Մատչելիության հղումներ

Վճռաբեկը դադարեցրել է հետապնդումը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ


Ժիրայր Սեֆիլյանը դատարանի դահլիճում, արխիվ
Ժիրայր Սեֆիլյանը դատարանի դահլիճում, արխիվ

Վճռաբեկ դատարանն այսօր որոշում է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ:

Նրա փաստաբան Արայիկ Պապիկյանն «Ազատությանը» փոխանցեց, որ վճռաբեկ էին դիմել արդարացման պահանջով: Սեֆիլյանը մեղադրվում էր զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ինչպես նաև կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերման համար, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։

Փաստաբան Պապիկյանն ասաց, որ զանգվածային անկարգությունների հոդվածը 2018-ին նախաձեռնված համաներման օրենքով է սահմանված, և Սեֆիլյանի նկատմամբ կիրառվում է համաներումը: Պապիկյանն ասաց, որ ինչ վերաբերում է Սեֆիլյանին մեղսագրվող մյուս 2 հոդվածներին, ապա ավելի վաղ Վերաքննիչ քրեական դատարանը դադարեցրել էր շենք-շինություններ զավթելու մտադրության մասին հոդվածով հետապնդումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սեֆիլյանը կամովին հրաժարվել է այդ արարքը կատարելու մտադրությունից:

Երրորդ՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք փոխադրելու հոդվածի պարագայում այսօր Վճռաբեկ դատարանը կրճատեց դրա համար սահմանված առավելագույն 3 տարվա պատժաչափը և այն դարձրեց 2 տարի: Եվ քանի որ Սեֆիլյանը 2 տարի կալանքի տակ է եղել, վճռաբեկը համարել է, որ Սեֆիլյանը կրել է պատիժը։

Բացի դա՝ Վճռաբեկ դատարանն այսօր համաներման որոշում կիրառեց ակտիվիստ, «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ, ով մեղադրվում էր զանգվածային անկարգությունների համար: Արայիկ Պապիկյանն ասում է՝ նույն սկզբունքը՝ համաներումն է կիրառվել Սաֆարյանի նկատմամբ:

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել էր 10 տարի 5 ամսվա ազատազրկման:

Դատավորն ամբողջությամբ ապացուցված էր համարել, որ Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և այլն, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG