Մատչելիության հղումներ

Իրանագետ. Լարվածության մակարդակը տարածաշրջանում բարձր է, բայց խոսել 3-րդ համաշխարհայինից չարժե


Իրանագետ Գոհար Իսկանդարյանը «Ազատության» տաղավարում, 6-ը հունվարի, 2020թ.
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը «Ազատության» տաղավարում, 6-ը հունվարի, 2020թ.

Տարածաշրջանում լարվածության մակարդակը բավականին բարձր է, բայց չարժե խոսել երրորդ համաշխարհային պատերազմի մասին, վերլուծելով Իրան-ԱՄՆ սրված հարաբերությունները՝ ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Նա կարծում է, որ չնայած 40 տարի շարունակվող այս հակամարտությանը՝ այսօր տարբեր կողմերից փորձ է արվում էլ ավելի ուռճացնել խնդիրը։

«Մեծ խաղ է գնում, պրոքսի պատերազմ է գնում այլ հողի վրա, և մենք չենք կարող ասել՝ ով սկսեց, ով ավարտեց: Իհարկե, Միացյալ Նահանգների հիմնական թեզը սա է, որ նրանք ոչնչացրեցին «Ղոդսի» նախկին ղեկավարին՝ Սուլեյմանիին, ով եկել էր Իրաք, որպեսզի վերջնական իրականացներ Իրաքում Միացյալ Նահանգների դեսպանատան գրավումը և նաև հարվածներ էր պատրաստվում հասցնել Միացյալ Նահանգների ռազմավարական օբյեկտներին, և նրան ոչնչացրին, որպեսզի կանխարգելեն այդ սպառնալիքը: Պարզապես ինձ մոտ հռետորական հարց է առաջանում. վերջերս էլի ասել էի՝ հիմա ավելի անվտա՞նգ են Միացյալ Նահանգների զորքերն Իրաքում», - ասաց նա:

Իրան-ԱՄՆ սրված հարաբերությունների ֆոնին Հայաստանում այս օրերին պետական բարձր մակարդակով քննարկումներ, հանդիպումներ են կայանում։ Զինված ուժերի ղեկավար կազմը Պաշտպանության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկել է ստեղծված իրավիճակը։ Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ տրվել են հատուկ ցուցումներ։ Խորհրդակցություն էր հրավիրվել նաև Արտաքին գործերի նախարարությունում,
հետո հայտարարություն տարածվեց, թե պաշտոնական Երևանը խորապես մտահոգված է իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությանը հաջորդած Մերձավորարևելյան տարածաշրջանի լարվածությամբ, և Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից: Երեկ իրանական կողմի նախաձեռնությամբ էլ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների միջև։

«Այս խնդիրը մեր խնդիրը չէ», - պնդում է իրանագետ Իսկանդարյանը՝ հավելելով՝ Հայաստանը կարող է հանդես գալ միայն միջնորդի կարգավիճակում. - «Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն առաջադրել է արտգործնախարարին, որպեսզի նա զանգ ունենա բոլոր հարևան երկրների հետ և ներկայացնի իրավիճակը, այսինքն՝ ոչ միայն Հայաստանի Հանրապետության արտգործնախարարին էր ուղղված այդ զանգը, այլև տարածաշրջանի մյուս երկրների արտգործնախարարներին է հնչեցվել այդ զանգը, և նրանք ուղղակի մտքերի փոխանակում են արել, այսինքն՝ սրանից ևս խնդիր ստեղծել և փորձել սուր հարվածել և իշխանություններին ապիկարության մեջ մեղադրել և այլն, կարծում եմ՝ չարժի, մանավանդ, որ բավական զգայուն իրավիճակ է, և յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր միտք կարող է վնասել հայ-իրականական հարաբերություններին, ոչ թե երեկ են ստեղծվել այդ հարաբերությունները, այլ քրտնաջան տարիների աշխատանքի արդյունքում ստեղծվել են այս հարաբերությունները, և պետք է պահպանել», - շեշտեց նա:

Կիրակի Արտանիշ սարի ստորոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ միացումով խաղաղության կոչ արեց՝ ընդգծելով՝ ինչպես Իրանը, այնպես էլ Միացյալ Նահանգները մեզ բարեկամ երկրներ են, հանձնարարականները տրված են բոլոր կառույցներին՝ իրավիճակին հետևելու և մատը զարկերակի վրա պահելու համար. - «Կառավարությունը և իրավասու պետական պաշտոնյաները 24 ժամ իրար հետ կապի մեջ են, և երբ որ անհրաժեշտ կլինի, իհարկե, նաև հանդիպում ենք, քննարկում ենք, զրուցում ենք, և քանի որ մենք բարձրանում ենք, այդ ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը, ես ցանկացա, եթե դեմ չեք, մեր քայլարշավի վերնագիրը նվիրել խաղաղությանը մեր տարածաշրջանում: Մեր ուղերձն այն է, որ Իրանի և Միացյալ Նահանգների մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը մեր տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում», - ասել էր նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հարվածներ հասցնել Իրանի 52 թիրախների վրա, այդ թվում՝ մշակութային կառույցների: Ի պատասխան Իրանը հայտարարեց՝ կշարունակի կրճատել իր պարտավորությունները միջուկային պայմանագրի հետ կապված։ Այսօր ՆԱՏՕ-ի խորհրդի արտակարգ նիստում քննարկվելու է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Հունվարի 11-ին էլ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը կմեկնի Մոսկվա` Իրանի շուրջ վերջին զարգացումները Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու նպատակով։

Հայ իրանագետի կարծիքով՝ միջազգային հանրությունը չպետք է մենակ թողնի Իրանին ու ԱՄՆ-ին. - «Որովհետև եթե մենակ թողեցին Միացյալ Նահանգներին ու Իրանի Իսլամական Հանրապետությանը, իսկապես խնդիրներն ավելի մեծանալու են»:

Նոր տարվա օրերին Երևան ժամանած Իրանի քաղաքացիներից փորձեցինք կարծիք լսել այս իրավիճակի շուրջ. հիմնականում խուսափում են մեկնաբանել՝ պատճառաբանելով, թե խնդիր կունենան հայրենիքում: «Ազատության» իրանական ծառայության լրագրող Ռուբիկ Մինասյանը հասկանում է իրանցի զբոսաշրջիկների անհանգստության պատճառը. արևմտյան լրատվամիջոցին հարցազրույցը կարող է թանկ նստել իրանցիների վրա. - «Եվ իրենք եթե բողոքներ ներկայացնեն, հաստատ խնդիրներ կունենան Իրանում և ոչ միայն իրենք, այլև իրենց ընտանիքները, ընկերները, բարեկամները»:

Պատերազմի վտանգ այս պահին իրանական ծառայության մեր գործընկերը չի տեսնում, և երկկողմանի սպառնալիքները, ըստ նրա պարզապես, փորձ են այս իրավիճակում սեփական շահերն ամրապնդելու։

«Սպասումներ կան, որ Ամերիկան ինչ-որ բան կանի հակառեժիմյան, այսինքն, որ կարողանա համենայնդեպս ռեժիմը տապալի, և կան տեսակետներ, որ միասնության դեպի Ամերիկայի կամ արևմտյան ուժերի հանդեպ, երկու տեսակետն էլ չկա, և դժբախտաբար այս իրավիճակում չի լինի ասել, թե որն է գերակշռող», - եզրափակեղ Ռուբիկ Մինասյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG