Մատչելիության հղումներ

Ռևազյան. Իրանի կամ Իրաքի օդային տարածքներով չթռչելու հայտարարություն չէինք անի, եթե վտանգ չլիներ


Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ասուլիս է տալիս, Երևան, 13-ը հունվարի, 2020թ.

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը վաղվանից կվերսկսի կանոնավոր թռիչքները Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ։ Ավելի վաղ ընկերությունը չեղարկել էր հունվարի 12-ի թռիչքը՝ անվտանգության նկատառումներով: «Արմենիա Էյրվեյզ»-ից հայտնում են՝ շարունակում են չվերթները, քանի որ իրանական կողմից երաշխիքներ են ստացել Իրանի օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման վերաբերյալ:

Չնայած դրան Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր հայտատարեց, որ իրենք հորդորել են ավիաընկերություններին խուսափել Իրան-Իրաք օդային տարածքն օգտագործելուց։ Ռևազյանը պարզաբանել էր՝ իրենք միայն հորդորել են ավիաընկերություններին, որոշումը նրանցն է՝ շարունակել թռիչքները, թե այնուամենայնիվ որոշ ժամանակով դադարեցնել։

«Ի վերջո, ավիաընկերությունն է թռիչքային անվտանգության պատասխանատուն, և ինքն է որոշում կայացնելու՝ մեր ռեկոմենդացիաներին լսելու է, թե ոչ: Մենք տենց հայտարարություն չէինք անի, եթե որևէ վտանգ չլիներ, այսինքն՝ մենք համագործակցում ենք միջազգային կառույցների հետ շատ սերտորեն, և այդ ռեկոմենդացիաները գալիս են միջազգային կառույցներից, որ հիմա չարժե Պարսկաստանի օդային տարածքով թռչել», - ասաց նա:

Իրանի և Իրաքի օդային տարածքներով թռիչքները ժամանակավոր դադարեցրել են միջազգային մի շարք ավիաընկերություններ։ Անցած շաբաթ Իրանի օդային տարածքում ուկրաինական Boeing-737 օդանավն էր կործանվել, զոհվեց 176 մարդ։ Մի քանի օր տևած շարունակական հերքումներից հետո իրանական կողմը հայտարարեց՝ ինքնաթիռն իրենց զինված ուժերն են խոցել, բայց «ոչ միտումնավոր». Իրանի զինված ուժերը հայտնել էին, որ օդանավը սխալմամբ «թշնամական թիրախ» է համարվել։

Ի դեպ, անցած տարեվերջից Եվրահանձնաժողովն ուժեղացված վերահսկողություն է սահմանել Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նկատմամբ։ Պատճառն, ըստ հանձնաժողովի, անվտանգության վերահսկման նվազման նախանշաններն են։ Այսօր արդեն Քաղավիացիայի պատասխանատուն հայտարարեց՝ փետրվարին եվրոպացի մասնագետները ժամանոլու են Երևան՝ ուսումնասիրություններ իրականացնելու համար։

«Մենք ամեն օր պատրաստվում ենք, շատ զբաղված ենք բոլորս, որ այդ աուդիտը շատ լավ անցնի», - ասաց նա, ապա շարունակեց. - «Մասնագետներ ենք ներգրավել, որ այս փորձն ունեն, այսինքն՝ մի հոգու օրինակը կարող եմ բերել, որ ինքը հենց այդ նույն կառույցում շատ տարիներ ղեկավար պաշտոններ է ստանձնել, հոլանդացի է, մեր թիմին է միացել այս մի քանի ամիսը: Ինքը փորձ ունի տարբեր երկրների հետ խնդիրները լուծելու ու հենց քաղավիացիաների հետ է ինքը աշխատել:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ արդեն վաղվանից կմեկնարկեն Ryanair-ի չվերթները դեպի եվրոպական ուղղությամբ. Երևանից վաղը 2 չվերթ է սպասվում՝ մեկը դեպի Հռոմ, մյուսն էլ Միլան։ Քաղավիացիայի կոմիտեի նախագահն ասում է՝ հնարավոր է, սակայն, վաղվա չվացուցակում փոփոխություններ լինեն. Իտալիայում կարգավարները ծրագրում են գործադուլ անել։

«Դա ազդելու է Ryanair-ի վրա, այսինքն՝ դա Ryanair-ի մեղքը չի, դա մեզ հետ էլ որևէ կապ չունի, կարգավարներն այնտեղ որոշել են գործադուլ անել, և այսօր օրվա ընթացքում ավելի պարզ կլինի՝ ինչ է դա նշանակելու Հայաստանի համար», - հայտնեց նա:

Քաղավիացիայի պատասխանուն համոզված է՝ հայաստանյան շուկա մուտք գործած լոուքոսթեր ավիաընկերությունները զբոսաշրջային մեծ հոսք կբերեն մեր երկիր. - «Շատ հաճախ մոռանում ենք շեշտը դնել նրա վրա, որ ինչքան տուրիզմի զարգացման վրա կարա ազդի, որ հիմա Իտալիան է բացվում, ինչքան մեծ հոսք կարա հենց Իտալիայից գա, որովհետև Ryanair-ի նման ավիաընկերությունը չի կենտրոնանում այնքան սփյուռքի վրա, ինչքան կենտրոնանում է կոնկրետ տուրիստի վրա: Դրա համար հուսով ենք, որ շատ մեծ հոսք կգա Հայաստան, և դա կստեղծի հազարավոր աշխատատեղեր, և տնտեսությունը հուսով ենք, որ այս ամեն ինչից կզարգանա, որովհետև երկրի GDP-ն (համախառն ներքին արդյունք- «Ազատություն») շատ է փոխկապված ավիացիայի զարգացման հետ»:

Տաթևիկ Ռևազյանը հորդորում ՝ լոուքոսթերների ծառայություններից օգտվող քաղաքացիներին ուշադիր լինել, մանրամասն կարդալ մատուցվող ծառայությունների մասին տեղեկությունները. - «Եթե հնարավոր էլ լինի 30 եվրոյով տոմս առնել, պետք է անպայման շատ ուշադիր լինել, որովհետև դուք վճարում եք բուն ավիատոմսի համար, այսինքն՝ Ryanair-ի պարագայում դա նշանակում է, որ շատ փոքր բեռ է կարելի վերցնել, բեռ, որը կարող է տեղավորվել աթոռի տակ»:

Ռևազյանը հայտարարեց, որ նոր ուղղությունների համար «օդի հարկ» ասվածը հանելուց հետո դեպի Եվրոպա կանոնավոր չվերթների ուղղությունները 2020-ին 7-ից 17-ի են հասնելու։

XS
SM
MD
LG