Մատչելիության հղումներ

Վրաստանում պահանջում են ներքին գործերի նախարարի հրաժարականը


«Գրողի ծոցը կորչի նման կառավարությունը», «Համակարգը սպանում է», «Պատժե՛ք մեղավորներին», մի քանի օր է՝ Վրաստանի մայրաքաղաքում ու խոշորագույն մյուս քաղաքներում հազարավոր մարդիկ այս կարգախոսներով փողոց են դուրս գալիս՝ պահանջելով ներքին գործերի նախարարի ու իրավապահների հրաժարականը:

Բողոքի ալիքի պատճառ է դարձել անչափահաս Լուկա Սիրաձեի ինքնասպանությունը: 15-ամյա դպրոցականը շաբաթասկզբին ցած էր նետվել 9-րդ հարկից՝ ոստիկանությունում մի քանի ժամ շարունակ հարցաքննվելուց հետո: Հարազատներն ու իրավապաշտպանները պնդում են՝ քննիչը ճնշում է գործադրել անչափահասի վրա՝ ցուցմունքներ կորզելու համար:

«Պետք է պատասխան տան բոլորը», - երկրորդ օրն է՝ հայտարարում է ցույցերի նախաձեռնողներից մեկը՝ իրավապաշտպան, Արդարության բարձրագույն խորհրդի անդամ Աննա Դոլիձեն. - «Պահանջում ենք, որպեսզի քննությունը ամենակարճ ժամկետում լույս սփռի բազմաթիվ հարցերի վրա: Մենք իշխանությանը զգուշացնում ենք՝ չենք թողնի, որ նախարարությունն այս գործն էլ, մյուսների նման մոռացության մատնի դարակներում: Նորմալ երկրում այսպիսի դեպքից հետո Ներքին գործերի նախարարը վաղուց արդեն հրաժարական տված կլիներ»:

Նախօեին, ի նշան բողոքի, ցուցարարները նախարարության առջև դպրոցական դատարկ գրասեղան էին դրել, դրանից առաջ՝ մոմերով երթ անցկացրել քաղաքի կենտրոնում ու գխավոր փողոցները ծածկել հայհոյախառն արտահայտություններով: Մահացած երիտասարդը հենց դրա՝ դպրոցի պատին գրաֆիտի անելու համար էր ոստիկանություն կանչվել:

Մայրը պնդում է, թե քննիչը նրան սպառնացել է՝ եթե ինքնախոստովանական ցուցմունք չգրի, Զինվորական ակադեմիայում սովորող եղբայրը խնդիրներ կունենա:

«Հոգեբանական ճնշումներն ու սպառնալիքներն այնքան ինտենսիվ ու իրական են եղել, որ պատանին վատ է զգացել հարցաքննության ժամանակ և բժշկական օգնություն խնդրել, ինչը նրան չի տրամադրվել», - հայտարարել է տուժողի շահերը ներկայացնող Վրաստանի երիտասարդ փաստաբանների ընկերակցությունը:

Վերջիններս պնդում են՝ Լուկան քննիչների միակ զոհը չէ, նույն գործով որպես վկա անցնող մեկ այլ երիտասարդ ևս հարցաքննությունից հետո ինքնասպանության փորձ է արել, ասում է զոհվածի ընտանիքի փաստաբան Ռեվազ Աչարաձեն. - «Պետական մեղադրողը հաստատում է փաստը, որ ևս մեկ անչափահաս փոձել է իրեն վնասել, այդ ամենը կա գործում: Ընդ որում, տուժածը եղել է ոստիկանության նույն բաժանմունքում հենց այդ օրը և ակնհայտորեն նույնատիպ ճնշումների ենթարկվել ոստիկանության կողմից»:

Կառավարությունը, որին շաբաթներ առաջ միայն հաջողեց ինչ-որ կերպ մեղմել ընդդիմության բողոքի ցույցերը, նոր միջադեպին արձագանքել է բավական արագ: Ողբերգությունից անմիջապես հետո երիտասարդին հարցաքննած ավագ քննիչ Մարիաննա Չալոյանին մեղադրանք է առաջադրվել՝ լիազորությունները չարաշահելու համար, երեկ դատարանը նրան որոշել է կալանավորել: Վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության անունից ցավակցություն է հայտնել, միջկառավարական հանձնաժողով է ստեղծել և խոստացել անձամբ հետևել քննությանը:

«Վստահ եմ, որ պետական մեղադրողի ինստիտուտը, որն քննում է պաշտոնյաների և իրավապահների կողմից թույլ տրված ապօրինությունները, լիակատար թափանցիկության և արդարության մեջ կքննի այս գործը, որ հասարակության մեջ անպատասխան հարցեր չմնան: Իրավապահ բոլոր կառույցներին հրահանգվել է արդյունավետ համագործակցել քննության հետ ու առավելագույնս աջակցել», - ասել է նա:

Վարչապետից հետո հայտարարությամբ է հանդես եկել նաև խորհրդարանական մեծամասնությունը: Օրենսդիր մարմնի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահը հավաստիացրել է՝ խորհրդարանը ուշի ուշով է հետևելու դեպքերի զարգացմանն ու հետամուտ է լինելու, որ բոլոր մեղավորները կանչվեն պատասխանատվության: Նախագահի վարչակազմն իր հերթին չեղարկել է այս օրերին նախատեսված տոնական բոլոր միջոցառումները:

Փորձագետները փաստում են՝ պաշտոնյաների արագ ու միասնական այս արձագանքը վկայում է, թե որքան են նրանք զգուշանում փողոցում վերսկսված ցույցերից ու դրանց հնարավոր հետևանքներից: Շատերն են հիշում, թե ինչ մեծ աղմուկ էր բարձրացրել Թբիլիսիի Խորավա փողոցում սպանված երկու անչափահասների գործով քննությունը: Արդարության պահանջով այն ժամանակ ևս հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել, սպանվածների ծնողներն էլ հացադուլ սկսել խորհդարանի շենքի առջև:

Շաբաթներ շարունակված այդ ցույցերից հետո երկրի գլխավոր դատախազը հրաժարական տվեց, դատախազության աշխատակիցներից մեկն էլ ձերբակալվել էր՝ քննությանը խոչընդոտելու հոդվածով:

«Վերջին միջադեպը վկայում է, որ Վրաստանի իրավապահ համակարգում առկա թերությունները համակարգային են, և մեր պայքարը չի դադարի, քանի դեռ դրանք լիովին չեն վերացվել», - հայտարարում են այս օրերին Թբիլիսիում բողոքի ցույցեր անցկացնող ակտիվիստները:

XS
SM
MD
LG