Մատչելիության հղումներ

Լոռու մարզպետ. Ալավերդու քաղաքապետը պետք է հրաժարական տա կամ ժողովրդի ճնշման տակ հեռանա


Հատկապես համայնքապետերի հետ կապված դժգոհությունները փորձում եմ անել հրապարակային, որպեսզի նաև հանրությունը տեղյակ լինի, թե մարզում և համայնքներում ինչ խնդիրներ կան, և համայնքների զարգացման ինչ խոչընդոտներ ունենք, «Ազատության» եթերում ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

«Ունենք տասնյակ համայնքներ, որտեղ կան նոր համայնքապետեր կամ նախկին համայնքապետեր, որոնք գործում եմ նոր տրամաբանությամբ, իսկ մեծամասամբ ունենք համայնքապետեր, որոնք գրեթե բոլորն ունեն լեգիտիմության խնդիր, այսինքն՝ ընտրված են ոչ այդքան արդար ձևով, և այսօր հենց իրենց մտածելակերպով և անցյալով հենց իրենք են խոչընդոտ համայնքի զարգացման համար», - նշեց նա՝ հավելելով, որ նրանք մեծամասամբ Հանրապետականի թեկնածուներն են:

Հարցին, թե որն է իր նշած «նոր տրամաբանությունը»՝ այն համայնքապետերը, ովքեր ՀՀԿ-ից դուրս են եկել՝ անդամագրվելով «Քաղաքացիական պայմանագրին» կամ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարն աշխատասենյակում գործող վարչապետի լուսանկարով են փոխարինել, մարզպետն արձագանքեց. - «Չունենք «Քաղպայմանագիր» մտած համայնքապետեր Լոռու մարզում, ինչքան որ ես եմ տեղյակ, և նկարներ չունենք որևէ համայնքապետարանում: Դրանք այն համայնքապետերն են, որոնք իրենց գործունեությունը նախ փորձում են ծավալել օրենքների սահմաններում և հանդես են գալիս համայնքների շահերի տեսակետից և կասկածելի անցյալ չունեն, նաև թեկուզ այն իշխանությունների օրոք ընտրվել են ավելի ազնիվ ձևերով, և այսօր իրենք ունեն այդ վստահությունը, ժողովրդի քվեն ունեն»:

Դիտարկմանը, որ մարզի խոշոր համայնքներից մեկի՝ Ալավերդու մասին ավելի վաղ մարզպետն ասել էր՝ «քաղաքային իշխանության համար ինչքան վատ, այնքան լավ տրամաբանությունն է աշխատում, և քաղաքապետը նախկին պաշտոնյաների ազդեցության տակ է», Անդրեյ Ղուկասյանն ասաց. - «Նախկին պաշտոնյաները, այսպես ասենք, Ալավերդու կլանն իրեն բերել է քաղաքապետի պաշտոնի, և ինքը, ըստ էության, պարտական է այդ կլանին նաև, ինքը չի կարողանում ձերբազատվել այդ ազդեցությունից, տվյալ համայնքապետը չի վայելում ժողովրդի վստահությունը»:

Ճշտմանը՝ նրա պաշտոնանկությանը հասնելու ճանապարհ կա՞, կամ արդյո՞ք դա օրինական կլինի, մարզպետն արձագանքեց. - «Եթե որևէ լուրջ օրինախախտումներ հայտնաբերվեն, կամ այդ ճանապարհով, կամ ժողովրդի ճնշման ազդեցության տակ»:

Հստակեցնելով մարզպետն ասաց, որ կլան ասելով նկատի ունի նախկին քաղաքական թիմի անդամներին՝ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը և այլոց: «Բայց տվյալ համայնքապետն ունի ընտրության հնարավորություն, և պետք է ինքն ընտրի կամ աստիճանաբար ավելի պատվազրկվի ժողովրդի, իր քաղաքացիների աչքից և հետո ոչ այդքան պատվաբեր ձևով հեռանա, կամ պետք է հրաժարական տա, այսինքն՝ այս պահից սկսած փրկելով գոնե իր մնացած հեղինակությունը»:

Ինչ վերաբերում է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, ում ընտրությունը ևս առանց սկանդալների չանցավ, վերջերս էլ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ տարակուսած է, որ այս իշխանությունը շատ հաշտ ու համերաշխ աշխատում է նրա հետ, Անդրեյ Ղուկասյանն ընդգծեց, որ Ասլանյանը ևս լեգիտիմության խնդիր ունի. - «Երբ որ ասեցինք լեգիտիմության խնդիր, հենց Վանաձոր համայնքում դա առկա է, և 2016 թվականին ես ինքս ավագանու թեկնածու էի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, մասնակցել եմ այդ ընտրություններին, այսինքն՝ այնպես չի, որ դիտորդի կարգավիճակում եմ եղել, և այդ ժամանակ այդ բիրտ, կոպիտ ձևով, ինչպես որ ժամանակին արվում էին բոլոր ընտրությունները, Հանրապետական կուսակցությունը օգտագործել է իր վարչական ռեսուրսը շատ մեծ ծավալների: Այդ ձևով է ընտրվել Մամիկոն Ասլանյանը: Խոսակցություններ են նույնպես շրջանառվում, որ Վանաձոր քաղաքի եկող ընտրություններում թեկնածուն կարող է լինել Մամիկոն Ասլանյանը, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ուզում եմ և որպես մարզպետ, և որպես «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության անդամ ասել, որ նման բան բացառված է, և Հանրապետական կուսակցության անդամը և այդ արժեհամակարգը կրողը չի կարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դառնալ կամ առաջադրվել որպես թեկնածու»:

XS
SM
MD
LG