Մատչելիության հղումներ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր հանդիպում է ԱԳ նախարարի հետ


Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը, արխիվ
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը, արխիվ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ հանդիպում կանցկացնի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանն ասում է՝ թեև փակ հանդիպման օրակարգը մանրամասնորեն չի կարող ներկայացնել, սակայն բոլոր կարևոր հարցերը և տարածաշրջանային զարգացումները կքննարկեն։

«Խորհրդարանը իր դերակատարությունն ունի առնվազն խորհրդարանական դիվանագիտության իրականացման հարցում։ Էլ չեմ ասում՝ որպես քաղաքական թիմ, որպես մեծամասնություն մենք պետք է համագործակցենք և կոորդինացնենք մեր քայլերը, մոտեցումները, և հատկապես՝ արտաքին քաղաքականության մեջ, գործադիրի հետ։ Դա ոչ թե նախարարը զեկուցում է՝ մենք լսում ենք կամ ինչ-որ առաջարկներ ենք անում, ոչ, դա պարտնյորների, գործընկերների զրույց է, որտեղ որ գործադիրը ներկայացնում է և՛ գլոբալ ռազմավարության տեսակետից Հայաստանի արտաքին քաղաքականության մոտեցումները՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ աշխարհի մոտեցումով, մենք էլ, մեր կողմից, ամեն մեկը իր փորձից կամ իր շփումներից ներկայացնում ենք մեր մոտեցումները, և այսպես է ձևավորվում նաև առնվազն մարտավարությունը, էլ չեմ ասում՝ նաև ռազմավարությունը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Իգիթյանը։

«Բայց կոնկրետ ինչ-որ օրակարգ կա՞, ինձ հետաքրքիր է՝ ավելի շատ ո՞ր հարցերն են ուշադրության կենտրոնում լինելու՝ Իրան, տարածաշրջանի այս վիճակը...», - այս հարցին ԱԺ հանձնաժողովի փոխնախագահն արձագանքեց. - «Իհարկե, ես հիմա չեմ ուզում ասեմ՝ որ հարցերն են, որովհետև Դուք արդեն գիտեք՝ որ հարցերն են, այ, կան, հարցեր, որոնք միշտ քննարկում ենք՝ դա Լեռնային Ղարաբաղի հետ կապված, տարածաշրջանի լարվածության և անվտանգության հետ կապված, իհարկե, այս վերջին իրադարձությունները՝ կապված թե՛ Սիրիայում, թե՛ Իրանի հետ կապված, թե՛ ԱՄՆ-Իրան, կամ Ռուսաստան, այս Եվրամիությունում պրոցեսները, պարզ է, որ Հայաստանը այս կամ այն ձևով ներքաշված է այս խնդիրների հետ, և մենք այդ հարցերը քննարկում ենք»։

«Նպատակը պարզ է՝ մեր երկիրը պետք է լինի անվտանգ, մեր երկիրը պետք է ունենա հնարավորին չափ մեծ ազդեցություն, առնվազն այն գործընթացների, որոնք ազդում են մեր վրա», - ընդգծեց Հովհաննես Իգիթյանը։

Խմբակցությունից ասում են՝ այս հանդիպումները շարունակական են լինելու։ Իրենք այսպիսով նոր մշակույթ են ձևավորում և պարբերաբար հանդիպումներ են ունենալու գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ։

Ուշագրավ է, որ ընդդիմադիր պատգամավորները ևս նման հանդիպումներ են նախաձեռնում: «Լուսավոր Հայաստան»-ը, օրինակ, տարեսկզբից հանդիպումներ է սկսել ուժային կառույցների ղեկավարների հետ։ Տոներից հետո արդեն ընդդիմադիր խմբակցությունը փակ հանդիպումներ է անցկացրել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարների, Անվտանգության խորհրդի քարտուղարի և պաշտպանության նախարարի հետ:

XS
SM
MD
LG