Բողոքի ցույցերի արդյունքում նախագահ դարձած Ռաուլ Խաջիմբան բողոքի ցույցերի ճնշմամբ հրաժարական տվեց։ 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Վրաստանից անջատված Աբխազիայում իշխանափոխություն է տեղի ունենում արդեն ավանդույթ դարձած սցենարով՝ նախորդ անգամ Խաջիմբայի առաջնորդած ընդդիմությունն էր հրաժարական պահանջում, այս անգամ նրանից են պահանջել:
Անցյալ շաբաթ Սուխումիում վերսկսված և մի քանի օր շարունակված ընդդիմության ցույցերի ճնշմամբ երկրամասի փաստացի նախագահ Ռաուլ Խաջիմբան ի վերջո լիազորությունները վար դնելու որոշում կայացրեց: «Հանուն երկրում կայունության պահպանման ես հրաժարվում եմ նախագահի լիազորություններից», - հայտարարել է Խաջիմբան, ով, թիմակիցների փոխանցմամբ, մտադիր չէ նաև մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին:
Խաջիմբայի հրաժարականի դիմումը նրա առանձնատան մոտ հավաքված ցուցարարների համար ընթերցեց նախկին արտգործնախարար Սերգեյ Շամբան: Նրա փոխանցած լուրին հավաքված ընդդիմադիրները արձագանքեցին բուռն ծափահարություններով:
Բացի նախագահից, իր պաշտոնին հրաժեշտ է տվել նաև փոխնախագահ Ասլան Բարցիցը:
Մինչև նոր ընտրությունները, որոնք նշանակվել են առաջիկա մարտի 22-ին, նախագահի պարտականությունները, Աբխազիայի Սահմանադրության համաձայն, պետք է կատարի վարչապետը: Այսօր աբխազական խորհրդարանը հաստատեց Խաջիմբայի հրաժարականը և նրան այդ պաշտոնում ժամանակավոր փոխարինող նշանակեց կառավարության ղեկավար Վալերի Բգանբային:
Խաջիմբայի հրաժարականը տեղի ունեցավ նրա և աբխազական ընդդիմադիր ուժերի առաջնորդների մի շարք հանդիպումներից հետո, այդ գործընթացը, ըստ տեղից ստացվող լուրերի, համակարգում էին Մոսկվայից ժամանած Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովն ու Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը: Ռուսաստանը մեկն է այն սակավաթիվ երկրներից, որոնք ճանաչել են Աբխազիան որպես անկախ պետություն:
Դեռևս անցած սեպտեմբերին ընդդիմությունը կասկած տակ էր դրել երկրորդ ժամկետը պաշտոնավարող Խաջիմբայի հաղթանակը ընտրություններում, որոնց արդյունքներով նա մրցակցից` ընդդիմությանը ներկայումս առաջնորդող Ալխաս Կվիցինիայից առաջ էր անցել ընդամենը 1 տոկոսով:
Անցյալ շաբաթ ընդդիմության աջակիցները հրաժարականի պահանջով մտան նախագահի նստավայր՝ ջարդելով շենքի ապակիները, առգրավելով նախագահականի զինանոցը: Օրենսդիր մարմինն էլ հատուկ փաստաթուղթ ընդունեց՝ նախագահի հրաժարականի պահանջով: Այս լարվածության ֆոնին երկրամասի Գերագույն դատարանը չեղարկեց սեպտեմբերյան քվեարկության արդյունքները, և նոր ընտրություններ նշանակվեցին մարտի 22-ին։
Ռաուլ Խաջիմբան 61 տարեկան է, Աբխազիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից, իսկ մինչ այդ շուրջ 10 տարի գտնվում էր ընդդիմադիր դաշտում, երբ երկիրը ղեկավարում էին Վլադիսլավ Արձինբան, այնուհետև՝ Սերգեյ Բագապշը. երկուսն էլ մահացել են պաշտոնավարման ընթացքում հիվանդության հետևանքով:
2014 թվականի մայիսին, երբ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ալեքսանդր Անկվաբը, Խաջիմբայի առաջնորդած ընդդիմությունն արդեն անցավ գործուն քայլերի: «Աբխազական մայդան» անվանումը ստացած այդ իրադարձությունները կիզակետին հասան, երբ Խաջիմբայի կողմնակիցները մի քանի ժամ տևած հանրահավաքից հետո գրավեցին նախագահական նստավայրը՝ ճիշտ նույն սցենարով, ինչպես անցյալ շաբաթ՝ ջարդելով շենքի դռներն ու ապակիները: Այդ ժամանակ էլ, ի դեպ, աբխազական ճգնաժամի հանգուցալուծման գործն իր ուսերին էր վերցրել պաշտոնական Մոսկվան՝ Սուխումի ուղարկելով Սուրկովին ու Նուրգալիևին: