Մատչելիության հղումներ

Կառավարությունը ցանկանում է վերականգնել Հանրապետության հրապարակի տակ գտնվող շինությունները


Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆրինա Բաբայանը ցույց տվեց Հանրապետության հրապարակի շատրվանի հարևանությամբ գտնվող տարածքը, որտեղ Հին Երևանի շենքերի ներքնահարկերն են պահպանվել՝ հողի հաստ շերտով պատված։

Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեի 17-րդ դարավերջին հեղինակած Երևանի համայնապատկերում երկհարկ ու անգամ եռահարկ շենքեր են, որոնք, ըստ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատողի, նույն այն շինություններն են, որոնց մի մասի նկուղային հարկերն առայսօր էլ պահպանվում են հենց Հանրապետության հրապարակի տակ։ Այդ շենքերը նման են մինչ այս պահը Կոնդում կանգուն աղյուսաշեն տներին։ Դրանց նման շինություններ կային նաև Բուզանդի փողոցի տարածքում. դրանցից մի քանիսը հիմա կիսաքանդ վիճակում են։

«1679 թվականի երկրաշարժից քանդված սեփական մենատներն են, որոնք քանդվել են վերևի հարկերը, երկու հարկանի են դրանք եղել, մնացել է դա հողի տակ, և Մարկ Գրիգորյանը ճարտարապետ, երբ որ ասֆալտապատման մասին էր խոսում, ինքը գրել է իր գրքում՝ «անընդհատ ասֆալտապատում էինք, բայց փոսորակներ էին առաջանում», որովհետև դրանք էդ շինությունների փոսորակներն են եղել, որ նույնիսկ գլխի չեն ընկել», - ասաց Բաբայանը։

Որ միջնադարյան Երևանից պահպանված շինություններ կան Հրապարակի տակ, Հնագիտության և ազգագրության ինստիուտի գիտաշխատողները բացահայտեցին 2003 թվականին, երբ Հանրապետության հրապարակում շինարարություն էր իրականացվում։ Նույն ինստիտուտի գիտաշխատող Ֆրինա Բաբայանը հիշում է՝ անսպասելի էր իրենց համար այդ բացահայտումը։

«Բացեցինք, զարմացանք, քարացանք ճարտարապետական էդ հնարանքի վրա, ինչպիսին՝ երևանյան տուֆով, սև ու կարմիրով ներդաշնակ էդ շինությունները, մտածեցինք, որ դա պետք է պահպանել ապակու տակ, բայց հրաժարվեց կառավարությունը և որոշեցին, որ պետք է դա ծածկվի հետագա սերունդների համար», - նշեց գիտաշխատողը։

Հիմա նոր կառավարությունը ոչ միայն հետագա, այլ նաև ներկայիս սերունդներին ու զբոսաշրջիկներին ցանկանում է ներկայացնել Երևանի միջնադարյան ճարտարապետական անցյալը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասում է՝ ինքը դեռ 2000-ականներին է ցանկացել, որ Հրապարակի այդ հատվածը պահպանվի ու բաց լինի բոլորի համար։

«Նախորդ տարի էլ, եթե կհիշեք՝ սեպտեմբեր ամսին, վարչապետի հետ ուղիղ եթերում ասել էի, որ քաղաքի հետ կապված կա մի անակնկալ, բայց որի մասին չեմ խոսի։ Այդ անակնկալը ձգձգվեց այն պատճառով, որ գործ ունենք շատ նուրբ հարցի հետ, որտեղ ներգրավված պետք է լինեն տարբեր մասնագետներ», - ասաց Հարությունյանը։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ անակնկալի մասին հրապարակային գրեց, քանի որ քննարկում էր ունեցել նաև քաղաքապետարանում ու դրական արձագանք ստացել։ Հիմա արդեն աշխատանքային խումբ են ձևավորում, որպեսզի հասկանան՝ ինչ է անհրաժեշտ հին քաղաքի այդ հատվածը վերականգնելու համար։ Իսկ թե ինչպես են ցուցադրելու աղյուսաշեն հին ներքնահարկերը, դեռ որոշված չէ, բայց կան մի քանի տարբերակներ։

«Երբ որ մասնագետները սկսեն զբաղվել այս հարցով, թերևս մենք գործուղումներ կարող ենք կազմակերպել՝ ուսումնասիրելու լավագույն փորձը, բայց ամենահետաքրքիրներից մեկն, իհարկե, ապակու տակ հին քաղաքն առնելն է և վերևից դիտել, թե ինչ պատկեր է քաղաքը ունեցել, օրինակ, 3, 4, 5 դար առաջ», - ընդգծեց Արայիկ Հարությունյանը։

Նախարարը համոզված է՝ եթե նախագիծը կյանքի կոչվի, այն նաև կնպաստի քաղաքի զբոսաշրջության աճին։

Առայժմ դեռ հաշվարկներ չկան, թե որքան գումար կպահանջվի ստորգետնյա թաղամասը վերականգնելու համար։ Սակայն վարչապետ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ում արդեն տեղեկացրել է՝ այս տարի կսկսվեն Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները։

XS
SM
MD
LG