Մատչելիության հղումներ

Քոչարյանի և նրա նախկին 3 ենթակաների գործով դատական նիստը հետաձգվեց


Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին 3 ենթակաների գործով դատական նիստն այսօր հետաձգվեց: Պատճառը Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայությունն էր:

Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ դատական նիստից անմիջապես առաջ տեղեկանք են ստացել Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանից իր բացակայության մասին: Տեղեկանքում ասված է, որ դատարանի կողմից չի ապահովվում մրցակցության սկզբունքը, պաշտպանական կողմը գտնվում է խիստ անբարենպաստ պայմաններում, խտրական վերաբերմունք է դրսևորվում դատավարության մասնակիցների նկատմամբ, և որ դատավորն անտեսում է նիստի ընթացքում պաշտպանների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու սպառնալիքները:

Դատավորն ասաց, որ պաշտպանության կողմն իրավասու է դիմել համապատասխան մարմիններին, դատարանը գտնում է, որ պաշտպանների նկատմամբ սպառնալիք չի հնչել:

Հաջորդ նիստը կկայանա հունվարի 21-ին՝ ժամը 13:00-ին:

Նախորդ նիստին Ռոբերտ Քոչարյանի թիմը չհասցրեց քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել: Միայն 2008-ին զինված ուժերի շտաբի պետ Սեյրան Օհանյանի և պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովի փաստաբանները ներկայացրին նույնաբովանդակ միջնորդություն՝ պնդելով՝ 2008-ին այն մեղադրանքը, որով մեղադրվում են բարձրաստիճան նախկին պաշտոնյաները, չի եղել:

Մանրամասները՝ այստեղ

XS
SM
MD
LG