Մատչելիության հղումներ

Վարչապետը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ գալիք տոների կապակցությամբ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի պարոն վարչապետ, Նոր տարվա և Աստվածահայտնության տոների շեմին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքից քրիստոնեական ջերմ սիրով ու հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Ձեզ և մեր սիրելի ժողովրդին»։

«Աղոթում ենք առ Բարձրյալ Աստված, որ իր երկնային հովանու ներքո անվթար պահի մեր հայրենիքը, ինչպես նաև Ձեզ պարգևի առավել կորով, որպեսզի կարողանաք թավշյա հեղափոխությամբ բացված նոր էջը Հայաստանի ժամանակակից պատմության մեջ հարստացնել նորանոր իրագործումներով», - նշված է ուղերձում։

Հայաստանի վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել նաև Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, համոզված եմ, որ գալիք տարին նոր հնարավորություններ կբերի երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման և Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության խորացման համար: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, առողջություն, բարգավաճում և հաջողություն Ձեր պատասխանատու գործում, Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»։

Գալիք Ամանորի տոների առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Չինաստանի վարչապետ Լի Քեցյանը, Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միթսոտակիսը, Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն, Կորեայի վարչապետ Լի Նակ-Յոնը, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ- գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և այլ պաշտոնյաներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG