Մատչելիության հղումներ

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել միկրոբիզնեսը հարկերից ազատելու համակարգը


Հունվարի 1-ից Հարկային օրենսգրքում ուժի մեջ մտած փոփոխություններով սկսում է գործել միկրոձեռնարկատիրություն հասկացությունը: Կառավարության նիստում այս մասին հայտարարեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միկրոբիզնեսն ազատել ենք հարկերից», - ասաց վարչապետը։

Հարկային արտոնություններ ենթադրող այս համակարգն իր մեջ է միավորում 24 միլիոն դրամից պակաս շրջանառություն ունեցող այն անհատներին և ձեռնարկություններին, որ հիմնականում կամ ինչ-որ բան են արտադրում, կամ ծառայություն մատուցում:

Ծառայությունների դեպքում արտոնություններից չեն օգտվի հիմնականում բժշկական, տրանսպորտային, ֆինանսական, փորձագիտական, խորհրդատվական բնույթ ունեցողները:

Առևտրի, հանրային սննդի ոլորտները Երևանում արտոնություն չեն ունենա, սակայն մարզերում նրանց այդ հնարավորությունը կտրվի, պարզաբանում է Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Հրաչյա Մուրադյանը:

«Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս կարող են, բայց եթե այդ գործունեությունը չեն իրականացնում առևտրի կենտրոններում, առևտրի իրականացման վայրերում՝ տոնավաճառներում։ Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի գործունեություն իրականացնողները նույնպես չեն կարող լինել միկրոձեռնարկատիրության համակարգում, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս հնարավորություն ունեն», - նշեց Մուրադյանը։

Նախկինում փոքր շրջանառություն ունեցողների մի մասը այս կամ այն կերպ օգտվում էր հարկային արտոնություններից, սակայն ներառված էր երեք տարբեր խմբերում՝ ինքնազբաղվածներ, ընտանեկան բիզնես ունեցողներ և արտոնագրով աշխատողներ: Հունվարից Հարկային օրենսգրքում այս երեք հասկացություններն արդեն գոյություն չունեն, բայց այդ խմբերի արտոնությունները մի քանի բացառություններով հիմնականում պահպանվել են, իսկ որոշ դեպքերում՝ ընդլայնվել։

Հիմա անդրադառնանք այս խմբերից յուրաքանչյուրին՝ ի՞նչ կփոխվի նրանց համար: Տարեկան մինչև 24 միլիոն դրամի շրջանառություն ունեցող ինքնազբաղվածների համար ոչինչ չի փոխվի: Նրանք են, օրինակ, արհեստավորները, տարբեր դասընթացներ վարողները, հանդիսավարները, ստեղծագործողները և հյուրատուն ունեցողները:

Ընտանեկան բիզնես ունեցողները կարող են ներգրավել վարձու աշխատողներ

Ընտանեկան բիզնես ունեցողները՝ նախկինում մի շարք սահմանափակումներ ունեին, որպեսզի աշխատեին հարկային արտոնյալ ռեժիմում՝ բոլոր աշխատողները պետք է լինեին մեկ ընտանիքի անդամ, և նրանց շրջանառությունը չպետք է գերազանցեր 18 միլիոն դրամը:

Հունվարի 1-ից արդեն ընտանեկան բիզնես վարողները կարող են ներգրավել վարձու աշխատողներ, որոնց հետ ազգակցական կապ չունեն: Շրջանառության շեմն էլ բարձրացել է՝ 18 միլիոնի փոխարեն չպետք է գերազանցի 24 միլիոնը: Հարկերից նրանք պետք է վճարեն միայն իրենց աշխատողների համար եկամտահարկ՝ ֆիքսված 5000 դրամ անկախ աշխատավարձի չափից, սոցվճարը և դրոշմանիշային 1000 դրամները պահպանվում են:

Ռոզա Կաճեթցին արդեն երկու տարի է ընտանեկան բիզնես է գրանցել, մարզերից մեկում ընտանիքով խոտաբույսեր էին հավաքում, նա այսօր դիմեց միկրոձեռնարկատեր դառնալու համար և կշարունակի օգտվել արտոնություններից:

«Զբաղվում եմ «Շաղափ թեյի» արտադրությամբ, Խոսրովի անտառի թեյաբույսերն ենք հավաքում, այժմ սկսել ենք արդեն գրանցումը, քանի որ 2020 թվականից արդեն ընտանեկան բիզնես հասկացությունը որպես այդպիսին վերացել է, այժմ միայն միկրոձեռնարկատիրությունն է, և այսօր գրանցվելով կսկսենք գործունեությունը հենց այս ոլորտում», - ասաց Ռոզա Կաճեթցին։

Հունվարից արտոնագրային հարկը ևս վերացվում է

Ինչ վերաբերում է արտոնագրային վճարով աշխատողներին, ապա հունվարից արտոնագրային հարկը ևս վերացվում է:

24 միլիոն դրամից պակաս շրջանառություն ունեցողները, որ ընդգրկված չեն օրենքում նշված բացառությունների ցանկում, ամենաշատն են շահում այս փոփոխություններից. նրանք կվճարեն անհամեմատ ավելի քիչ հարկ, քան նախկինում էր։ Նախ՝ նրանք այլևս չեն վճարի արտոնագրային վճարը, իրենց աշխատողների համար կվճարեն ոչ թե 23 տոկոս եկամտահարկ, այլ միայն ֆիքսված 5000 դրամ` անկախ աշխատավարձի չափից, սոցվճարները և 1000 դրամները պահպանվում են:

Արտոնություն ունեցողների ցանկում են հայտնվում նաև Հայաստանում շատ տարածված գեղեցկության սրահները և ավտոտեխսպասարկման կենտրոնները:

Մոտավորապես որքան կկրճատվի նրանց հարկային բեռը` գեղեցկության սրահի օրինակի վրա հաշվել է «Օրբելի» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ Մանե Միքայելյանը:

«Եթե դիտարկենք պայմանական, օրինակ, 100 հազար դրամ եթե աշխատավարձ էր վճարում վարսավիրանոցը աշխատողին, ստացվում է, որ 23 տոկոս, այսինքն՝ 23 հազար դրամ եկամտային հարկ էր վճարում, հիմա վճարելու է 5000 դրամ ու գումարած 23 հազար դրամին վճարում էր նաև 15 հազար դրամ, այսինքն՝ մեկ աշխատողի համար տվյալ վարսավիրանոցը վճարում էր 38 հազար դրամ, այս պարագայում վճարելու է 5000 դրամ։ Այսինքն՝ 38 հազար դրամը փոխարինվում է 5000 դրամով, սակայն նա վճարում է նույն ձևով սոցվճարները և դրոշմանիշային վճարը, տվյալ դեպքում գրեթե 7 անգամ նվազեցվում է», - նշեց փորձագետը։

Միկրոձեռնարկատերերը իրենց ծառայությանը զուգահեռ չեն կարող առևտրով զբաղվել

Այստեղ կա մի նրբություն` միկրոձեռնարկատերերը իրենց ծառայությանը զուգահեռ չեն կարող նաև ինչ-որ բան վաճառել. օրինակ՝ և՛ մազ հարդարել, և՛ մազի խնամքի պարագաներ վաճառել, կամ և՛ ավտոմեքենա վերանորոգել, և՛ անվադողերի վաճառք իրականացնել: Նույն կերպ նաև, եթե Երևանում հացի և խմորեղենի փուռը տեղում սրճարան ունենա, այս դեպքում արդեն նրա գործունեությունը չի ընդգրկվի արտոնությունների ցանկում: Սեփական արտադրանքի իրացումը, սակայն, առևտուր չի համարվում և արտոնությունների դաշտում է։

«Միկրոձեռնարկատիրության սուբյեկտում մենք սահմանափակումները կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի մասով դրել ենք միայն առուվաճառքի գործունեության մասով, այդ սահմանափակումները ամբողջ հանրապետությունով։ Այսինքն՝ նպատակ է ունեցել այս սահմանափակումով օրենսդիրը ֆիքսել հետևյալը, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտը միջնորդ օղակ չլինի մյուսներին։ Երբ որ ես արտադրում եմ որևիցե մի բան ու վաճառում եմ, ենթադրենք, սեղան, արտադրում եմ ու վաճառում եմ, իմ գործունեության տեսակն արտադրությունն է ու առուվաճառքը, հետևաբար ես Երևանում կարող եմ այս սեղանն արտադրել և վաճառել, ես չեմ կարող Երևանում սեղան ձեռք բերել և վաճառել։ Էդ գործունեության տեսակն իմ համար առևտուր չի, դա արտադրություն է։ Սենց օրինակ բերեմ` ենթադրենք թե ես հաց եմ թխում, հաց թխելն արտադրության պրոցես է, ու չնայած, որ էդ հացը վաճառելու եմ, դա միևնույն է առևտուր չի։ Մենք սահմանափակումը որ դրել ենք, օրենսգրքում եթե տեսնեք, բառացի գրած է առուվաճառքի գործունեություն», - ասաց ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետը։

Ըստ Ֆիննախի հաշվարկի, պետբյուջեն այս փոփոխությունների հետևանքով կկրի 27,5 մլրդ դրամի կորուստ

Ֆինանսների նախարարության հաշվարկի համաձայն, պետական բյուջեն այս փոփոխությունների արդյունքում կկրի 27,5 միլիարդ դրամի կորուստ:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Փայլակ Թադևոսյանն ասում է՝ իր համար այս արտոնությունների տրամաբանությունը հասկանալի չէ:

«Սուբյեկտների շրջանակին արտոնություն եթե տրվում է, դա պետք է լինի բացատրելի՝ որևէ նպատակ հետապնդելով, և լինի ժամկետային։ Այս առումով չեմ կարծում՝ այն գործունեության տեսակների համար, որով, օրինակ, ընկնում են հարկ չվճարելու այս արտոնյալ ռեժիմի տակ էդ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների, որ դրանք շատ կարևոր են Հայաստանի զարգացման համար։ Ընդհանուր տնտեսական վիճակի աշխուժացման համար կարևոր են, բայց եկեք մտածենք, օրինակ, միգուցե կառավարությունն ավելի ուրիշ քայլեր մտածեր այդ հնարավոր աշխուժացման համար», - ընդգծեց Փայլակ Թադևոսյանը։

Միկրոձեռնարկատիրություն համարվելու համար անհատներն, անհատ ձեռներեցներն ու առևտրային կազմակերպությունները պետք է մինչև փետրվարի 20-ը հայտարարություն լրացնեն, որ տեղադրված է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG