Տոնական օրերին բժշկական կենտրոններ են դիմել պայթուցիկներից և հրավառություններից տուժած 95 հոգի։ Այս մասին Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«Տոնական օրերին` դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության բժշկական կենտրոններ են դիմել պայթուցիկներից/հրավառություններից տուժած 95 անձ, այդ թվում 29 (30%) երեխա (7-14 տարեկան), 11 (12%) դեռահաս (15-17 տարեկան) և 55 (58%) մեծահասակ (18 տարեկան և բարձր), 89-ը (94%) արական և 6-ը (6%) իգական սեռի։ 74 (78%) դեպքում տուժածները ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ, 18-ը (19%)՝ գլխի դիմային հատվածի (աչքի և ակնակապիճի, ականջի, ճակատի, շրթունքի) տարբեր վնասվածքներ, 2-ը (2%)՝ ստորին վերջույթների վնասվածք, 1-ը (1%) անձ՝ նստատեղի վնասվածք», - գրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը։
Նիկողոսյանը նշել է, որ նախարարությունը հանդես է գալիս նաև նոր օրենսդրական նախաձեռնությամբ` նման դեպքերը կանխելու համար: