Մատչելիության հղումներ

Երեկ երեկոյան և գիշերը ձյուն է տեղացել, Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Երեկ երեկոյան ժամերին և այս գիշեր Հայաստանի շրջանների զգալի մասում ձյուն է տեղացել, այսօր ցերեկը ձյուն է սպասվում Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում երեկ ուշ երեկոյան և գիշերը ձյուն է տեղացել, այսօր ցերեկը, հունվարի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Տաշիր-Գյումրի ավտոճանապարհը փակ է:

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում և Սյունիքի մարզում ձյուն է տեղում:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG