Մատչելիության հղումներ

«Էդքան գումար ծախսել մի բանի վրա, որն ակնհայտ է». Մարությանը` իր դեմ հարուցված վարույթի մասին


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու նիստի ընդմիջմանն անդրադարձավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ իր դեմ հարուցած վարույթին, որը հիմք էր ընդունել լրատվամիջոցներից մեկի այն հրապարակումը, թե Մարությանը քաղաքապետ ընտրվելուն զուգահեռ տնօրինել է նաև իր ՍՊԸ-ն:

Հայկ Մարությանից հետաքրքրվեցինք՝ ընդունո՞ւմ է, որ խախտում է թույլ տվել, պատասխանեց՝ հրապարակման օրը պաշտոնական հերքում են տարածել, զարմանում է, թե ինչո՞ւ է հանձնաժողովը վարույթ հարուցելուց հետո իրենցից թղթեր պահանջել: Քաղաքապետի կարծիքով՝ նորաստեղծ հանձնաժողովը վարույթ հարուցելիս հիմք է ընդունել արդեն հերքված տեղեկությունը։

«Էդքան ժամանակ, էդքան գումար, էդքան ռեսուրս պետական ծախսել մի բանի վրա, որն ակնհայտ է, ընդամենը 3000 դրամ կարող էին վճարել, կարող է անգամ իրենցը անվճար է, չգիտեմ, բայց 3000 դրամ կարող էին վճարել և պետռեգիստրով տեսնել, որ ես մինչև քաղաքապետ դառնալը այլևս այդ ընկերության տնօրեն չեմ հանդիսացել։ Դա որպես միտում չձևակերպեմ, բայց եթե չեմ սխալվում կոնկրետ էդ կառույցի ղեկավարին ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ես չեմ ուզում էդտեղ միտում տեսնել, այնուամենայնիվ էս փաստը կուզենայի արձանագրել», - ասաց Մարությանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից առաջադրված՝ ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն օրերս «Ազատության» եթերում հայտարարել էր, որ Երևանին նվիրատվություններ արած գործարարները, ոչ թե «Կամազ», այլ փող են տվել, ու որ այդ խոսակցությունները ծավալվել են փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի աշխատասենյակում:

Մարությանը հերքեց այս հայտարարությունը. «Սա հերթական ապատեղեկատվությունն է, բնականաբար ոչ մի կերպ ոչ մի գումար չի փոխանցվել քաղաքապետարանին, բոլոր նվերները քաղաքապետարանին տրվել են հենց նվերների տեսքով»։

Շարունակելով նվերների թեման լրագրողներից մեկը հետաքրքրվեց, ճի՞շտ է, որ «Ջերմուկ Գրուպ» ընկերության հիմնադիր նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը ձնամաքրման երկու մեքենա է նվիրել քաղաքապետարանին:

«Ես չգիտեմ, ճիշտն ասած, ինքը կապ ունի, թե ոչ էն առումով, որ կա ՍՊԸ, էս նույն պատմությունն է, հա՞, որ կա ՍՊԸ, եթե չեմ սխալվում «Ջերմուկ Գրուպ» ՍՊԸ-ն է, որը նվիրատվություն է արել երկու մեքենա էս պահին։ Մենք պայմանագիր ունենք կնքված իրենց հետ եռակողմ նվիրատվության մասին՝ հինգ մեքենայի մասով, բայց էս պահին երկու մեքենան են մեզ նվեր տվել, ուստի և մենք այսօր, քանի որ նոր է տեղի ունեցել էդ ընդունում-հանձնումը, այսօր կհրապարակենք այդ երկու մեքենան, որ մենք նվեր ենք ընդունել։ Մնացած երեքի մասին կկարողանանք տեղեկատվություն տալ էն պահին, երբ որ լինի փոխանցումը նվերի, եթե չլինի, բնականաբար, չենք լինի։ Ես ասում եմ փաստերը, մնացածը ով ումն է, կներեք, ես պետռեգիստրի աշխատող չեմ», - նշեց քաղաքապետը։

Ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, որ մամուլը գրում է, թե այդ ընկերությունը նվիրատվության դիմաց շինթույլտվություն է ստացել, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ընդհանրապես նվերները և կառուցումները իրար հետ ոչ մի կապ չունեն, այո, այդ մարդիկ գործունեություն են ծավալում Երևանում, այո, բնականաբար և ամբողջ աշխարհում սոցիալական պատասխանատվության ծրագրերը, որոնք իրականացվում են, հենց իրականացվում ենք այն ընկերությունների կողմից, որոնք տվյալ վայրում գործունեություն են ծավալում, որը շատ բնականոն է»։

«Ազատությունը» Մարությանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանն աշխատանքից ազատվել, հիշեցնելով, որ Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետարանի հայտարարած պլաստիկ աղբամանների մրցույթի առաջին խմբաքանակի մատակարարման համար հաղթող է ճանաչվել հենց նրա՝ Խաչիկյանի քրոջ որդու կազմակերպությունը: Խաժակյանն այստեղ շահերի բախում էր տեսել։

«Եթե ինչ-որ մեկն ինչ-որ բան գտնում է, ասում է՝ սովորության համաձայն կարող է դիմել արդեն դատախազություն կամ այլ մարմին, եթե մեկը գտնում է, որ դա էդպես է կամ էդպես չի, մենք ունենք հազարավոր տենդերներ, և ես չեմ հետևում պրոցեսներին, այնուամենայնիվ, այո, իր դիմումի համաձայն պարոն Խաչիկյանը ազատվել է աշխատանքից», - արձագանքեց Մարությանը։

Առավոտից սկսված ավագանու նիստն ավարտվեց աշխատանքային օրվա վերջում։

Ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն արձագանքելով ճեպազրույցի ընթացքում քաղաքապետի հնչեցրած մտքին, թե քաղաքապետարանը բազմաթիվ տենդերներ է հայտարարում և ինքը չի հետևում դրանց ընթացքին, ասաց՝ վատն էլ հենց դա է: «Լույս» խմբակցությունը դեմ քվեարկեց համայնքի հնգամյա զարգացման ծրագրին, պարզաբանելով՝ կարևոր դրույթներ են հանվել, սա արդեն զարգացման ծրագիր չէ։

«Դուք դրանից հանել եք կարևոր ճանապարհաշինական ծրագրեր, ամբողջ ժողովուրդը խոսում է, որ քաղաքը ծանրաբեռնված է, նոր մեքենաներ են եկել, Դուք էդ փողը փոխանակ ուղղեք նոր ճանապարհներ կառուցեք, նոր ստորգետնյա, վերգետնյա ավտոկայանատեղիներ կառուցեք, սա ծրագրից հանել եք», - ասաց Խաժակյանը։

Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից Գայանե Մելքոմ Մելքոմյանը հակադարձեց Խաժակյանին. «Պետք է ընդհանրական զարգացման տեսլականը և ուղղությունները պարունակի, բայց կետային, այսինքն՝ այստեղ այսինչ հանգույցն են կառուցելու, այստեղ այսինչ բանն է քանդվելու տրամաբանական չէ հինգ տարի առաջ կանխատեսել և այդ մանրուքներով ներառել ծրագրի մեջ։ Երբ որ ընտրություններից հետո որոշակի կարճ ժամանակահատվածում ծրագիրը կազմվել է, տրամաբանական եմ համարում, որ հնարավոր են նմանատիպ փոքր դետալային կետերի մեջ լինել վերագնահատման անհրաժեշտություն»։

Ավագանու այսօրվա նիստում քաղաքապետի առաջին տեղակալն ասաց, որ կառավարության և դոնոր կազմակերպության հետ արդեն համաձայնություն է ձեռք բերվել ու նախնական տեղեկություններով՝ 2020-ի փետրվարին ավտոբուսների համար մրցույթ կհայտարարվի: Իսկ տրանսպորտային նոր ցանցի համար, ըստ քաղաքային իշխանության, շուրջ 850 ավտոբուս է պահանջվում:


XS
SM
MD
LG