Մատչելիության հղումներ

«Փա՞յ ունեմ «Լիդիանում», Ամուլսարում, շահագրգռվածությունս ո՞րն է»․ Տիգրան Ավինյան


«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման հյուրն է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ստորև՝ մի հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Եթե վարչապետին լսենք, ապա՝ լավ էլ հեղափոխական տարի էր, օր չկա Ֆեյսբուքում նա մի ցուցանիշ չհրապարակի, բայց եթե ես ձեր ընդդիմախոսներին մեջբերեմ՝ տնտեսության այսպիսի ցուցանիշներ նաև Սերժ Սարգսյանի օրորք կային։

Ավինյան. – Նախևառաջ թույլ տվեք չհամաձայնել վերջին պնդման հետ, որովհետև Սերժ Սարգսյանի օրոք միջին տնտեսական աճը կազմել է տարեկան մոտավորապես միջինում 3 տոկոս։ Այս տարի շատ հավանական է, որ տասնամյակում համախառն ներքին արդյունքի աճով մենք ունենանք ամենաբարձ ցուցանիշը, համենայն դեպս, բոլոր նախադրյալները կան։ Մենք առաջին երեք եռամսյակներում ունենք 7,5 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ, իսկ հետագա նաև տնտեսական աճի ցուցանիշները ցույց են տալիս, որ այդ աճի տեմպը վերջին եռամսյակում ավելի մեծ է լինելու։ Ամենայն հավանականությամբ մենք ունենալու ենք ամենաբարձր ցուցանիշը վերջին տասնամյակում։

«Ազատություն». – Այդուհանդերձ կային հեղափոխական ակնկալիքներ, ինչպես, օրինակ, խորհրդարանական ընդդիմությունից «Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանն է համեմատել Վրաստանի հետ, որտեղ հեղափոխությունից հետո ապահովվել է միջինում 9 տոկոսի տնտեսական աճ, դուք 2018-ը մոտ 5 տոկոսով ամփոփեցիք, սա էլ լավագույն դեպքում՝ 8։

Ավինյան. – Նմանատիպ համեմատությունները մի փոքր, կարծում եմ, ժամանակային առումով սխալ է տարբեր ժամանակահատվածների տնտեսական ցուցանիշները իրար հետ համեմատել, որովհետև նույն շրջանում Հայաստանի Հանրապետությունում էլ ավելի մեծ տեմպերով արդյունքների աճ կար։ Այսինքն՝ համախառն ներքին արդյունքը էդ շրջանում, որը տիկին Թանդիլյանն է մատնանշում, Հայաստանում ավելի մեծ էին արդյունքները և ավելի բարձր ցուցանիշներ էին ապահովվում՝ կապված միջազգային ընդհանուր գործընթացների, ֆինանսական ներհոսքի դեպի տարածաշրջան։ Հայաստանի Հանրապետության ցուցանիշները երևի թե ռեկորդային են լինելու նաև Եվրոպայում և Եվրասիական տնտեսական միությունում։ Էնտեղ որևէ մեկը, որքան հասկանում եմ, 6 տոկոսից ավելի աճ չի ունենալու։

«Ազատություն». – Կարո՞ղ եք ավելի հեռուն գնալ, նաև 2020-ի կանխատեսում անել տնտեսական աճի։

Ավինյան. - 2020 թվականին իրականում որոշակի կանխատեսումներ կան համաշխարհային ճգնաժամի վերաբերյալ, այնուամենայնիվ, եթե այդ կանխատեսումները իրականություն չլինեն, ես կարծում եմ, որ 2020 թվականի համար մենք ունենք շատ լավ նախադրյալներ՝ ունենալ էական և որակական փոփոխություն։ Եթե զուտ նայենք ենթակառուցվածքների զարգացման առումով, որի ուղղությամբ իրականում 2019 թվականին մեծ փոփոխություններ ենք ունեցել և՛ որակական, և՛ քանակական ճանապարհներ կլինեն, ջրագծեր կլինեն, էներգետիկ համակարգ կլինի։ 2020 թվականին մեր ծրագրով էլ ավելի մեծ տեմպ է հաղորդվելու և՛ ճանապարհաշինությանը, և՛ ջրամբարաշինությանը, և՛ ջրագծերի կառուցմանը, և՛ էներգետիկ համակարգում լուրջ և էական հզորություններ են լինելու։

