Մատչելիության հղումներ

«Գալիք տարում մեծ կադրային կրճատում կլինի». շրջակա միջավայրի նախարարն ամփոփեց տարին


Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփում է տարին, Երևան, 25-ը դեկտեմբերի, 2019թ.

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, չնայած ընդդիմախոսների քննադատություններին, վստահեցնում է՝ անցնող տարում հեղափոխական քայլեր իրականացրել է։ Գուցե լրահոսում հնչեղ վերնագրերով աչքի չեն ընկել, սրտնեղեց նախարարը և դժվարացավ պատասխանել՝ լրահոսի ամենաեռուն թեմաներից մեկը՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագորման հարցը, գալիք տարում հանգուցալուծվելո՞ւ է, թե՞ ոչ:

«Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին: Ես կարող եմ պատասխանել՝ Շրջակա միջավայրի նախարարության գործառույթների շրջանակներում Ամուլսարի հետ կապված մենք ինչ ենք անում, ինչ ենք հայտնաբերել, ինչ գործողություններ ենք իրականացնում: Մեկ անգամ արդեն նշել եմ, այդ կազմակերպությունն ունի որոշակի լիզենցիաներ, թույլտվություններ՝ տրամադրված Հայաստանի Հանրապետության կողմից, չունի որոշակի թույլտվություններ, որ օրինակ՝ այս տարի 2 անգամ մերժվեց ջրօգտագործման հայտերը, քանի որ չէր համապատասխանում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին», - ասաց նա:

Այսինքն՝ կառավարությունը գնալու է խոչընդոտները հարթելու և ոսկու հանքը անվտանգ շահագործելո՞ւ ճանապարհով, հետաքրքրվեցինք նախարարից: «Մեզ համար նշաձողը Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում մեր լիազորությունները կատարելն է», - պատասխանեց նախարարը։

Ըստ նախարարի, անցնող տարվա բարեփոխումներն օրենսդրության տեսքով էին, որի արդյունքում, օրինակ, հնարավոր եղավ պայքարել ապօրինի անտառահատումների դեմ. - «Բարեփոխումները հիմնականում կապում եմ օրենսդրական այն մեծ փոփոխությունների հետ, որը տեղի ունեցավ անտառային ոլորտում՝ ապօրինի անտառահատումների հետ կապված, տեղի ունեցավ ջրերի ապօրինի օգտագործման հետ կապված, տեղի ունեցավ նաև կենսառեսուրսների կառավարման բնագավառում: Կառանձնացնեի Արարատյան դաշտում նաև ստորերկրյա ջրերի ինքնաշատրվանով լքված հորերի լուծարման կոնսերվացման գործը, 100 միլիոն խորանարդ մետր մոտավորապես ջուր ենք տնտեսում տարեկան», - նկատեց նա:

Տարվա արձանագրած ձախողումներից շրջակա միջավայրի գլխավոր պատասխանտուն առանձնացրեց մեկը. - «Մենք մեկանգամյա օգտագործման պլաստիկի փաթեթը չկարողացանք վերջնական այս տարի հասցնել, բայց կհասցնենք անպայման»:

Մինչ նախարարները կամփոփեին անցնող տարվա ձեռքբերումներն ու ձախողումները, օրեր առաջ վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, թե պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։ Շրջակա միջավայրի նախարարությունում դիմադրության հանդիպե՞լ է, և ովքե՞ր են դիմադրողները, հարցրինք ոլորտի ղեկավարին։ Սլաքներն ուղղեց միջին ու ստորին օղակներ։

«Կան որոշակի իներցիոն գործընթացներ, քանի որ բյուրոկրատական համակարգը բավականին, այսպես ասած, դանդաղ է գործողություններն իրականացնում, կան որոշակի խնդիրներ, երբ որ ստորին կամ միջին օղակներում նոր մտածողության ինտեգրման հետ կապված հարցեր կան, փորձում ենք այդ իներցիոն գործընթացները դադարեցնել և գնալ ավելի լավ կառավարման», - հավելեց Էրիկ Գրիգորյանը:

Նախկին նախարարներ Մանե Թանդիլյանը և Արծվիկ Մինասյանը վարչապետի հայտարարությունը համարել էին «կադրային ջարդի ահազանգ»։ էրիկ Գրիգորյանը չժխտեց՝ գալիք տարում կադրային կրճատումներ սպասվում են։ Ցանկն արդեն ներկայացվել է վարչապետի աշխատակազմին. - «Կադրային կրճատումներ կլինեն, և մենք արդեն ներկայացրել ենք վարչապետի աշխատակազմ, բավական մեծ կադրային կրճատումներ են լինելու, մոտավոր 30 տոկոս՝ մոտավոր 60-70 հոգի, եթե չեմ սխալվում»:

Էրիկ Գրիգորյանի աշխատանքից էլ դժգոհ է ընդդիմությունը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեռևս դեկտեմբերի սկզբին խորհրդարանում նախագիծ էր ներկայացրել շրջակա միջավայրի նախարարի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը ներկայացնելու մասին, սակայն այն չընդունվեց։

XS
SM
MD
LG