Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Բացահայտվել է ՀՀ ՊՆ զորամասից 85 տոննա ավիավառելիքի հափշտակման դեպք


ՀՀ ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է Պաշտպանության նախարարության զորամասից 85 տոննա ավիավառելիքի հափշտակման դեպք բացահայտելու մասին։

Հաղորդագրության համաձայն՝ ԱԱԾ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում «ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ ՊՆ N զորամասի մի խումբ զինծառայողներ՝ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, 2019 թվականի հուլիսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, հափշտակել և վաճառել են իրենց վստահված՝ զորամասի պլանային ուսումնական թռիչքների իրականացման համար հատկացված, առանձնապես խոշոր չափերով՝ 40 միլիոն ՀՀ դրամից ավելի արժեքով, մոտ 85 տոննա ավիավառելիքը»։

«ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո, հերթական անգամ 640 լիտր ավիավառելիքը զորամասի տարածքից դուրս հանելիս և գնորդին հանձնելիս, նրանց հանցավոր գործողությունը խափանվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից, առձեռն բռնված հանցագործություն կատարած անձինք խոստովանել են կատարած հանցագործության կատարումը», - փոխանցում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, այն ըստ քննչական ենթակայության քննելու նպատակով փոխանցվել է Քննչական կոմիտե։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG