«Մենք մտնում ենք ոչ միայն նոր տարի, այլև մեր երկրի ու հասարակության զարգացման նոր փուլ», - հայտարարում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը իր ամանորյա ուղերձում։
«Վստահ եմ, որ արձանագրելու ենք նոր ձեռքբերումներ մեր պետության, անվտանգության ու հանրության գործունեության բոլոր ասպարեզներում», - իր ուղերձում գրում է Գրիգորյանը։
«2019 թվականը կայացման, հեղափոխության ամրապնդման տարի էր, իսկ 2020-ը զարգացման ու նվաճումների տարի կլինի։ Այս տարվա գլխավոր ձեռքբերումներից է սահմանին տիրող հարաբերական խաղաղությունը, որի արդյունքում մարդկային կյանքեր են փրկվել։ Սրանից ավելի կարևոր ձեռքբերում դժվար է պատկերացնել», - ասված է ուղերձում, որը հրապարակել է Անվտանգության խորհրդի գրասենյակը։
«2019 թվականի բոլոր հաջողությունների արդյունքում մենք ձեռք ենք բերել ինքնավստահություն ավելի մեծ նպատակներ առաջադրելու և դրանց հասնելու համար», - շեշտում է Արմեն Գրիգորյանը։
«Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ այս օրերին շուրջ բոլորը իշխեն բարձր տրամադրությունն ու լավատեսության ոգին: Թո՛ղ Նոր տարին խաղաղություն և բարօրություն բերի ձեր ընտանիքներին ու մեր երկրին», - ասված է Անվտանգության խորհրդի քարտուղարի շնորհավորական ուղերձում։