Մատչելիության հղումներ

Երեխաների վերադարձը ընտանիք. Գյումրիում երկու գիշերօթիկ հաստատություն կփակվի


Գյումրի համայնապատկեր, արխիվ
Գյումրի համայնապատկեր, արխիվ

Երեխաների վերադարձը ընտանիք․ այս մոդելն է առաջարկում սոցապնախարարությունը՝ լուծարելով գիշերօթիկ հաստատությունները: Գյումրիում երկու նման հաստատություն կփակվի, որտեղ 131 երեխա է հաճախում: Սակայն ծրագրի իրականացումը խնդրի առաջ է կանգնել՝ 72 երեխա չի կարող վերադառնալ տուն, քանի որ նրանց ընտանիքները ռիսկային են համարվում, երեխան ընտանիքում պաշտպանված չի լինի:

«Ազատության» հարցին, խոսքը ի՞նչ ռիսկերի մասին է, Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց ու երեխաների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը պատասխանեց. «Ամենավատ խնդիրն այն է, երբ ծնող-երեխա կապ չկա, չկա սեր, չկա պատասխանատվություն և իրավունքի իրացում ծնողի կողմից: Չնայած ցավով պիտի ասեմ, որ երեխաները էդ ծնողներին ձգվում են, իրենք կարոտում են իրենց ծնողներին, իրենք ուզում են, որ լինեն իրենց ծնողների հետ, դրա համար է պետությունը մշակում այս քաղաքականությունը, որ երեխայի ուզենալը իր ծնողի հետ, էդ ոչ մի իրավունք չիրացնող, ոչ մի պարտականություն չիրացնող ծնողի հետ երեխան լինի նույն հարկի տակ, բայց ծնողի հետ տարվի աշխատանք նոր լինի։ Էդ սպասումը, ինչքան ուզում է մենք երեխային հաստատություններում լավ պահենք, բայց երեխան էլի աչքը դռանն է, որ ծնողը, երբ պիտի գա իրեն տեսնի։ Երբ որ մյուսի մայրը գալիս է հաճախակի, բայց իրենը չի գալիս, ինքը դրանից էլ է ստրես տանում։ Եթե հոգեբանական տեսանկյունից նայենք, հուզական տեսանկյունից նայենք, մեր էրեխեքը դրանից էլ են խոցվում։ Սա անտեսելը ամենասխալ բանն է։ Պետք է աշխատանք տանել, որ ծնողը գիտակցի, հասկանա, երեխան վերամիավորվի իր ընտանիքի հետ»։

Հարցին, այդ խմբի մեջ մտնո՞ւմ է այն խմբերը, որ ծնողները իրենց երեխաների դրդեն, որ գնան աշխատեն, Գրիգորյանը պատասխանեց. «Այո, ունենք նաև նման ընտանիքներ, ունենք բարդ ընտանիքներ։ Ունենք և բնականաբար բոլոր տարբերակների հետ էլ պետք է աշխատանքները հստակ տարվեն»։

Նախարարության հետ քննարկելուց հետո որոշվել է, որ այդ երեխաներն առայժմ հաճախելու են գիշերօթիկներ, մինչև մասնագետները պարզեն՝ արդյո՞ք կարող են այդ ռիսկային ընտանիքներին վստահել երեխաներին:

«Սեպտեմբերի 1-ից այդ բարդ ընտանիքի երեխաները կգնան գիշերային բաղադրիչով հաստատություն, որպեսզի չլինի հանկարծ, որ նրանք մեկ օր նույնիսկ չստանան սնունդ, լինեն հանրակրթությունից դուրս մնացած, բայց գնալուն հետ զուգահեռ արդեն մենք հաջորդ շաբաթվանից կունենանք ժամանակացույցը աշխատանքային հստակ պարբերականությամբ և գնալուն զուգահեռ երեխաների և իրենց ընտանիքների հետ կսկսվեն աշխատանքները», - նշեց Լիլիթ Գրիգորյանը։

Սոցիալական գործոնը համարվում է նվազ ռիսկային, քանի որ այս ծրագրով պետությունը ընտանիքին աջակցելու է, որ ֆինանսական խնդիրների պատճառով երեխան ծնողական խնամքից չզրկվի: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Քալանթարյանը հավելեց, որ կստեղծվեն ճգնաժամային կենտրոններ:

«Ազատության» հարցին, թե այս դեպքում մի կառույցը մյուսով փոխարինելու իմաստը ո՞րն է, Քալանթարյանը արձագանքեց. «Ճգնաժամային կենտրոնը ստեղծվելու է ոչ թե որպեսզի երեխայի խնամքը կազմակերպի, այլ ճգնաժամային իրավիճակներում երեխային անհապաղ աջակցություն ցուցաբերի և տեղավորի: Երբեմն լինում են դեպքեր, որ հայտնվում է երեխան, օրինակ, փողոցում կամ մոր հետ երեխան հայտնվում է փողոցում, երեխան բռնության է ենթարկվել և անմիջական աջակցություն է անհրաժեշտ, այս դեպքում ճգնաժամային աջակցության կենտրոնում համապատասխան ապաստարանի հնարավորություն նաև կունենա երեխան և համապատասխան ծառայություն կստանա երեխան նաև ուղեկցողի հետ։ Այո, կարճաժամկետ խնամք կստանա վեց ամիս ժամկետով, մաքսիմալ է նախատեսվում դա»։

Եթե, այնուամենայնիվ, ծնողների հետ տարված աշխատանքի արդյունքում ծնողը չի ընդունի երեխային այս դեպքում գործելու է խնամատարության ինստիտուտը: Խնամատար ընտանիքին ևս պետությունը կաջակցի արդեն ֆինանսապես:

«132-140-ի շեմին է և յուրաքանչյուր երկրորդ երեխայի դեպքում ևս ծնողը ֆինանսավորվում է 100 տոկոսով ամեն ամիս մինչև երեխայի 18 տարին լրանալը», - ասաց Քալանթարյանը։

Մի քանի այլ մեխանիզմներ էլ են ներդրվելու հաշվի առնելով տարբեր հանգամանքներ ասենք ծնողների բացակայությունը երկրից: Պատասխանատուները վստահեցնում են, որ ծրագրի հիմքում դրված է երեխայի շահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG