Մատչելիության հղումներ

Վարչապետ. Բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու


2020 թվականը մեզ համար պետք է դառնա ռազմավարական խնդիրների լուծմամբ ավելի շատ զբաղվելու ժամանակաշրջան, այսօր կառավարության այս տարվա առաջին նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է՝ կարծում է՝ 2019 թվականը իսկապես հաջողված տարի էր, և 2018-2019 թվականների ընթացքում, ըստ էության, հաջողվել է լուծել օրակարգի կարճաժամկետ բոլոր խնդիրները. - «Ես կարծում եմ նաև, որ 2020 թվականը բավական լավ ենք սկսել, և այն նոր կամ նորացված հայեցակարգը, որը մենք առաջարկեցինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ըստ էության, արդարացրեց իրեն, և ամանորյա օրերին և ընդհուպ մինչև հիմա զբոսաշրջիկները տեսանելի էին Երևանի փողոցներում և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում: Իհարկե, թվերը դեռ ամփոփված չեն, բայց առնվազն վիզուալ պատկերն այդպիսին է, և պետք է արձանագրել, որ դրանում ոչ ամենևին երկրորդական նշանակություն ունեցան այն որոշումները, որ մենք կայացրեցինք Հանրապետության հրապարակում ամանորյա տոնակատարությունների հետ կապված: Եվ ես կարծում եմ, որ նաև 2018-2019 թվականների փորձը հաշվի առնելով, և այն, որ, ըստ էության, մեզ համար ցայտնոտային ժամանակներն ավարտվել են, մյուս տարվա ամանորյա միջոցառումների պլանավորումը պետք է հենց այսօրվանից սկսել»:

Վարչապետը հայտնել է նաև, որ այս տարի պլանավորում են յարխուշտայի փառատոն սկսել:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև երկրում տուրիզմի զարգացման հարցին և նշել, որ 2020 թվականն զբոսաշրջային առումով լինելու է ավելի լավ տարի, ինչի համար կան հստակ ազդակներ. - «Մենք բոլորս սպասում ենք, որ 2020 թվականը զբոսաշրջային առումով ավելի լավ տարի է լինելու, և դրա համար կան կոնկրետ ազդակներ՝ դրա մասին մտածելու: Շուտով կսկսվեն բյուջետային ավիաընկերությունների չվերթները Հայաստանի Հանրապետություն, մյուս շաբաթ արդեն «Ryanair» ընկերությունն առաջին չվերթը կիրականացնի, և այդ պրոցեսը շարունակական է: Միջազգային մամուլում, ամենահեղինակավոր լրատվամիջոցներում հայտնվում են տեղեկատվություններ, որոնք իրենց ընթերցողներին, լսարանին խորհուրդ են տալիս Հայաստանն ընտրել որպես 2020 թվականի հիմնական զբոսաշրջային ուղղություն: Այս ամեն ինչը շատ լավ է, բայց ես ուզում եմ ընդգծել, որ մենք այս ոլորտում շատ անելիքներ ունենք՝ մասնավորապես, մեր երկրում սպասարկման մակարդակը բարձրացնելու և սպասարկման որակի հարցը լուծելու առումով», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է մշակել ծրագրեր՝ զբոսաշրջիկների հետ առնչվող բոլոր օղակներում շփման որոշակի մշակույթ սերմանելու և այն սովորական երևույթ դարձնելու ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ արդեն թռիչքների երկու ուղղություն իրականացվելու է Գյումրի: «Նույնպես օդանավակայանի տարածքից այլ տարածքներ զբոսաշրջիկների տեղափոխման քաղաքակրթական բովանդակության մասին պետք է շատ լուրջ մտածել, և Երևանում: Եվ ընդհանրապես, այն տեսարանները, որոնք դեռ շարունակում են, ցավոք Հայաստանի օդանավակայաններում շատ հաճախ կարելի է հանդիպել, երբ օդանավակայանի անցագրային և մաքսային տարածքից դուրս եկող մարդիկ ենթարկվում են խմբակային հարձակումների տարբեր ծառայություններ առաջարկողների կողմից»:

Վարչապետը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել թվարկած խնդիրների լուծման առումով:

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հանրապետության տարբեր օբյեկտների սանհանգույցների խնդրին: «Տեսնում ես՝ որևէ տեղ բացված է 5-հարկանի ռեստորան, որտեղ աթոռները ոսկեջրած են և այլն, բայց երբ զուգարանի դուռը բացում, ներս ես մտնում, քեզ թվում է, թե, ասենք, աղետյալ ինչ-որ մի շրջանում ես գտնվում: Մարդիկ 100 հազար դոլար են ներդնում ինչ-որ մի շենք կառուցելու համար, ու հետո հասկանում ես, որ ալարել են 200 դոլար ներդնեն, որ այդ տարածքը սանհանգույց ունենա՝ ոչ միայն մաքուր լինելու առումով, այլև քաղաքաշինության առումով: Ընդ որում այդտեղ էլ պետք է ստանդարտներ ունենանք: Այսինքն՝ մենք պետք է մարդկանց հստակ ասենք՝ չի կարելի 500 հազար դոլարանոց շինություն կառուցել, ռեստորան կառուցել և ենթադրենք ալարել 50 դոլար ավելի ծախսել պատշաճ սանհանգույց ունենալու համար: Դա իսկապես քաղաքակրթական խնդիր է; Այս հարցը ոչ միայն սանիտարական, այլև քաղաքաշինական նորմերի հարց է», - ասել է գործադիրի ղեկավարը:

Անդրադառնալով մարդկանց կյանքը փոխելու, լավ ապրելու և աղքատությունը հաղթահարելու միջոցներին՝ վարչապետը նշել է. «Բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու, այդ մարդն առնվազն պետք է բռնի կառավարության մեկնած ձեռքը և օգնի կառավարությանն օգնել իրեն, առնվազն վեր կենալ բազմոցից: Երկարաժամկետ առումով լավ ապրելու բանաձևը կրթությունն է, երկարաժամկետ առումով հնարավոր չէ առանց կրթության, առանց հմտության լավ ապրել և այս բոլոր հնարավորություններից օգտվել: Ուզում եմ կրկին ընդգծել, որ կրթություն ասելով նկատի ունեմ ոչ միայն նախնական կրթությունը, ոչ միայն բարձրագույն կամ հետբուհական կրթությունը, այլև ամենօրյա կրթությունը, որովհետև մարդն իր ողջ կյանքի ընթացքում կրթական պրոցեսի մեջ է: Այն մարդուն, որը որևէ ժամանակով իրեն կրթական պրոցեսից դուրս մղեց՝ սպասում է ձախողում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG