Մատչելիության հղումներ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը գոհ է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի հետ հանդիպումից


ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մնացականյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովում։

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը զարմանում է, թե ինչու անվստահություն կա «Դիանա Հարությունյան» անունով ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն հրապարակած անձի ինքնախոստովանական տեսանյութի նկատմամբ:

Մարտիրոսյանը նշեց, որ գործի հետ կապված շատ մարնամասներ չեն փոխանցում անմեղության կանխավարկածը չխախտելու համար. - «Հոդվածով տեղեկություն չկա ո՞րն ա... «ազգային, ռասայական, կրոնական թշնամանք հարուցելը» հոդվածով, մեկ էլ՝ համակարգչային տեղեկատվությանը ապօրինի տիրանալը»։

«Ուղղակի անմեղության կանխավարկածից ելնելով՝ եթե նկատել եք, մենք ոչ մեկի դեմքը չենք բացում և տվյալներ չենք ասում», - հավելեց նա։

ԱԱԾ-ն դեռևս չիբացահայտում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի գոյություն չունեցող շնորհավորանքի հեղինակ, «Դիանա Հարությունյան» անվամբ հայտնի օգտատերը իրականում ով է: ԱԱԾ-ի տարածած տեսանյութի մեջ երիտասարդ մի տղա խոստովանում է, որ ինքն է ֆեսբուքյան էջում տեղեկատվություն հրապարակել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ իրանցի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ տեղեկատվությունը շատ արագ տեղ էր գտել իրանական և ադրբեջանական ԶԼՄ-ներում և, ըստ ԱԱԾ հաղորդագրության, վնաս հասցրել Հայաստանի ազգային անվտանգության շահերին:

Հատված կասկածյալի ցուցմունքից. - «Նշվածը կատարել եմ ՀՀ իշխանություններին վարկաբեկելու նպատակով, քանի ու ունեմ ընդդիմադիր հայացքներ և անարդար եմ գտնում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը»։

Դեռ նախորդ տարվա ապրիլին ԱԱԾ-ն կալանավորել էր «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձին։ Նրան մեղադրանք է առաջադրվել «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու» հոդվածով։ Էջն ապրիլի 4-ից այլևս ակտիվ չէ։ Նախքան դա, էջում մեծամասամբ տեսնում էինք կառավարությանը ծաղրող նկարներ, որոնք ուղեկցվում էինք հայհոյանքներով, գրառումները բովանդակում էին ակնհայտ ապատեղեկատվություն: Քրեական գործի հարուցումից8 ամիս անց էլ , ըստ էության, գործից որևէ մանրամասն հայտնի չէ:

«Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված և կարճված մասի նոր քննության մասին մանրամասներ Մարտիրոսյանը չփոխանցեց, չցանկացավ անդրադառնալ նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի վերջին հարցազրույցում արած հայտարարությունններին։

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը Ազգային ժողովում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության հրավերով: Ընդդիմադիր խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը տևեց ավելի քան երեք ժամ։

Մանրամասներ փակ հանդիպման մասին խմբկակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չփոխանցեց: Հանդիպումը գնահատեց արդյունավետ. - «Բնականաբար, ուշադրությամբ հետևել ենք ընթացիկ իրավիճակին՝ Իրան, Միացյալ Նահանգներ և մեր սահմանակից երկրներում տիրող իրավիճակի հետ կապված։ Հետևաբար այս հանդիպումները միտված են Հայաստանի Հանրապետության թե՛ ներքին անվտանգության, թե արտաքին անվտանգության հիմնախնդիրներին ևս մեկ անգամ անդրադառնալու, խոսելու, մեր մարտահրավերները քննարկելու։ Եվ մեր խմբակցության դերակատարումը, անելիքները նաև այդ ուղղությամբ։ Թե՛ օրենսդրական, թե՛ խորհրդարանական դիվանագիտության հարթակներում մեր աշխատանքների հետ կապված մեզ համար կարևոր տեղեկատվության հավաքագրում ու ուսումնասիրություն է, և դրանից բխող գործողություններ կատարելը։ Հանդիպումից շատ գոհ ենք, շատ բավարարված ենք։ Բավականին լավ հանդիպում ենք ունեցել։ Սա լավ նախադեպ է։ Ես եղել եմ թե՛ հինգերորդ գումարման խորհրդարանում, թե՛ վեցերորդ գումարման խորհրդարանում. Նախկինում նման ձևաչափ չենք ունեցել»։

Երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդիպել էր Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, առաջիկայում պատրաստվում են լսել նաև ոստիկանապետի պաշտոնակատարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG