Մատչելիության հղումներ

Գյումրիի «Թռչունյան» խնամքի կենտրոնը լուծարվում է


Գյումրիի «Թռչունյան» խնամքի կենտրոնը 17 տարի գործելուց հետո լուծարվում է, իսկ կենտրոնի 81 սաները կամ վերադառնում են ընտանիք, կամ խնամքի այլ հաստատություններ:

Այսպիսին որոշման են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, Մայր Աթոռում, ում ենթակայության տակ է գործում կենտրոնը, ու Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովում:

Մինչ Մայր Աթոռին փոխանցելը «Թռչունյան» խնամքի կենտրոնը ամերիկահայ բարերարներն են հանգանակություններով ֆինանսավորել: Հունիսից ամերիկահայ բարերար Հերման Հինթիրյանը տեղեկացրել էր, որ դադարեցնում են ֆինանսավորումը՝ բարեգործական այլ ծրագրեր իրականացնելու նպատակով:

Մի քանի ամիս շարունակ Մայր Աթոռը փորձում էր բարերարների գտնել, որ հաստատությունը չփակվի, սակայն այդպես էլ չգտնվեց, ու կենտրոնը լուծարելու որոշմամբ սոցապ նախարարության, Մայր Աթոռի ներկայացուցիչներն ու Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամները եկել էին կենտրոն՝ աշխատակիցների և խնամվող երեխաների ծնողների հետ հանդիպման, ասելու, որ կենտրոնը փակվում է:

Ծնողների մի մասը դժգոհ էր, որ միայն նպաստով չեն կարող երեխային պահել առանց աշխատանքի, ոմանք էլ պատրաստ են երեխաների ընտանիք վերադարձին, եթե պետությունը ընտանիքների սոցիալական բեռը թեթևացնի:

«Բոլոր ծնողներն էլ շատ ուրախ կլինեն, որ, օրինակ, հիմա ստեղ առաջարկեցին աշխատանքով ով ում ինչ ձևի կարողանան ապահովել, եթե ծնողն ունենա աշխատանք, եթե ծնողն ունենա ինչ-որ որոշակի ֆինանսավորում, պարզ բան է՝ բոլորն էլ, 90 տոկոս, եթե ոչ բոլորը, հեչ մի ծնող էլ չի ուզենա, որ իրա էրեխեն ցերեկը գա դպրոց, գիշերը իրա մոտ մնա կամ մենակ շաբաթ-կիրակի», - ասաց ծնողներից մեկը։

Երեխաների մի մասը կտեղափոխվի Գյումրիում առայժմ միակ խնամքի կենտրոն, որը հուլիսին կփակվի: Երեխաների համար նաև խնամատար ընտանիքներ են փնտրում:

Կենտրոնի տնօրեն Սոնյա Սիմոնյանն ասում է՝ կենտրոնում կան երեխաներ, որոնց վերադարձը ընտանիք ռիսկային է:

«Խոցելի խումբ ունենք, ինչքան էլ ես հիմա կոնկրետ չեմ ասում, թե քանիսը կմնա, բայց ամենաքիչ, ամենալավագույն դեպքում մոտ 30 երեխաներ կարիք ունեն շուրջօրյա խնամքի։ Կան ընտանիքներ, որտեղ իրոք հնարավոր չէ երեխա վերադարձնել։ Այս երեխաների ճակատագիրը նաև հետագայում էլ է շատ անորոշ, քանի որ հուլիս ամսից փակվում է նաև նմանատիպ գիշերօթիկ հաստատություն Գյումրիում, երեխաները որտե՞ղ պետք է ապրեն, եթե կենսաբանական ընտանիքում չեն կարող, խնամատար ընտանիքներ չգտնվեն, ես մտահոգված եմ այդ երեխաների ճակատագրով», - ասաց կենտրոնի տնօրենը։

Վեց ամիս առանց ֆինանսավորման գործելու արդյունքում մոտ 20 միլիոն դրամի պարտք է կուտակվել: Մանկավարժները 6 ամիս է աշխատավարձ չեն ստացել:

«Երեխաների հարցը մենք անընդհատ բարձրաձայնեցինք, խոսեցինք-խոսեցինք, բայց մենք՝ մանկավարժներս մոռացանք մեզ, իսկ մեզ ո՞վ է հիշելու, հարգելիներս։ Վեց ամիս ուսուցիչները աշխատել են առանց վճարի, ոչ մի ծնող մի անգամ չկանգնեց կողքերս ասելու, որ «հարգելի բարերարներ, հարգենք մեր ուսուցիչներին»։ Եկած գումարները տրամադրվել են երեխաներին, սնունդ է՝ բարեգործները բերել են։ Մենք դարձել ենք հեռուստաէկրանի աստղեր, որովհետև եկողները միկրոֆոնը պահում են մեզ՝ խոսում ենք երեխաների մասին՝ երեխաները մեղք են», - նշեց ուսուցիչներից մեկը։

Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակի տնօրեն տեր Մարկոս քահանա Մանգասարյանն ընդգծեց, որ իրենց համար լիովին ընդունելի է կառավարության որդեգրած քաղաքականությունը, որ երեխան պետք է ընտանիքում մեծանա:

«Շատ դժվար է գտնել մարդկանց, ովքեր կհամաձայնեն պարզապես մեկ տարվա համար վճարել հարյուր հազարավոր դոլարներ և հետո կանգնել փաստի առաջ, շարունակականության խնդիր կա ֆինանսավորման, որ բավական բարդ է, և պետական քաղաքականությունը, որին մենք համաձայն ենք, որին մենք կողմ ենք, որովհետև չկա ավելի լավ միջավայր, քան ընտանիքում։ Ամենավատ ընտանիքն անգամ մի քանի անգամ նախընտրելի է, քան որևէ գիշերօթիկ հաստատություն։ Անշուշտ էստեղ լավ աշխատանք արվել է, ոչ ոք չի մերժում դա», - ասաց Մանգասարյանը։

Երեխաների վերադարձը դեպի ընտանիք ծրագրով կառավարությունը նախատեսում է սոցիալական աջակցություն տրամադրել տվյալ ընտանիքին՝ գնահատելով ընտանիքի կարիքները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ից Գյումրիում ևս մեկ գիշերօթիկ դպրոց փակվեց, հուլիսին էլ կփակվի մյուսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG