Մատչելիության հղումներ

Հայկ Մարությանի դեմ վարույթի հիմքեր չկան. քաղաքապետարան


Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովը լրատվամիջոցներից մեկի հրապարակման հիման վրա, վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ։

Այս ամսվա սկզբին, «Ժողովուրդ» օրաթերթը հոդված էր հրապարակել՝ «Հայկ Մարությանը շուրջ մեկ տարի օրենք է խախտել» վերնագրով ու պնդել, թե
2018-ի հոկտեմբերի 13-ին պաշտոնը ստանձնած Մարությանը զուգահեռ տնօրինել է իր՝ «Երկուս ու կես» ՍՊԸ-ն:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացնում են՝ Մարությանի արարքում առկա են անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ, հետևաբար հարուցվել է վարույթ:

Գործերն ուսումնասիրելու և որոշում կայացնելու համար հանձնաժողովն 90 օր ժամանակ ունի։ Մինչև այդ քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տարակուսում է՝ հոդվածի հրապարակումից հետո ինքն արձագանքել է ու հրապարակել պետռեգիստրից ստացված փաստաթղթերը։

«Դա ուղղակի ապատեղեկատվություն է, շատ պարզ ապատեղեկատվություն, որովհետև Հայկ Մարությանը քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց երեք օր առաջ 18 թվականի հոկտեմբերի 10-ին դիմում է գրել «Երուս և կես» ՍՊԸ-ում տնօրենի պաշտոնից հեռանալու մասին, այսինքն՝ այդ պահից սկսած նա տնօրեն չի համարվում», - ասաց Կարապետյանը։

Քաղաքապետի մամուլի խոսնակն «Ազատությանն» ասաց, որ հերքման պահանջով դիմել է օրաթերթին՝ գրավոր ու բանավոր տարբերակներով, բայց պատասխան չկա։

«Հրապարակել ենք նաև Հակոբ Կարապետյանի դիրքորոշումը, ինչպե՞ս հերքենք անհերքելին», - ի պատասխան Կարապետյանի պնդումների՝ ասաց հոդվածի հեղինակը՝ լրագրող Սոնա Գրիգորյանը։

«Ոչ թե մենք հերքում ենք տպագրել, այսպես ասեմ, նախ մեր «Ժողովուրդ» օրաթերթում տպագրվել է այն փաստաթուղթը, որը Հակոբ Կարապետյանը տպագրել էր իր ֆեյսբուքյան էջում ու ասում էր, որ քաղաքապետ Հայկ Մարությանն առնչություն ունեցել է «Երկուս ու կես» ՍՊԸ-ի հետ այնքան ժամանակ, մինչև երբ որ արդեն ստանձնել է Երևանի քաղաքապետի լիազորությունները։ Մենք զուգահեռաբար թերթում տպագրել ենք և՛ Հակոբ Կարապետյանի ներկայացրած փաստաթուղթը, և՛ այն փաստաթուղթը, որը հայտնվել է մեր ձեռքի տակ։ Ես չեմ կարող ասել, թե Հակոբ Կարապետյանն ինչն է հերքում, եթե մեր փաստաթղթում գրված է, որ Հայկ Մարությանը հանդիսանում է «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրեն ու դա դադարեցվել է նոյեմբերի 27-ին, երբ որ իր եղբոր անունով է արդեն գրանցել ինքը», - նշեց Սոնա Գրիգորյանը։

Քաղաքապետի մամուլի խոսնակը շարունակում է պնդել՝ իրենց պաշտոնական հերքման պատասխանն այդուհանդերձ անպատասխան է թողել լրատվամիջոցը։ Կարապետյանն ասաց՝ այս խնդրին իրենք դեռ կանդրադառնան։

«Էսպիսի մի արձագանք օրերս դուրս եկավ «Ժողովուրդ» օրաթերթում, մոտավորապես էսպես՝ «Մենք ճիշտ էինք, Մարությանը սխալ» և մեջբերվում էր հանձնաժողովի վարույթ ընդունելու փաստը և էստեղ էլ ենք մենք տեսնում մանիպուլյացիա և հանրությանը մոլորության մեջ գցելու փորձ, որովհետև հանձնաժողովի կողմից վարույթ ընդունելը ներկայացվում է որպես իրենց ապատեղեկատվության հաստատում, ինչը էդպես չէ, եթե հանձնաժողովը հաստատի էս ակնհայտ փաստը, որ «Ժողովուրդ» օրաթերթը ապատեղեկատվություն է տարածում, գուցե ելնելով հանձնաժողովի լիազորությունների շրջանակից կարելի է ուսումնասիրել էդ շրջանակը և նույնպիսի վարույթ փորձել հարուցել՝ հասկանալու համար, թե ինչի համար են, ընդ որում պարբերաբար, ապատեղեկատվություն տարածում կոնկրետ քաղաքապետի հասցեին», - ասաց Հակոբ Կարապետյանը։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակն ասաց, որ դեկտեմբերի 18-ին իրենք միջնորդություն են ներկայացրել հանձնաժողով՝ Մարությանի անհամատեղելիության փաստը բացառելու վերաբերյալ։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ու Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի նախագահ ընտրված Հայկուհի Հարությունյանն «Ազատությանն» ասաց, որ իրենք դեռ չեն ստացել այդ միջնորդությունը, հավելեց՝ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար հանձնաժողովն էլ իր հերթին է դիմել քաղաքապետարան և օրաթերթին։ Թե ի՞նչ կհաջորդի հարուցված այս վարույթին՝ Հայկուհի Հարությունյանն ասաց՝ մինչև չստանան այդ տեղեկությունները չեն կարող ասել։

Ստացված եզրակացությունը, ըստ հանձնաժողովի նախագահի, պատասխանելու է հետևյալ հարցին՝ կա արդյո՞ք Հայկ Մարությանի կողմից պաշտոնի հետ անհամատեղելիության պահանջների խախտում։

«Եթե կլինի, որ կա օրենքով սահմանված կարգով մենք դիմելու էինք վերադաս մարմնին, բայց քանի որ ինքը վերադաս չունի, հանդիսանում է քաղաքական պաշտոն էդ պարագայում անպայման էդ որոշման մասին բացի հրապարակելը, էդ եզրակացությունը նաև ուղարկում ենք ավագանու անդամներին։ Էն բոլոր դեպքերում, եթե դա վերադասություն ունեցող պաշտոն զբաղեցնող անձ է, արդեն միանգամից առաջարկ է ներկայացվում տվյալ անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Եթե ասենք էն տեսակի է, որ իսկապես անհամատեղելիությունը արդեն կոպիտ խախտում է, որը որևէ ձևով շտկելի չի, կարելի է նաև բարձրացնել էդ պատասխանատվության հարցը՝ աշխատանքից հնարավոր հեռացման աշխատանք ներկայացնելով», - ասաց Հայկուհի Հարությունյանը։


XS
SM
MD
LG