Հունվար ամիսը հանրապետության տարածքում կանխատեսվում է տաք։ Այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում», - տեղեկացրել է նա։
Ամանորին, Գագիկ Սուրենյանի ներկայացմամբ, հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ և բարձր ջերմային ֆոն։
ԱԻՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այսօր և դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին և հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 30-ի գիշերն առանձին հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով։
Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 30-31-ը և հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: