Մատչելիության հղումներ

Պակիստանի նախկին նախագահը դատապարտվել է մահվան


Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը, արխիվ
Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը, արխիվ

Պակիստանի հակաահաբեկչական դատարանը երկրի նախկին նախագահ, գեներալ Փերվեզ Մուշարաֆին հեռակա կարգով դատապարտել է մահվան:

Մուշարաֆը մեղադրվել է պետական դավաճանության և սահմանադրական կարգը տապալելու հոդվածներով:

76-ամյա Մուշարաֆը վերջին տարիներին ապաստանել է Արաբական Միացյալ Էմիրություններում և բնակվում է Դուբայում: Ըստ նրա մտերիմների՝ գեներալը ծանր հիվանդ է:

Նախկինում Մուշարաֆն ուներ խիզախ զինվորի և իսլամին անվերապահորեն նվիրված հավատացյալի համբավ: Նա ընդգծել է, թե իր համար ամենաբարձր արժեքը երկրի շահն է. - «Իմ առաքելությունն է ծառայել պետությանը, ես անկեղծ համոզված եմ, որ դա է իմ խնդիրը», - տարիներ առաջ հայտարարել է Մուշարաֆը:

Նա երկիրը ղեկավարել է գրեթե մեկ տասնամյակ՝ 1999-ից մինչև 2008 թվականը:

1998 թվականին նա նշանակվել է Պակիստանի զինված ուժերի հրամանատար և արդեն հաջորդ տարի պետական անարյուն հեղաշրջման եղանակով տապալել է վարչապետ Նավազ Շարիֆի կառավարությունը:

Մուշարաֆը նախագահ Ռաֆիք Թարարին ստիպել է հավատարիմ գեներալներին վստահել բարձր պաշտոններ և դարձել է պետության փաստացի ղեկավար:

Գահընկեց արված վարչապետին դավաճանության, սպանության փորձի, կոռուպցիայի և մի շարք այլ հոդվածներով դատապարտել են 14 տարվա ազատազրկման:

2000 թվականին Մուշարաֆն արձակել է «Դատավորների երդում» անվամբ հրամանագիրը, որով բոլոր դատավորներին պարտադրել է հավատարմություն հայտնել Պակիստանի զինված ուժերին:

2001-ին իշխանության որևէ լծակ չունեցող նախագահ Թարիրը հրաժարական է ներկայացրել, և Մուշարաֆն ինքն իրեն նշանակել է նախագահ:

2002-ին Պակիստանում տեղի են ունեցել համընդհանուր ընտրություններ, Մուշարաֆի հավանությամբ վարչապետ է նշանակվել Զաֆարուլահ Ջամալին, որին դիկտատորը փոխանցել է իր լիազորությունների մի մասը:

2007-ին Մուշարաֆն իր նախագահությունը 4 տարով երկարաձգելու ցանկություն է հայտնել, Գերագույն դատարանն առարկել է, բայց գեներալի շրջապատի գործադրած ճնշման արդյունքում տեղի է տվել:

2007-ին Մուշաֆարն արտակարգ դրություն է մտցրել և հայտարարել է, որ Սահմանադրությունը միառժամանակ չի գործի: Դրան հաջորդել են բողոքի զանգվածային ակցիաներ:

Բանակը ձերբակալել է Գերագույն դատարանի դատավորներին, հսկողության տակ է վերցրել պետական հեռուստատեսությունը և ռադիոն, իսկ մասնավոր հեռուստառադիոկայանները պարզապես եթերազրկել է:

2007-ի դեկտեմբերի 27-ին վարչապետ Բենազիր Բհութոն ահաբեկչական գրոհի արդյունքում սպանվել է: Ի դեպ, 1979-ի մարտին նրա հայրը՝ նախկին վարչապետ, Պակիստանի Ժողովրդական կուսակցության հիմնադիր Զուլֆիքար Ալի Բհութոն, դատապարտվել է մահվան և կախաղան է հանվել:

2008-ի ընտրություններում աննախադեպ հաջողություն է գրանցել հայր և դուստր Բհութոների քաղաքական հենարան Պակիստանի ժողովրդական կուսակցությունը: Այդ ժամանակ վերադարձել է նաև Նավազ Շարիֆը:

Նոր ուժերը պահանջել են Մուշարաֆի հրաժարականը, որը գեներալը մերժել է:

Բանակի չեզոքության պայմաններում քաղաքական կուսակցությունները հայտարարել են Մուշարաֆին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնության մասին:

2008-ի օգոստոսի 18-ին Մուշարաֆը ազատել է նախագահի պաշտոնը: Օրեր անց հրապարակվել է հարցում, որի արդյունքների համաձայն, պակիստանցիների 63 տոկոսը ողջունել է գեներալի հրաժարականը:

2011-ին Մուշարաֆը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին: 2013-ի մարտին նա վերադարձել է հայրենիք, նրան դիմավորել են հարյուրավոր աջակիցներ: Սակայն ապրիլին դատարանն արգելել է Մուշարաֆին մասնակցել նախագահական նոր ընտրություններին:

Պակիստանի բարդ քաղաքական վիճակին բնորոշ հանգամանքներից են քաղաքական սպանությունները, դատավարությունները և որոշ դեպքերում՝ քաղաքական վերադարձը:

Հայր Բհութոյին սպանել են, դուստրը՝ Բենազիրը, մի քանի անգամ վարչապետ է աշխատել և սպանվել է, Նավազ Շարիֆին ազատազրկել են, նա վերադարձել և նորից ստանձնել է վարչապետի պաշտոնը, բայց հիմա էլ կոռուպցիայի մեջ է մեղադրվում:

Վերջապես, գեներալ Մուշարաֆը, ով հեղաշրջման եղանակով յուրացրել է իշխանությունը, փորձել է երկարաձգել նախագահությունը, փախուստի է դիմել, հայտարարել է վերադառնալու մասին և վերադառնալով ազատազրկվել ու բուժման հանգամանքով ազատվել ու ապաստանել է արաբական երկրում:

Հիմա էլ նրան դատապարտել են մահվան: Ներկայիս վարչապետ Իմրան Խանի գրասենյակը հայտնել է, թե կուսումնասիրի դատարանի կայացրած վճիռը և միայն դրանից հետո կարծիք կհայտնի:

Եթե Մուշարաֆը վերադառնա Պակիստան, նրան անմիջապես կձերբակալեն, սակայն մահապատիժն ի կատար չի ածվի, քանի որ գեներալն ունի այն բողոքարկելու իրավունք:

Ինքը Մուշարաֆը մշտապես հերքել է մեղադրանքները և պնդել է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG