Մատչելիության հղումներ

Թուրքիան սպառնում է փակել ամերիկյան ռազմակայանները


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիան սպառնում է փակել Ինջիրլիքում և Քյուրեջիքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները՝ ի պատասխան Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների և ամերիկյան Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունման: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին թուրքական ATV և A-Haber հեռուստաալիքների համատեղ ուղիղ եթերում:

«Եթե հարկ լինի, Ինջիրլիքն էլ կփակենք, Քյուրեջիքն էլ, ամեն ինչ կախված է փոխադարձ վերաբերմունքից: Եթե մեզ պատժամիջոցներով են սպառնում, ապա մենք էլ պատասխան քայլեր կձեռնարկենք: Երկուստեք կարևոր է, որպեսզի Միացյալ Նահանգներն այնպիսի քայլեր չանի, որոնք անդառնալի հետևանքներ կթողնեն երկկողմ հարաբերությունների վրա», - ասել է Էրդողանը:

Նա պնդել է, թե ամերիկյան կողմի գործողությունները չեն համապատասխանում իրենց դաշնակցային հարաբերությունների ոգուն, Միացյալ Նահանգների Կոնգրեսին հորդորելով վերջ դնել երկու երկրների փոխհարաբերությունների բնույթի հետ կապ չունեցող հարցերը «ներքաղաքական բանավեճերի առարկա դարձնելուն»:

«Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի՝ կանխելու համար այն քայլերը, որոնք կարող են ավելի վնասել երկկողմ հարաբերությունները», - նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը չի մոռացել արխիվների թեման: «Մենք հիմա բացում ենք մեր զինված ուժերի արխիվներում առկա ավելի քան մեկ միլիոն փաստաթուղթ, թող գան պատմաբաններն ու իրավաբանները, դրանք ուսումնասիրեն: Ասում են, թե որոշ քանակությամբ արխիվներ էլ Միացյալ Նահանգներում, մասնավորապես՝ Հարվարդում կան, դրանք էլ թող բացեն: Ֆրանսիայում էլ կան, թող դրանք էլ բացեն: Հայաստանում կա՞, թե՞ ոչ: Թող բոլորն էլ բացեն իրենց արխիվները, և դրանք ուսումնասիրվեն պատմաբանների հանձնաժողովների կողմից: Իրավաբաններն ու հնագետներն էլ թող ուսումնասիրեն: Հետո միայն հարկ եղած դեպքում մենք՝ քաղաքական գործիչներս, կմիջամտենք», - ասել է Էրդողանը՝ հավելելով, թե ցեղասպանության հարցի մասին կարելի է խոսել միայն հիմնավորված փաստարկներով:

Թուրքիայի նախագահը շտապել է նաև պատմության դասեր տալ Հայոց ցեղասպանության հարցն իրենց խորհրդարան բերած երկրներին: Նա ԱՄՆ-ին հիշեցրել է հնդկացիների մասին՝ այդ թեման համարելով ամերիկացիների ամոթը, ֆրանսիացիներին էլ մեղադրել է Ռուանդայում և Ալժիրում կոտորածներ իրականացնելու մեջ:

«Մենք ի ցույց կդնենք, որ Արևմուտքի անցյալը խտրականության և գաղութատիրության պատմություն է», - հայտարարել է Ռեջեփ Էրդողանը՝ համոզմունք հայտնելով, թե ցեղասպանություններով ու կոտորածներով լի պատմական անցյալ ունեցողներն իրավունք չունեն արտահայտվելու թուրքական «պանծալի» պատմության մասին:

Միջազգային մամուլը լայնորեն անդրադարձել է Թուրքիայի նախագահի հայտարարությանը: Գերմանական Deutsche Welle պարբերականը փաստում է, որ թուրք-ամերիկյան ճգնաժամի պատճառը գլխավորապես ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումն է:

«Այն բանից հետո, երբ Թուրքիան գնեց ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ն պատժամիջոցների գնաց, թուրքական կողմն էլ պատասխան քայլերի գնաց: Այժմ Թուրքիան բարձրացնում է խաղադրույքը», - գրում է Deutsche Welle-ը՝ ընդգծելով Ինջիրլիքի ռազմավարական կարևորության և Քյուրեջիքում ՆԱՏՕ-ի ռադարային կայանի տեղակայման մասին:

Ադանա քաղաքից 8 կմ հեռավորության վրա գտնվող Ինջիրլիք ավիաբազայի կառուցումը սկսվել է 1951 թվականին, իսկ 1954-ին թուրք-ամերիկյան համատեղ շահագործման հանձնվել: Քյուրեջիքի բազան ՆԱՏՕ-ի կողմից կառուցվել է 2012 թվականին՝ որպես բալիստիկ հրթիռների հարձակման նախազգուշական ռադար: Պաշտոնական Անկարան առաջին անգամը չէ, որ շահարկում է իր տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների փակման հարցը: Վաշինգտոնի հետ հարաբերությունների վատացման ֆոնին Թուրքիան քանիցս օրակարգ է բերել Ինջիրլիքի փակման հարցը, բայց այդպես էլ գործնական քայլեր չի ձեռնարկել:

Ի դեպ, թուրքական մամուլը նկատել է, որ Ինջիրլիքում այսօր լռություն է տիրում: «Դողան» լրատվական գործակալությունը գրում է, թե առավոտից միայն 2 բեռնատար ինքնաթիռ է վայրէջք կատարել ավիաբազայում, իսկ ռազմական ինքնաթիռների մասով շարժ չկա:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG