Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում ՌԴ նախագահը, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին ամերիկյան հատուկ ծառայությունների միջոցով փոխանցված տեղեկության համար, որն օգնել է ահաբեկչական հարձակումներ կանխել Ռուսաստանում։
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում։
Կրեմլը հայտնում է նաև, որ Պուտինն ու Թրամփը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, առանց մանրամասնելու, թե ինչի մասին է խոսքը։
Ավելի վաղ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններից ստացած տեղեկության շնորհիվ ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացիներ, ովքեր Ամանորի տոներին ահաբեկչական հարձակում էին նախապատրաստում Սանկտ Պետերբուրգում։
Հիշեցնենք՝ հոկտեմբերին ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովն արդեն հայտնել էր, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին տեղեկություն է տրամադրել կոնկրետ մարդկանց մասին, ովքեր Ռուսաստանում նախատեսում էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել։ Բորտնիկովը հավելել էր, թե ահաբեկչության դեմ պայքարում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև համագործակցությունը, չնայած բոլոր տարաձայնություններին, շարունակվում է։
Երկու երկրների իշխանությունները տարբեր հարթակներից պարբերաբար այս մասին հայտնում են, հատկապես՝ Ռուսաստանի իշխանությունները։ Մասնավորապես, երեկ երեկոյան տեղեկությունը այն մասին, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները հերթական ահաբեկչական հարձակումն են կանխել, հայտնել են բոլոր լրատվամիջոցները, շեշտելով, որ դա հնարավոր է եղել ամերիկյան կողմի աջակցության շնորհիվ։ Իսկ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը երեկվա ռուսական լրահոսի թիվ մեկ նորությունն էր։