Մատչելիության հղումներ

2019-ի ընթացքում շփման գոտում հրադադարը խախտվել է շուրջ 9 հազար անգամ. ԼՂ ՊՆ


Արցախի ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Արցախի պաշտպանության նախարարությունը ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել 2019 թվականին Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում տիրող իրադրության վերաբերյալ։

Ըստ ԼՂ ՊՆ տարածած հաղորդագրության, 2019 թվականին Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբերական կայուն:

«Ամենօրյա ռեժիմով իրականացվող մեծածավալ ինժենարա-ամրաշինական աշխատանքների և առաջնագծի՝ տեսադիտարկման համակարգերով կահավորման շարունակական գործընթացների արդյունքում ոչ միայն էապես բարձրացվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմի անվտանգությունը, այլև գրեթե իսպառ վերացել է ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերի հավանականությունը: Բացառությամբ սեպտեմբերի 22-ի դեպքի, երբ հակառակորդը ՊԲ հարավարևելյան (Կարախանբեյլի) ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ և, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ շպրտվել իր ելման դիրքերը, տարվա ընթացքում նմանատիպ քայլեր չեն ձեռնարկվել», - տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ընդհանուր առմամբ, ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2019 թվականին Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 9 հազար անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85 հազար կրակոց` հրաձգային զինատեսակների հետ մեկտեղ կիրառելով նաև 60 միլիմետրանոց ականանետ (13 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (32 արկ): Այստեղ հարկ է ընդգծել,

Ըստ ԼՂ ՊՆ-ի, այս տարվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ու արձակած կրակոցների թվաքանակը ամենացածրն է` 2010 թվականից ի վեր:

«Անդրադառնալով արցախյան հիմնահարցին, պետք է արձանագրենք, որ չնայած այս տարի լրացավ կողմերի միջև կրակի դադարեցման համաձայնագրի ստորագրման 25-ամյակը` խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին այդպես էլ չհաջողվեց առաջընթաց արձանագրել, քանի որ պաշտոնական Բաքուն ոչ միայն շարունակում էր մերժել խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները, այլև արհամարհում էր համանախագահների կողմից առաջ քաշված վստահության կառուցման միջոցները` ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդմանը: Բանակցությունները առաջ տանելու ուղղությամբ տարվա ընթացքում հակամարտող կողմերի միջև ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպումներն ու ոչ պաշտոնական շփումները, ինչպես նաև ԱԳ նախարարների թվով վեց հանդիպումներից և ոչ մեկը ի զորու չեղան առաջընթաց գրանցել` կողմերի հակադիր դիրքորոշումների պատճառով», - ասված է հաղորդագրությունում:

Արցախի պաշտպանության նախարարությունը նաև նշել է. «Ընդհանրացնելով վերոնշյալը` պետք է արձանագրենք հետևյալը. բանակցությունների սեղանին առաջընթացի բացակայությանն ու Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին ամենաբարձր մակարդակով հնչող հայտարարություններին պաշտպանության բանակը ամբողջ տարվա ընթացքում գործով հակադրեց իր ուժն ու մարտունակությունը և շարունակեց պարտադրող դերակատարում ունենալ առաջնագծում` դրանով իսկ ապահովելով Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունն ու բնակչության խաղաղ կենսագործունեությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG