Մատչելիության հղումներ

Արշակյան․ 2024թ․ հայաստանյան software-ի ու hardware-ի ծավալը կարող է հասնել 400 մլն դոլարի


Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը պատասխանում է «Ազատության» հարցերին, 27-ը նոյեմբերի, 2019թ.

Նախորդ հինգ տարիներին հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտի՝ high tech-ի ծավալներն ավելի քան կրկնապատկվել են, և ծրագրվում է առաջիկա հինգ տարիներին ոլորտում գրանցել առնվազն 60 տոկոս աճ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը հասցնելով 400 միլիոն դոլարի:

Այսօր «Ազատության» հետ զրույցում նման թվեր հրապարակեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ նաև նախատեսվում է մինչև 2024թ. Հայաստանում հիմնել մինչև 100 միլիոն դոլար կարողությամբ վենչուրային հիմնադրամ, որը կֆինանսավորի ոլորտի ձեռնարկություններին:

«High tech-ն իր մեջ ներառում է և՛ ծրագրային ապահովում, և՛ սարքաշինություն, սարքեր, ասենք՝ էլեկտրոնիկա, միկրոէլեկտրոնիկա, և՛ software, և՛ hardware, և՛ սիստեմներ, և այդ առումով մենք նաև հիմա Վիճակագրական կոմիտեի և մեր այլ գործընկերների հետ փորձում ենք հստակեցնել, ստանդարտեցնել, որպեսզի դրանով կարողանանք առաջ գնալ։ Ես կարող եմ ասել, որ վերջին հինգ տարիների ընթացքում առնվազն 25 տոկոսով աճել է այս ոլորտը տարեկան, software-ը hardware-ի միասին։ Այս պահին, եթե խոսենք շրջանառության թվերով, այն շուրջ 250 միլիոն է 2018 թվականի վերջի դրությամբ։ 2019 թվականի վերջի դրությամբ մենք կհրապարակենք ամփոփելուց հետո, և դա կազմում է ՀՆԱ-ի շուրջ երկու տոկոսը։ Եթե մասնավորեցնենք, ինտերնետի, այսինքն՝ telecommunication-ի՝ ինտերնետ-կապ և այլն, այս ինդուստրիայի շրջանառությունը երեք տոկոսն է, այսինքն՝ երկուսի համագումարն իրար հետ հինգ տոկոսն է ՀՆԱ-ի 2018-ի դրությամբ։ 2015թ. սա շուրջ 117 միլիոն դոլար էր, ավելի քան կրկնապատկվել է», - հայտնեց Հակոբ Արշակյանը։

Նա արձանագրեց նաև, որ 2018թ. բարձր տեխնոլոգիաների ոլորտում կին աշխատողների քանակը 38 տոկոսի է հասել, «լուրջ պրոգրես կա»։

Հարցին՝ հինգ տարի հետո հայաստանյան ՏՏ ոլորտը որքա՞ն արտադրանք կարող է թողարկել, նախարարը պատասխանեց. - «Եթե մեր ռազմավարության շրջանակներում դիտարկելու լինենք, պլանավորում ենք, որ հինգ տարվա ընթացքում թիվը կհասնի շուրջ 400 միլիոնի, միայն High tech-ի»։

Հակոբ Արշակյանը շարունակեց՝ ոլորտի զարգացման համար կառավարությունը մյուս տարի նախատեսել է Երևանում ու մարզերում սկսել կրթել ու աշխատանքի պատրաստել վեց հազար նոր մասնագետների, բնագավառի 45 ձեռներեցի ուղարկելու է Միացյալ Նահանգների սիլիկոնային հովիտ՝ ոլորտին վերաբերող ձեռներեցության հմտություններ ուսանելու համար և վերջապես հատկացնելու է մեկ միլիարդ դրամ՝ բնագավառի 90 նորաստեղծ (startup) ընկերություններին, խմբերին ֆինանսավորելու համար, որպեսզի նրանք կարողանան կյանքի կոչել իրենց գաղափարներն, ու ևս մեկ միլիարդ դրամ, եթե ոլորտի ընկերությունները նպատակ կունենան հետագա ներդրումներ ներգրավել:

«Վենչուրային հիմնադրամը երկու ուժ ունի՝ մեկը ֆինանսական, մյուսը՝ իր կապերը արտաքին շուկայի հետ և իր անունը՝ ռեպուտացիան, այսպես կարելի է ասել։ Հիմնականում այս ընկերությունները գնում են սիլիկոնյան հովիտ, այնտեղ են ստանում իրենց ինվեստիցիաները տարբեր ֆոնդերից, որը վատ չի, բայց եթե մենք ունենանք այս ուժը Հայաստանում, մենք ոչ միայն հայկական ընկերություններին այդ երկրորդ փուլում կկարողանանք ներդրումներ ապահովել, այլ նաև տարածաշրջանում ուրիշներին, եթե այդքան ուժեղ ֆոնդ ունենանք այստեղ։ Մենք նաև միջազգային գործընկերների հետ ենք աշխատում, որովհետև հասկանում ենք, որ այդպիսի ֆոնդի կառավարումը պետությունը չպետք է իրականացնի, որովհետև մեր կոմպետենցիան չի դա, և ուզում ենք մեծ անուններ բերել այստեղ վենչուրային ֆոնդերի, որոնք այս տարածաշրջանում չկան»։

Ճշտող հարցին՝ գումար հատկացնի Հայաստանի կառավարությունը, սակայն կառավարումը փորձառու ընկերությունների՞ն հանձնվի, նախարարը պատասխանեց. - «Այո, բայց միայն կառավարությունը չի մասնակցում, այսինքն՝ մենք կդնենք գումար, իրենք նույնպես կդնեն գումար, և երրորդ անձինք կամ ընկերությունները ևս կդնեն գումար, շուրջ 100 միլիոն դոլարի մասին է խոսքը առաջիկա հինգ-յոթ տարիների ընթացքում ծախսելու համար»։

Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG