Մատչելիության հղումներ

Վարչապետը կարևորել է մշակութային օջախների արդյունավետ գործունեությունը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների հայտը:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ուսումնական հաստատությունների արդյունավետության բարձրացման նպատակով 2020 թվականին նախատեսվում է կազմակերպել ուսուցիչների ատեստավորման գործընթաց, որի արդյունքներից ելնելով էլ կիրականացվեն վերապատրաստման ծրագրեր: Աշխատանքներ են տարվում ավագ դպրոցների ծրագրերը փոխելու, դրանք ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Քննարկումներ են ընթանում նաև առարկայացանկի և ուսումնական ծրագրի շուրջ:

Անդրադարձ է կատարվել մշակույթի, մասնավորապես, թանգարանների, թատրոնների, երաժշտական կոլեկտիվների գործունեությանը, վերջիններիս գործունեության ակտիվացմանը: Վարչապետը կարևորել է մշակութային օջախների արդյունավետ գործունեությունը, այդ թվում` սեփական եկամուտների ավելացման ուղղությամբ, ինչը թույլ կտա բացի պետական միջոցներից ներգրավվել նաև այլ ֆինանսներ և ուղղել սեփական գործունեության ընդլայնմանն ու խնդիրների լուծմանը:

Սպորտի ոլորտին հաջորդ տարվա համար հատկացվել է ավելի քան 4 մլրդ դրամ և դրա շրջանակում նախատեսվում են երեք տասնյակ միջոցառումներ:

Տեղեկացվել է նաև, որ գերատեսչությունում շարունակվում է ծառայողական ավտոպարկի օպտիմալացման գործընթացը. 19 ծառայողական ավտոմեքենայից այժմ նախարարության տրամադրության ներքո է շարունակում մնալ 8-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG