պետք է դրվեն համընդհանուր քվեարկության, իսկ արդեն ուշ երեկոյան Կրեմլի կայքում հայտնվեց հաղորդագրություն այն մասին, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող աշխատանքային խումբ, որի կազմում են, ի դեպ, նաև կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը, պատմաբան Ալեքսանդր Չուբարյանը, իրավագետ Սուրեն Ավագյանը։

Ռուսաստանցի փորձագետները, մեկնաբանելով երեկվա իրադարձությունները, նշում են, որ Պուտինն, այդուամենայնիվ, որոշել է հեռանալ Կրեմլից 2024 թվականին, իսկ նրա իշխանությունը երկարաձգելու ամենահավանական սցենարներից մեկը Պետական խորհրդի ղեկավարի պաշտոնը ստանձնելն է. ՌԴ նախագահը երեկ իր ուղերձում հայտարարել էր, թե Սահմանադրությունում պետք է ամրապնդել այդ կառույցի իրավական կարգավիճակը։

Հավելենք՝ երեկ մի շարք աղբյուրներ նշել էին, որ Միխայիլ Միշուստինն ունի նաև հայկական ծագում։ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, մասնավորապես, գրել է, որ 1990-ականների սկզբին Միշուստինը իր բարեկամ Լևոն Ամդիլյանի հետ միասին ստեղծել է «Միջազգային կոմպյուտերային ակումբ» հարթակը։

XS
SM
MD
LG