Մատչելիության հղումներ

Արշակյան. Հայաստանյան բարձր տեխնոլոգիական ոլորտի արտադրանքը 5 տարի անց կկազմի կես մլրդ դոլար


Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը մամուլի ասուլիս է տալիս, 18-ը դեկտեմբերի, 2019թ.

Կառավարության իրականացրած ռազմավարության շնորհիվ ակնկալվում է, որ հայաստանյան բարձր տեխնոլոգիական ոլորտի թողարկած արտադրանքի՝ software-ի ու hardware-ի ծավալը 5 տարի անց կկազմի շուրջ կես միլիարդ դոլար՝ կրկնապատկվելով 2018թ. համեմատ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«2018 թվականին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, որը տեղեկատվական տեխնոլոգիաներ է և բարձր տեխնոլոգիաներ, այսինքն՝ և՛ ծրագրային ապահովում, և՛ սարքավորումների արտադրություն, միասին կազմել է 250 միլիոն դոլար 2018 թվականին, աճը 2017 թվականի նկատմամբ կազմել է 33 տոկոս: Եթե հետ գնալու լինենք, կարող ենք ասել, որ 2015-ից մինչև 2018 թվականը միջին աճը շուրջ 28 տոկոս է եղել, այսինքն՝ աճի տեմպերը բավականին լուրջ են», - ասաց նա:

Ըստ նախարարի, հայաստանյան բարձր տեխնոլոգիական ոլորտում 2018թ. դրությամբ ներգրավված է եղել 15 հազար աշխատակից։ Աշխատակիցների վերաբերյալ այս տարվա տվյալները կամփոփվեն հունվարին։ Ոլորտի աճի տվյալները նույնպես կամփոփվեն հաջորդ ամիս, սակայն, ինչպես այսօր կանխատեսեց նախարարը, այն կկազմի մոտ 30%։

«Իհարկե, մենք հայտարարել էինք Ազգային վենչուրային ֆոնդի ստեղծման մասին, արդեն երկրորդ եռամսյակում ֆոնդը կգրանցվի, և 2020 թվականին հնարավորություն կլինի 5 միլիոն դոլարի ներդրումներ անել տեխնոլոգիական ոլորտում, առնվազն 5 միլիոն դոլարի, որից հետո արդեն, մեր գնահատականներով, մինչև 2027 թիվը Հայաստանում շուրջ 100 միլիոն դոլարանոց ֆոնդի ստեղծումը և դրա իրացումը տեղի կունենա», - հայտարարեց նա:

Արշակյանը նշեց, որ 2019թ. ընթացքում բարձր տեխնոլոգիական ոլորտի 230 ընկերության կառավարությունը պետական աջակցություն է ցուցաբերել, այդ ընկերությունները ստեղծել են շուրջ 1200 նոր աշխատատեղ. - «Այստեղ նույնպես մի ուշագրավ փաստ եմ ուզում՝ արձանագրենք: Մենք ունենք սփյուռքից դիմած անհատների և ընկերությունների մեծ թիվ, շուրջ 15-20 տոկոսը, այսինքն՝ շուրջ 45 ընկերություն բացվել է սփյուռքահայերի կողմից: Սա նշանակում է, որ մենք տաղանդի ներհոսք ունենք և՛ կարողությունների տեսանկյունից, և՛ տաղանդի տեսանկյունից, որը լավ նորություն է մեզ համար: Երկրները, որտեղից մեր հայրենակիցները դիմել են այս ծրագրով, Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան, Ավստրալիա, Վրաստան, Շվեյցարիա, Իրան, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Նիդերլանդներ: Նաև միջազգային ընկերությունների նոր գրասենյակներ ունենք Հայաստանում բացված, դրանցից ամենաուշագրավն իհարկե «Զայլինքս» ընկերությունն է, որը աշխարհի առաջատարն է միկրոէլեկտրոնիկայի ոլորտում, կիսահաղորդիչների», - նկատեց նախարարը:

Կառավարության աջակցությամբ մյուս տարի ոլորտի 6000 մասնագետի համար կրթական դասընթացներ են անցկացվելու, բարձր տեխնոլոգիական հայաստանյան բնագավառի 45 ձեռներեցներ մեկնելու են ԱՄՆ սիլիկոնյան հովիտ՝ վերապատրաստման. - «Կրթական մասով Գյումրու և Վանաձորի տեխնոպարկերի մասին կուզենայի խոսել, մենք այնտեղ վերապատրաստման դասընթացներ ենք արել 2019 թվականին և ունենք Գյումրու տեխնոպարկում շուրջ 860 ուսանողներ, որտեղ արդեն տեղակայված են 35 ընկերություններ: Այսինքն՝ մենք կարող ենք ասել, որ Գյումրին արդեն տեխնոլոգիական մեր երկրորդ կենտրոնն է դառնում: Վանաձորում ընկերությունների թիվն արդեն 20-ի է հասնում, շուրջ 370 ուսանողներ են այնտեղ վերապատրաստում անցել», - հայտնեց նա:

Նախարարը խոսեց նաև հայաստանյան ռազմաարդյունաբերության ոլորտից, ասաց՝ պետական պատվերը մյուս տարի կրկնապատկվելու է՝ հասնելով 6.3 միլիրադ դրամի. - «Տնտեսումների հաշվին վերաբաշխումից շուրջ 1 միլիարդ դրամ, այսինքն՝ 984 միլիոն դրամ հատկացվել է հավելյալ ռազմաարդյունաբերական համալիրին, նոր մշակումներ և նոր պրոյեկտներ սկսելու տեսանկյունից դա շուրջ 2 ամիս առաջ է եղել, և այդ 2 ամսվա ընթացքում մենք արդեն ռեալիզացրել ենք այդ գումարը: Այս 2 օրերին մնացած պայմանագրերն են կնքվում», - շեշտեց նա:

Ըստ Հակոբ Արշակյանի, մյուս տարի ավարտվում է «Ղարաբաղ տելեկոմին» Արցախի իշխանությունների կողմից տրված մենաշնորհը, ինչը թույլ կտա էլ ավելի իջեցնել բջջային կապի սակագները Հայաստանի ու Արցախի միջև։

XS
SM
MD
LG