Մատչելիության հղումներ

Հեղափոխությանը դիմադրող օջախներ Արարատի մարզում էլ կան, ասում է մարզպետը


«Ավել ծնունդներ ենք ունեցել 53 երեխա, չեմ ուզում՝ սա մարզպետարանի ձեռքբերումը մենք համարենք», - Արարատի մարզպետն այսօր այս բարի լուրով սկսեց իր ամփոփիչ մամուլի ասուլիսը:

Գարիկ Սարգսյանը ներկայացրեց 2019-ին կատարված աշխատանքները՝ վերանորոգված ճանապարհներ, քաղաքաշինական աշխատանքներ, կառուցված ջրագծեր և այլն։ Մարզպետն անցնող տարում ավելի քան 400 քաղաքացու է ընդունել իր աշխատասենյակում, ասաց՝ հաճախ իրեն դիմում են 25-30 տարվա վաղեմության հարցերով:

«Մենք, իհարկե, պատրաստակամ ենք, փորձում ենք նրանց աջակցել այդ հարցում, սակայն եթե մեր քաղաքացիների հարցը լուծվում է այլ հարթությունում, նրանք թող չնեղանան մեզանից, որ մենք չենք միջամտում դատարանների գործերին, դատախազության, քննչական, իրավապահ մարմինների գործերին կամ չենք միջամտում ՏԻՄ-ին իրենց աշխատանքներում», - ասաց նա:

Կատարած աշխատանքից խոսելուց հետո հերթը քննադատություններին ու բողոքողներինն էր: Սարգսյանի խոսքով՝ շատերը պնդում են, թե դպրոցների տնօրենների և այլ աշխատակիցների համար մրցույթներն իրենք պատշաճ չեն կազմակերպում. - «Մեր կողմից ոչ մեկը չի հովանավորվում, մեր լեզվով ասած՝ մարզպետարանից «դաբրոներ» ոչ մեկը չի կարող ունենալ», - նկատեց նա:

Երկու շաբաթ առաջ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Արդյոք Արարատի մարզի պետական կառույցներում կա՞ն դիմադրողներ, Գարիկ Սարգսյանն ասաց. - «Եթե վարչապետը խոսում է, որ ամբողջ պետական համակարգը, դա վերաբերում է ամբողջ Հայաստանի Հանրապետությանը: Արարատի մարզն այդտեղ բացառություն չէ, ունենք դիմադրող օջախներ, կան աշխատակիցներ, ովքեր նախկինում աշխատել են ոչ թե աշխատավարձ ստանալու համար, այլ այդ պաշտոնը օգտագործելու և տարբեր մեխանիզմներով հավելյալ եկամուտներ ստանալու համար»:

Մարզպետը վստահեցնում է՝ կոռուպցիոն երևույթները բացահայտվելու են. - «Եվ թևերը ոլորած՝ ինչ-որ պետական շենքերից դուրս են հանելու նրանց»:

Եթե մարզպետարանում կոռուպցիա լինի, Սարգսյանն այն առաջին հերթին իրեն կվերագրի: Մարզպետի խոսքով՝ իրենց աշխատակիցներին պատշաճ վարձատրում են, և պագևատրումների շուրջ 86 մլն դրամ ֆոնդը հենց դրա համար է, քանի որ աշխատավարձերի բարձրացում դեռ չկա: Մարզպետը մի քանի օր առաջ աշխատակիցներին հանձնարարել է գնահատել իրենց աշխատանքը 0-10 բալային համակարգով:

Իսկ ինչպե՞ս են Արարատի բնակիչները գնահատում Սարգսյանի աշխատանքը, «Ազատության» այս մասին հարցումների ժամանակ բնակիչները տարբեր պատասխաններ էին տալիս. «Շատ լավ, ինչի՞ չէ, աշխատում է»: «Չեմ իմանում, բայց երևի բողոքներ կան: Եթե էտ իրա կոկորդիլոսական բաները թողեր...»: «Դե ի՞նչ ասեմ, մարդիկ խոսում, ասում են՝ կոկորդիլոս թռցնող է, չե ճանաչում ես իրան, լավ բան էլ չեմ տեսել սկի»:

Մարզպետը կոկորդիլոսներից էլ խոսեց: Հիշեցնենք, Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան հիմնելու մտադրություն ունեցող ընկերություն կա, սակայն արդեն տևական ժամանակ է՝ նորություն չկա. - «Երբ որ ծրագիրը բարձրաձայնվեց, մեր հասարակության կողմից չընդունվեց, և միգուցե դա էր պատճառը, որ ներդրողի կողմից... Ոչ հրաժարվելու, ոչ չափից ավելի շահագրգռվածություն ես չեմ կարող ցուցաբերել, ուղղակի մեզանից կախված, մենք ցանկացած ներդրողի չենք խոչընդոտելու իր ծրագրերն իրականացնել մեր մարզում, ինչքան էլ որ դա ֆանտազիայի ժանրից կարող է թվալ»:

Երիտասարդ ՔՊ-ականը դատական հայց է ներկայացրել այն լրատվամիջոցի դեմ, որտեղից տարածվել էր այն տեղեկությունը, թե իր վարորդը ծեծի է ենթարկել մարզպետի հայրենի Նոր կյանքի գյուղի վարսավիր Սերոբ Բարֆյանին, այն բանի համար, թե վերջինս հերթում սպասողների պատճառով հրաժարվել է սպասարկել Սարգսյանին։ Վարսահարդարի հայրն էլ «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ Գարիկ Սարգսյանի վարորդը մի քանի այլ երիտասարդների հետ գնացել ու պարզաբանում էր պահանջել իր որդուց: Նա ասել էր, թե երևի գոռգոռալով խոսել են ու թողել, գնացել: Մարզպետն այս լուրը հերքել էր անմիջապես, իսկ վարսավիրի հոր խոսքով էլ՝ տղան այս միջաեպից հետո հեռացել էր Նոր կյանքից։

«Զրպարտության համար նրանցից փոխհատուցում ենք պահանջելու, ինչպես նաև լինելու է հերքման պահանջ», - հայտնեց Սարգսյանը:

XS
SM
MD
LG