«Ազատություն». – Ամուլսարի մասին. Բնապահպանների առաջին ասածը սա է, երբ Ձեր անունն են տալիս, որ Դուք այնտեղ նաև անձնական ինչ-ինչ շահագրգռվածություն ունեք, շատ եք խառնված այդ գործին։ Ի վերջո այդ հանքը բացվելու հեռանկար ունի՞, թե՞ ոչ։

Ավինյան. – Էս պահի դրությամբ «Լիդիան» ընկերությունն ունի նաև ֆինանսական լուրջ խնդիրներ, որոնք արդեն անկախ տեղի ունեցող ակցիաներից էդ գործընթացը գնում է, և համենայն դեպս մենք, ինչպես և նախկինում էինք ասել, բոլոր սցենարներին պատրաստ ենք, ինչպես նաև արբիտրաժի սցենարին ենք պատրաստ։ Ինչ վերաբերում է իմ անձնական շահագրգռվածությանը, իրականում ես անձնապես շահագրգռված եմ, որպեսզի յուրաքանչյուր հարց, նամանավանդ նման մասշտաբի և նման կարևորության հարց լուծվեն միմիայն օրենքի շրջանակներում։ Իմ շահագրգռվածությունը ուրիշ որևէ բան չի կարող լինել։ Երբ որ ասում են շահագրգռվածություն, ի՞նչ, փա՞յ ունեմ «Լիդիան»-ում, էդ եմ ուզում հասկանալ, ինչի՞ մասին է խոսքը, այսինքն՝ ի՞նչ են ասում։

«Ազատություն». – Ֆինանսական խնդիրների մասին. դա կապված է նրա հետ, որ ճանապարհները փակ են, չեն աշխատո՞ւմ։

Ավինյան. – իրականում «Լիդիան» ընկերությունը կարիք ուներ նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու, և որքան ես եմ հասկում, դա իրենց չի հաջողվել, այսինքն՝ շուկան չի ֆինանսավորել, այնուամենայնիվ, մանրամասների մեջ չեմ կարող մտնել, չգիտեմ բոլոր դետալները, գիտեմ, որ ունեն խնդիրներ։

«Ազատություն». – Բնապահպանները Ձեզ դատի են տվել, որովհետև հայ համայնքի հետ հանդիպմանը Թբիլիսիում ասել եք, որ ոչ բոլորն են էնտեղ ազնիվ պայքարողներ, ինչ-ինչ ականջներ են նրանց հետևում, մասնավորապես այլ հանքարդյունահանողներ, որոնք «Լիդիան»-ի դեմ ցույցեր են հրահրում և այլն։ Կարողանալո՞ւ եք դատարանում ապացուցել Ձեր խոսքերի ճշմարտացիությունը։

Ավինյան. – Ես ուզում եմ վերահաստատել ամեն մի նախադասությունը, որը ես արտաբերել եմ Վրաստանում հայ համայնքի հետ մեր հանդիպմանը, և, այո, իրականում կան մարդիկ, ինչպես ես նշել եմ, ովքեր անկեղծ պայքարում են այդ հանքի դեմ, որովհետև հավատացած են, որ դա կարող է բերել աղետալի հետևանքների և կան մարդիկ, ովքեր ունեն այլ շահեր։ Այստեղ, ես կարծում եմ, որևէ ավելացնելու կամ հավելելու բան չունեմ։ Ինչ վերաբերում է դատական պրոցեսին. դատական պրոցեսը կգան, ես որևէ խնդիր էդտեղ նույնպես չեմ տեսնում։

