Մատչելիության հղումներ

«Լուսավոր Հայաստան»-ը և «Բարգավաճ Հայաստան»-ը շարունակում են բոյկոտել Վանաձորի ավագանու նիստերը


Ընդդիմությունը բոյկոտում է Վանաձորի ավագանու նիստը, արխիվ

Վանաձորի ավագանու նիստերն արդեն իսկ կայանում են Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ), ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ), ինչպես նաև օրեր առաջ ՀՀԿ-ի հետ համաձայնության եկած «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՀՎԿ) խմբակցությունների 20 անդամների մասնակցությամբ:

«Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) և «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցությունների 13 անդամները դեռ շարունակում են բոյկոտը: Ընդդիմադիրների այս քայլից հանրապետական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հետևյալ եզրահանգման է եկել․ - «Կարելի է մեր գործընկերների քայլերից եզրակացնել, որ իրենց խնդիրը ամենևին էլ Վանաձորի զարգացումը չի կամ Վանաձորի համար աշխատանք տանելը չի, այլ ինչ-ինչ քաղաքական դիվիդենտների համար ինչ-որ անընդհատ լարված մթնոլորտ ստեղծելն է, իսկ դա այս փոքր ու խնդիրներ ունեցող քաղաքին հաստատ որևէ կերպ օգուտ չի բերելու»:

Հիշեցնենք, Սահմանադրական դատարանի որոշումից հետո «Ելք»-ը դիմել էր կառավարությանը՝ պահանջելով դադարեցնել Վանաձորի ավագանու լիազորություններն ու նշանակել արտահերթ ընտրություններ։ Մամիկոն Ասլանյանը, մինչդեռ, իրավական հիմք չի տեսնում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: «Ոչ թե ես բացառում եմ, ուղղակի ես դրա իրավական պատճառաբանությունը և իրավական հիմքը չեմ տեսնում: Իմ բացառելը կամ պատասխաններ տալը միշտ հիմնված է եղել օրենսդրական կարգավորումների վրա, և մինչև էդ էլ ասել եմ, որ ինչպես կորոշի Սահմանադրական դատարանը, այնպես կշարժվենք, ասել եմ՝ ինչպես օրենքն է, այնպես կշարժվենք, հետևաբար՝ ես որևէ կերպ օրենքի առանցքից դուրս չեմ գալիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն էլ հակադարձում է․ - «Վստահ էին նաև, որ իրենց արածները օրինական են, բայց հետո պարզվեց՝ հակասահմանադրական է: Հիմա, տեղի իշխանությունների վստահության հետ կապված մեծ վերապահումներ գոյություն ունեն, էլի, ամեն դեպքում»:

Մեկ շաբաթ առաջ, հիշեցնենք, Հանրապետական և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների տարածքային կառույցների միջև կնքվեց հուշագիր, համաձայն որի, ՀՎԿ խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանը ստանձնեց փոխքաղաքապետի պաշտոնը:

Մարուքյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ կանխատեսում էր, որ նման քաղաքական զարգացումներ կլինեն Վանաձորում:

Մեկ տարի շարունակ ավագանու նիստերը բոյկոտող ԼՀԿ խմբակցության ղեկավարը չմեկնաբանեց Փելեշյանի այն հայտարարությունը, թե ինքն անձամբ ընտրել է Քրիստ Մարուքյանին, բայց միևնույն ժամանակ ընդգծեց, որ իրենց համար արդեն պարզ է, թե մեկ տարի առաջ փակ գաղտնի քվեարկության ժամանակ ովքեր են քվեարկել իշխանության թեկնածուի օգտին:

«Պարզելու բան չկա, որովհետև մեր մի տարվա այս պայքարի արդյունքն էլ նաև էդ բացահայտումն էր, որը տեղի ունեցավ, որը հետաքրքիր է, թե ինչու Սահմանադրական դատարանի վճռից հետո տեղի ունեցավ: Որովհետև եթե պետք է էսպես թե էնպես միանային, կարող էին ավելի շուտ միանային և ավելի շուտ հայտնեին դրա մասին, իրենց դիրքորոշման մասին», - ընդգծեց Մարուքյանը:

Արկադի Փելեշյանը 2016 թվականի ընտրություններից հետո մեղադրվում էր Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին ծեծի ենթարկելու մեջ: Այդ հանգամանքը, սակայն, չի կաշկանդում Մամիկոն Ասլանյանին, որպեսզի նրանք համատեղ ստանձնեն կառավարման պատասխանատվությունը:

«Նախ, էդ մարդը երրորդ ձայներ հավաքած քաղաքական ուժի Վանաձորի կառույցի ղեկավարն է, և, ասենք, մարդիկ իրենց կյանքի մի էտապում կարող են ինչ-որ պատմությունների մեջ ընկնել, որից որևէ մեկը ապահովագրված չի: Մեզ չի կաշկանդում էդ պահը: Բնականաբար, քաղաքապետի տեղակալի պաշտոնում ինքը ավելի պիտի զգաստ լինի, և մենք նաև էդ ուղղությամբ միասին աշխատում ենք, որ որևէ կերպ նման բաներ չլինեն», - նշեց Վանաձորի քաղաքապետը:

Մեկ տարի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած հանրապետական Արտյոմ Գրիգորյանը իր պաշտոնը զիջել է Փելեշյանին: Ասլանյանի խոսքով՝ առաջին հերթին հաշվի են առել քաղաքի շահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG