Նախկին դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանի կողմից համակարգվող` երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի ազատության նորաստեղծ հանձնախումբը այսօր հայտարարություն է տարածել, թե Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ կոչ են անում կալանավորված Քոչարյանին ազատ արձակել։
Հայտարարության տակ են կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մարտիրոսյանի, երգիչներ Ռազմիկ Ամյանի, Հայկոյի, Արսեն Գրիգորյանի, Ալլա Լևոնյանի, Արմինկայի, Գայա Արզումանյանի, դերասաններ Գուժ Մանուկյանի, Լուիզա Ղամբարյանի և այլ հայտնիների անուններ։
Այստեղ են նաև «Матч ТВ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Թինա Կանդելակիի, կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի, Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի անունները։
«Ազատություն»-ը կապ հաստատեց նրանցից մի քանիսի հետ, Գուժ Մանուկյանի հեռախոսին մի կին պատասխանեց, որը չցանկացավ ներկայանալ. «Պարոն Մանուկյանն ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունի, ես միայն դա կարող եմ ասել»։
Ռազմիկ Ամյանի հեռախոսին էլ մի կին պատասխանեց. «Մենք ճիշտն ասած մամուլից ենք իմացել նման բանի մասին։ Պրոդյուսերն է առհասարակ հարցազրույց տալիս, ուղղակի հիմա ինքը համ երկրում չի, համ էլ վատառողջ է, բայց մենք մամուլից ենք այսօր իմացել»։
«Ազատության» հարցին՝ այսինքն չի՞ ստորագրել, զրուցակիցը պատասխանեց. «Ոչինչ չեմ կարող ասել»։
Դերասան Ավո Խալաթյանն անձամբ պատասխանեց մեր հեռախոսազանգին. «Դեռ չի ստորագրվել»։
Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ էլ խոսեցինք, նա հաստատեց, որ ստորագրել է այս հայտարարության տակ։
4rd.am-ն էլ զրուցել է Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ, ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանի հետ, որի անունն էլ կա այդ ցուցակում, նա պատասխանել է. «Ինձ զանգահարել են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից և հարցրել՝ Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ, որպեսզի փոխվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Ես ասել եմ՝ դատում են՝ դատեն, թողնում են՝ թողնեն: Իմ ասածի իմաստը եղել է հետևյալը. եթե մեղավոր է, թող դատապարտվի, եթե մեղավոր է, պետք է իր արժանի պատիժը կրի: Ցանկացած մարդ, ով հանցագործություն է կատարել այս երկրում, պետք է պատժվի: Բայց եթե որոշակի հանգամանքներում չի ապացուցվում մարդու մեղավորությունը, պետք է մարդուն թողել, մինչև ապացուցվի հանցագործությունը: Այդպիսի բան չի եղել, որ մեզ թուղթ բերեն, մենք ստորագրենք»։
5 տարի առաջ «արժեքների հեղափոխության» դուրս եկած և խուլիգանության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված, անցած տարի համաներմամբ ազատ արձակված Շանթ Հարությունյանն էլ չի ցանկանում, որ Քոչարյանը կալանքի տակ մնա։
«Ես գտնում եմ, որ քննությունը կարա էթա, էն մարդը տնից էթա-գա։ Միանշանակ կողմ եմ, որ ինքը ազատվի. ոչ թե գործը կարճվի, խափանման միջոցը փոխվի», - ասաց Հարությունյանը։
Այդուհանդերձ, կան մարդիկ, որոնք դեմ են, որ Քոչարյանն ազատ արձակվի: Այդ անձանցից մեկը 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների ժամանակ որդուն կորցրած Սարգիս Քլոյանն է, նա այս հայտարարությանը միացածներին ասելիք ունի. «Եթե ձեր երեխային գնդակահարեր Քոչարյանը, դուք նրա ազատ արձակումը կպահանջեի՞ք, խափանման միջոցը կփոխեի՞ք, չէ՞ որ նա սպանել է իմ 28 տարեկան տղուն: Դուք, արվեստի գործիչներ, մի անգամ Մարտի 1-ի զոհերի հարազատներին ցավակցե՞լ եք»։
Քլոյանը նախկին նախագահին «վտանգավոր մարդ» բառերով է բնորոշում․ «Նա նստած տեղը հիմա անում է իր սև գործը, ո՞նց կարելի է նրան ազատ արձակել։ Աստված չանի՝ ժողովուրդն ըլնի ոտի»։