«Ազատություն». – Երեկ Հրայր Թովմասյանը հայտարարեց, երբ արդեն մեղադրյալի կարգավիճակով դուրս եկավ Սահմանադրական դատարանից, որ ամիսներ առաջ դեռ իրեն իշխանությունից զգուշացումներ են տվել, որ «կամ հրաժարականի ես գնում, կամ մեղադրանք ենք առաջադրում»։

Ավինյան. – Չգիտեմ ով է տվել, կարծում եմ, թող ավելի բացահայտ խոսի պարոն Թովմասյանը։ Ընդհանուր առմամբ պարոն Թովմասյանի նախապատմությունը շատ խառն է, և իր անցյալը նույնպես ուղղակիորեն կապված է Հանրապետական կուսակցության հետ, ուղղակիորեն Սահմանադրության բոլոր իր խութերով հիմնական հեղինակ պարոն Թովմասյանն է։ Էնտեղ թողնված է անհասկանալի ինչ-որ դրույթներ Սահմանադրական դատարանի վերաբերյալ, և այնպիսի տպավորություն կարող է ստեղծվել, որ դա արված էր անձնապես իր համար։ Հետևապես պարոն Թովմասյանի և Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելու հետ կապված լրջագույն հարցեր կար։ Ինչ վերաբերում է քրեական գործին, որը հարուցված է, դա ընդհանրապես չի կարող կապ ունենալ՝ լիներ պարոն Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ, չլիներ, քրեական գործն իր կյանքով ապրելու էր, էսպես թե էնպես։ Եթե որևէ մեկը դեռևս չի հասկացել, թե ինչ տրամաբանությամբ ենք մենք շարժվում, մենք երբևէ քաղաքական գործընթացները քրեական պրոցեսների հետ չենք կապում, երբևէ։ Այսինքն՝ կա քրեական գործ, կա հանցագործություն, պետք է գնալ մինչև վերջ։ Չենք կարողանո՞ւմ ապացուցել որևէ բան, չնայած, որ տեսնում ենք, որ մեր աչքի առաջ միլիարդներով փող ունի ու թալանել է, չենք կարողանո՞ւմ ապացուցել, դա մեր իրավապահ համակարգի խնդիրն է, մեր և իրավապահ համակարգի։ Եթե կա քրեական գործ, պետք է գնալ մինչև վերջ, որպեսզի տեսնենք ապացուցվո՞ւմ է նրա մեղավորությունը, թե՞ ոչ։

«Ազատություն». – Նաև այս օրինակով Հրայր Թովմասյանի, Դուք ընդունո՞ւմ եք Ձեր համակիրների քննադատությունը, որ վճռականություն, շտապողականություն չդրսևորեցիք, շտապողականություն դրական իմաստով, թալանչիները ազատ շրջում են երկրում, մյուսները՝ արդեն թաքնվում Ռուսաստանում և այլն, դե Սահմանադրական դատարանին էլ գալով, վարչապետն ասում էր՝ 2019-ին կունենաք հեղափոխությանը հարիր դատարան, երեք օր է մնացել տարվա ավարտին։

Ավինյան. – Կա երկու տարբերակ հեղափոխություններից հետո, շատ կոպիտ կարտահայտվեմ՝ անօրինական ձևով տանել նկուղները և միգուցե եղունգները քաշել, որպեսզի հասկանալ՝ որտեղ ինչ են թաքցրել և գնալ օրինական ճանապարհով։ Մենք ի սկզբանե հեղափոխության օրերին հստակ ասել էինք, որ մենք առաջին ճանապարհով գնացող մարդիկ չենք, մենք գնալու ենք միմիայն օրինական ճանապարհով։ Կարծում եմ՝ մենք հետևողականորեն շարունակում ենք էդ ճանապարհով գնալ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG