Մատչելիության հղումներ

Նեթանյահուն կգլխավորի «Լիկուդ»-ը արտահերթ ընտրություններում


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաղթել է ներկուսակցական պայքարում՝ հավաքելով ձայների 72,5 տոկոսը: Այսպիսով, հենց նա է գլխավորելու «Լիկուդ» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որոնք նախատեսված են եկող տարվա մարտի 2-ին:

Անցած շաբաթներին Իսրայելի խորհրդարանն ինքնալուծարվել է կառավարություն ձևավորելու երրորդ անհաջող փորձից հետո: 120-տեղանոց Քնեսեթում Նեթանյահուի կուսակցությունն ունի 32 տեղ, մրցակիցները՝ նախկին բարձրաստիճան զինվորական Բենի Գանցի գլխավորած ընդդիմադիր «Կախոլ-Լավան» դաշինքը ՝ 33: Երկում ուժերին, սակայն, չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ կոալիցիոն կառավարության շուրջ:

2009 թվականից Իսրայելը ղեկավարող Բենիամին Նեթանյահուին նոյեմբերին մեղադրանք առաջադրվեց մի շարք ծանր հոդվածներով։ Իրավապահների պնդմամբ՝ Նեթանյահուն և նրա կինը տարիներ շարունակ ազդեցիկ գործարարներից շուրջ 300 հազար դոլարի նվերներ են ստացել: Բացի այդ, ըստ դատախազության, Նեթանյահուն որոշակի արտոնություններ է տրամադրել մի շարք առաջատար լրատվամիջոցների` իր գործունեությունը բարենպաստ լույսի ներքո լուսաբանելու դիմաց: Իսրայելի վարչապետը մեղադրանքները չի ընդունում։

XS
SM
MD
LG