Մատչելիության հղումներ

Էրդողանն ու Պուտինը պաշտոնապես բացեցին «Թուրքական հոսք» գազատարը


Թուրքիա, Ստամբուլ, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը մասնակցում են «Թուրքական հոսքի» բացման պաշտոնական արարողությանը, 8-ը հունվարի, 2020թ.
Թուրքիա, Ստամբուլ, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը մասնակցում են «Թուրքական հոսքի» բացման պաշտոնական արարողությանը, 8-ը հունվարի, 2020թ.

Ռուսական գազն այսօրվանից կհոսի Թուրքիա՝ նոր գազատարով. երկու երկրների նախագահները ժամեր առաջ պաշտոնապես բացեցին «Թուրքական հոսքը», որով նախատեսվում է Կրասնոդարից տարեկան ավելի քան 30 միլիարդ խորանարդ մետր գազ հասցնել Թուրքիա՝ Սև ծովի հատակով:

«Սա պատմական նշանակություն ունեցող նախագիծ է», - հանդիսավոր բացմանը հայտարարեց նախագահ Էրդողանը՝ մի քանի անգամ ընդգծելով՝ Ռուսաստանը Թուրքիայի բարեկամն է, Վլադիմիր Պուտինը՝ իր լավ ընկերը. - «Ռուսաստանը Թուրքիայի գազ մատակարարողների շարքում առաջին երկիրն է, ինչը ցույց է տալիս, որ մենք խորացնում ենք մեր համագործակցությունը փոխշահավետ ուղղություններով: Ռուս-թուրքական գործընկերությունը օրինակելի կարող է լինել շատերի համար: Ինչպես հայտնի թուրքական ասացվածքն է ասում՝ եթե ուղեկիցդ լավն է, համարիր՝ ճանապարհի կես արդեն անցել ես»:

Ոչ պակաս ջերմ ու բարեկամական էր Վլադիմիր Պուտինի արձագանքը: «Վստահ եմ՝ մենք ապագայում ևս բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացնելու», - հայտարարեց Ռուսաստանի առաջնորդը՝ անձամբ շնորհակալություն հայտնելով Էրդողանին՝ քաղաքական կամքի ու վճռականության համար. «Ռուս-թուրքական համագործակցությունը գնալով խորանում է, չնայած որոշ միջազգային խաղացողներ ամեն կերպ փորձում են խոչընդոտել դրան», - պնդեց Պուտինը՝ առանց հստակ անուններ մատնանշելու:

«Թուրքիան ու Ռուսաստանը միահամուռ ուժերով կարող են ցանկացած, անգամ ամենաբարդ ու հավակնոտ ծրագրերն իրագործել հանուն մեր երկրների, մեր ժողովուրդների, մեր հարևանների ու դաշնակիցների: Այսօր մենք ապրում ենք դժվարին աշխարհում ու, ցավոք, բարդ տարածաշրջանում, ուր նկատվում են իրավիճակի սրացման նշաններ: Թուրքիան և Ռուսաստանը, սակայն, այլ օրինակ են ի ցույց դնում՝ փոխգործակցության ու համագործակցության, և վստահ եմ, որ մենք մեր գործընկերությունը կխորացնենք նաև ապագայում՝ արձանագրելով նորանոր հաջողություններ»:

Մինչ Էրդողանն ու Պուտինը հրապարակային հավաստիացնում են, թե երկկողմ հարաբերություններն անամպ են և խորանում են օր օրի, վերլուծաբանները պնդում են՝ ամեն ինչ այդքան էլ պայծառ չէ, երկու երկրների հարաբերություններում նոր տարաձայնություններ են ի հայտ եկել:

Վիճահարույց այդ հարցերի շարքում առաջինը, թերևս, Լիբիան է: Անցած շաբաթավերջին Թուրքիայի խորհրդարանը արտահերթ նիստում որոշեց 1 տարով զորք ուղարկել ներքաղաքական պատերազմի մեջ գտնվող աֆրիկյան այդ երկիր՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությանը սատարելու: Հակադիր ճամբարում ինքնահռչակ առաջնորդ, գեներալ Խալիֆ Հաֆթարն է, որին, ըստ որոշ հաղորդումների, աջակցում են ոչ միայն Միացյալ Էմիրությունները, այլև Մոսկվան: Ականատեսները պնդում են, թե ապստամբների շարքերում Կրեմլի աջակցությունը վայելող, ոչ պաշտոնական խմբավորման՝ «Վագների» վարձկան զինվորներ կան, շփման գիծն էլ վերահսկում են ռուս դիպուկահարները:

Անկարան և Մոսկվան հակասական դիրքորոշում ունեն նաև Սիրիայում շարունակվող ճգնաժամի հարցում: Ռուսաստանը տարիներ շարունակ աջակցում է նախագահ Ասադի վարչակազմին, Թուրքիան՝ նրա դեմ մարտնչող ընդդիմադիրներին: Մինչ օրս կողմերին փաստացի հաջողվում էր խուսափել ակնհայտ հակասություններից՝ տարածքը բաժանելով ազդեցության սեփական գոտիների: Փխրուն այդ համաձայնությունը, սակայն, մի քանի շաբաթ է, հայտնվել է վտանգի տակ. Սիրիայի կառավարական զորքերը ռուսների աջակցությամբ հրթիռակոծում են հյուսիսարևելյան Իդլիբ նահանգը, որը ընդդիմադիրների վերահսկողության տակ մնացած վերջին խոշոր բնակավայրն է:

«Տեղում արյունահեղություն է, 300 հազար փախստականներ շարժվում են Իդլիբից Թուրքիա», - զայրույթը չթաքցնելով՝ անցած շաբաթավերջին հայտարարեց նախագահ Էրդողանը՝ ընդգծելով՝ այս հարցը պետք է հանգուցալուծում ստանա:

Հենց այս տարաձայնությունները քննարկելու համար էլ, թերևս, նախագահ Պուտինն ու Էրդողանն այսօր մոտ մեկ ժամ առանձնացան. երկու առաջնորդների դռնփակ այդ հանդիպմանը, ըստ լրատվամիջոցների, ներկա էին միայն թարգմանիչները: Ավարտին կողմերը փակագծեր չբացեցին, ավելի ուշ, սակայն, Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց՝ երկու նախագահները մերձեցրել են դիրքորոշումները Լիբիայի հարցում և կոչ են արել հակամարտող կողմերին այս շաբաթավերջից վայր դնել զենքերն ու խաղաղ բանակցություններ սկսել:

XS
SM
MD
LG