Երևանի կենտրոնում այս օրերին ամեն քայլափոխի զբոսաշրջիկների կտեսնես. Ռուսաստանից, Իրանից, Ֆիլիպիններից, Թաիլանդից, Ռումինիայից ու անգամ Բրազիլիայից մեր երկիր ժամանածներին հետաքրքիր է՝ ինչպիսին է Հայաստանը հատկապես տոնական օրերին։
Նրանց մի մասն արդեն ծանոթ է մեր երկրին՝ հերթական այցն է, իսկ մյուս մասն էլ դեռ նոր-նոր է ծանոթանում՝ սկսելով հենց մայրաքաղաքից. - «Ինձ շատ է դուր եկել բնությունը, մարդկանց բարյացակամությունը, շատ լավ էր։ Այդ իսկ պատճառով որոշեցինք ամուսնուս հետ վերադառնալ Հայաստան Նոր տարուն»։
Մեկ ուրիշն էլ նշում է. - «Մենք Հայաստան ենք այցելում արդեն երկրորդ անգամ։ Առաջին անգամ ես 2016 թվականին եմ եղել այստեղ, հոյակապ անցավ։ Դրանից հետո ես ծրագրեցի կրկին գալ այստեղ արդեն ընկերոջս հետ, որ նա ևս զգա այն, ինչ ես մեկ անգամ արդեն զգացել եմ»։
Երրորդն էլ նկատում է. - «Ես ցանկանում էի տեսնել, թե ինչպես են այստեղ նշում Սուրբ ծնունդը»:
Պետական վիճակագրության համաձայն՝ զբոսաշրջիկները Հայաստանում միջինը 17 օր են անցկացնում, օրական էլ մոտ 47 դոլար են ծախսում։ Երևանից բացի, արտասահմանցի հյուրերը ամենից հաճախ Գյումրի են այցելում։
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի խոսքով՝ քանի որ տոնական օրերը ձմեռային շրջանում են, ձմեռային ժամանցի տարբերակներ կան՝ Ծաղկաձորը, Աշոցքը, Լոռու մարզում. - «Այսինքն՝ փորձում են իրենք տեղաշարժվել դեպի այն վայրեր, որտեղ կան զբոսաշրջային առաջարկներ ձմեռվա սեզոնի համար»։
Իսկ թե որքան զբոսաշրջիկ է այցելել այս օրերին Հայաստան, դեռ վիճակագրություն չկա, փոխարենը Զբոսաշրջության պետական կոմիտեից հայտնում են՝ անկնալում են, որ 2020-ի առաջին եռամսյակում արտասահմանից Հայաստան ժամանողների թիվը մինչև 14 տոկոսով աճելու է, այսինքն՝ նախորդ տարվա համեմատ ավելի քան 34 հազար այցելուով ավելի։
«Ընդհանուր առմամբ զբոսաշրջիկների աճ նկատվել է ոչ միայն Ամանորի օրերով պայմանավորված, այլ նաև ամբողջ տարվա ընթացքում։ Նախորդ տարիներին ևս տարեցտարի նկատվում է աճի դինամիկան դեպի վերև, ինչը նշանակում է, որ այս տարի ևս կունենանք զբոսարջային այցելությունների աճ։ Փորձելու ենք ամեն ինչ անել, որ մոտակա տարիներին կարողանանք ապահովել գոնե 13-14 տոկոս զբոսաշրջային այցելությունների աճ», - հայտնեց Սուսաննա Սաֆարյանը։
Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Իրան, Ուկրաինա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա ու Գերմանիա, 2019-ի հիմնական զբոսաշրջային հոսքերն այս երկրներից են եղել։ Միայն անցած տարի հունվարին, ըստ Զբոսաշրջության պետական կոմիտեի, այդ և այլ երկներից ավելի քան 243 հազար քաղաքացի է այցելել Հայաստան։ Հստակ չէ միայն՝ որ մասն է նրանցից զբոսաշրջիկ, իսկ որ մասը՝ արտագնա աշխատանքից վերադարձած հայաստանցի։
2020-ին կառավարությունը նախատեսում է զբոսաշրջային ենթակառուցվածքները զարգացնել, առաջին հերթին կրկին ճանապարհները: Հայաստան ժամանածների մեծ մասը հատկապես նախկինում վատ ճանապարհներից էր բողոքում, հիմա Զբոսաշրջության պետական կոմիտեից վստահեցnում են՝ նման բողոքներ հաճախ չեն լսում հյուրերից։ Ոլորտի մասնագետներն էլ են համաձայնում՝ զբոսաշրջիկներն ավելի քիչ են ճանապարհներից բողոքում, սակայն ոլորտում դեռ չլուծված բազմաթիվ խնդիրներ կան։
Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Զարուհի Օրբելյանն ասում է. - «Տուրիստները դժգոհում են մարզերում սպասարկման որակից, Երևանում էլ, չէ, մենակ մարզերը չեմ ասի, Երևանում էլ մեկ-մեկ այնպիսի հյուրանոցներ ունենք, որ անհարմար է ասել, թե հյուրանոց են, ու բռնում, իրենց 4 աստղ են կպցնում կամ նույնիսկ երբեմն նաև 5: Ճանապարհները, դե դա լուծվում է, զուգարանների սակավ լինելը լուծվում է, սննդի որակի վերահսկողությունը շատ լուրջ խնդիր է, շատ, ու սա հրատապ խնդիրներից է, որովհետև առողջության մասին է խոսքը գնում, ու մարդու կյանքի վտանգի մասին է խոսքը գնում: Եվ նաև բուժօգնության կետերի»:
Զբոսաշրջության պետական կոմիտեում վստահեցնում են՝ կառավարությունը տարիներով առկա խնդիրները ցանկանում է լուծել, ճանապարհներից բացի, նաև զբոսաշրջային վայրերն են ուզում բարեկարգել։ Մինչ այդ, արդեն կանխատեսում են՝ վերջերս շուկա մուտք գործած մատչելի ծառայություններ մատուցող ավիաընկերությունները կնպաստեն զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը նույն Իտալիայից, Գերմանիայից ու Հունաստանից։