Դուբայի հիվանդանոցներից մեկում գտնվող Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆն Իսլամաբադի հատուկ դատարանի կողմից իրեն մահվան դատապարտելու վճիռը որակել է որպես անձնական վրեժխնդրության արդյունք:
«Այս վճիռը խիստ կասկածելի է, քանի որ դատավարության ողջ ընթացքում օրենքի գերակայության սկզբունքը ծայրից ծայր խախտվել է», - նշել է Մուշարաֆը:
Իսլամաբադի հատուկ դատարանը Պակիստանի նախկին նախագահին հեռակա կարգով մահվան էր դատապարտել դեկտեմբերի 17-ին` նրան մեղավոր ճանաչելով սահմանադրական կարգը տապալելու համար: Պաշտոնավարման վերջին ամիսներին` 2007 թվականի աշնանը, Փերվեզ Մուշարաֆը սառեցրել էր երկրի Սահմանադրության գործողությունը` արտակարգ դրություն հայտարարելով: Մուշարաֆն իշխանության էր եկել 1999 թվականի հոկտեմբերին` ռազմական հեղաշրջման հետևանքով: