Մատչելիության հղումներ

Հայաստանում հռոմեական շրջանի ակվեդուկ է հայտնաբերվել


Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյան, արխիվ։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի փոխանցմամբ, Հայաստանում 25 հնագիտական խումբ է աշխատում։

Դրանցից 15-ը, ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ասատրյանը, համատեղ աշխատանքային խմբեր են, քանի որ Հայաստանը հնագիտության ոլորտում բազմաթիվ երկրների հետ է համագործակցում։ Նա հանգամանալիորեն ներկայացրեց 2019 թվականին գրանցած արդյունքները՝ հավաստիացնելով, որ նախորդ տարիներին մեկնարկած ծրագրերը կշարունակվեն նաև այս տարի։

Անցյալ տարի շատ ուշագրավ հնագիտական հայտնագործություն է տեղի ունեցել Խոր Վիրապի մոտ գտնվող Արտաշատ մայրաքաղաքի տարածքում՝ բացահայտվել է քաղաքի ջրամատակարարման համակարգը. - «Մոտ մեկ կիլոմետր տարածք զբաղեցնող այդ ակվեդուկի հիմքերն ենք բացել։ Հսկայական կառույցներ են, իհարկե հռոմեական շրջանի կառույցներ։ Երևի թե տեսած կլինեք այդ ահռելի ակվեդուկները, որոնք երկար կամուրջների վրայով անցում-գալիս են դեպի քաղաքը՝ ջուր մատակարարելու։ Նման մի համակարգ հիմա գրանցվել է Արտաշատում։ Այսինքն, մեր լեգենդար մայրաքաղաք Արտաշատը այս վերջին 10-15 տարիների պեղումներով, ինչպես այն հասարակական բաղնիքը, այնպես էլ այս ակվեդուկը ցույց են տալիս, որ արքայանիստ, շատ լուրջ քաղաքի հետ գործ ունենք։ Եվ 2020 թվականին մեր առաջին խոշոր խնդիրներից մեկը կլինի շարունակել [այս պեղումները]»։

«Ազատության» հարցին, թե ինչ կարող է ասել Երևանում, Դալմայի այգիներում դեռ ուրարտական ժամանակներից մնացած ջրամատակարարման համակարգի մասին, որը շատերի համոզմամբ, շինարարական աշխատանքների հետևանքով լրջորեն կարող է վնասվել ու արդեն իսկ վնասվել է, Ավետիսյանն արձագանքեց. - «Հողերը սեփականաշնորհված են։ Դալման հուշարձանակիր տարածք չի դիտվում։ Բայց Դալմայում կա ուրարտական շրջանից, Վանի թագավորության շրջանից սկսած ջրամատակարարման համակարգ։ Մինչև մեր ժամանակները գործել է։ Հիմա պահպանվել են լավ կտորներ... կարողանանք այնտեղ բացել, ամրակայել, կարգի բերել և այլն, և օգտագործել տարբեր նպատակներով, նաև՝ զբոսաշրջության։ Մի զգալի մասը արդեն վնասվել է, և հիմա, քանի որ այդ վնասվելուց հետո աղմուկ-աղաղակ բարձրացավ և այլն, ինքս մասնակցել եմ մեկ-երկու խորհրդակցության այդ խնդիրների հետ կապված, և ակնհայտ կար, որ սեփականատերերն իրենք շատ շահագրգռված են։ Ասում են՝ եթե այնտեղ կա հուշարձան, ապա բերեք նաև մեր միջոցներով անգամ խելքի բերենք, ես օգտագործեմ, ասեք ինչ անեմ, ես այդպես էլ անեմ»։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտին, որը կարող է թանգարանի վերածվել, ապա Պավել Ավետիսյանի համոզմամբ, այդ շերտը կարող է բացվել և վերածվել թանգարանի՝ պայմանով, որ այն ոչ մի կերպ չխաթարի հրապարակի ներկայիս տեսքը, քանի որ հրապարակն ինքնին արդեն իսկ պատմամշակութային արժեք է. - «Մենք գործ ունենք Երևան քաղաքի պատմական որոշակի շերտի հետ։ Այդ շերտը բացելու և ճիշտ օգտագործելու հնարավորությունը եթե ունենք, այդ կամքը ունենք, ապա ինչո՞ւ պետք է չանենք։ Այն հրապարակը, որ մենք ունենք, շատ կարևոր պատմամշակութային արժեք է։ Որևէ բան եթե մենք ուզում ենք հրապարակի տարածքում անել, մենք պետք է դա անենք այնպես, որ չխաթարենք այսօրվա հրապարակի որևէ տեսք։ Պիտի գտնենք ձև, որ այնպես աշխատենք, որ դա բացենք, բայց Հանրապետության հրապարակը պիտի չտուժի դրանից որևէ կաթիլ։ Սա մեկ։ Երկրորդը, կարևորագույն տրանսպորտային հանգույց է, այսինքն մենք նորից պիտի այնպես աշխատենք, որ այդ հանգույցը աշխատի։ Որովհետև եթե այդ հանգույցը չաշխատեց, ուղղակի կոլապս է»։

Հայաստանում հնագիտական պեղումներ են իրականացվում գրեթե ամենուրեք, բոլոր շրջաններում, բայց հաճախ հնագիտական արշավախմբերը լուրջ հիմնախնդիրների առջև են կանգնում կապված անկախության առաջին իսկ տարիներից սկսված և այսօր էլ շարունակվող հողերի սեփականաշնորհման հետ։

Պավել Ավետիսյանը ցավով շեշտում էր, որ տնտեսվարողների գործունեության արդյունքում բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ վնասվում կամ ոչնչացվում են։ Հնագիտական արժեք ներկայացնող հուշարձանները վնասվում են նաև քաղաքաշինական ծրագրերի արդյունքում. - «Վնասվում են նաև հուշարձաններ, որոնք դարձել են գանձագողերի թիրախ։ Ամբողջ աշխարհում է այդպես, և մենք բացառություն չենք»։

Ավելին, Ավետիսյանի խոսքով, հուշարձանները հաճախ նաև գերեզմանատեղիների են վերածվում. - «Միայն Արտաշատից որ գնաք դեպի Խոր Վիրապ, ճանապարհին այդ ահռելի մեծ գերեզմանոցները, որը մեկ մարդը հարյուր քառակուսի մետր, երկու հարյուր քառակուսի մետր ցանկապատել է, դարձրել է իր ընտանեկան գերեզմանատեղը, դրանք բոլորը հուշարձանի վրա են։ Ընդ որում, դրանց մի մասը ժամանակին բացված հուշարձանների վրա է կառուցվել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG