Մատչելիության հղումներ

Վարչապետի պնդմամբ՝ ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ, արխիվ

Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եվ էդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ», - հավելեց նա:

Նշելով, որ Հայաստանի տնտեսական պոտենցիալի, տնտեսական աճի, տնտեսության ընթացիկ իրավիճակի մասին հնարավոր չէ նորմալ տեղեկատվություն ստանալ, Կառավարության ղեկավարը շարունակեց․ - «Հնարավոր չի, ես, օրինակ, չեմ կարում ինձ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ: Հնարավո՞ր է ստանալ գնահատական մեր պետական մարմինների, որը շատ թե քիչ իրար մոտիկ կլինի, մեր տնտեսական վիճակի մասին, մեր տնտեսության պոտենցիալի մասին, մեր տնտեսական աճի վերաբերյալ՝ սկսած բյուջեի քննարկումներից և թե մենք ինչ կարող ենք անել: Եվ հետևաբար ինչի՞ ենք էսպես աշխատում՝ որովհետև միակ ձևը, որ հնարավոր է աշխատել՝ քաղաքական շեշտադրումներ դնելով և պետական համակարգին բրդելով, որ «գնացեք էս խնդիրը լուծեք», կամ՝ «էս ա խնդիրը՝ լուծվե՞ց էս խնդիրը՝ լուծվեց, չլուծվեց՝ չլուծվեց»:

Փաշինյանի պնդմամբ՝ այս տարվա տնտեսական բոլոր ցուցանիշները «և ընդհանրապես ամեն ինչը» արվում է ի հեճուկս պետական կառավարման համակարգի․ -- «Ես ուղիղ ասում եմ, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ինչ հաջողություն և ձեռքբերում մենք էսօր ունենք, մի քիչ, ամբողջը, 100 տոկոս՝ ի հեճուկս պետական կառավարման համակարգի, ի հեճուկս»:

«Կներեք, չնեղանաք, բայց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը էլի տեղի ա ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Որովհետև ամբողջ իրավապահ համակարգին պետք ա ժամանակ առ ժամանակ անց ասես՝ բա ի՞նչ էղավ, բա ի՞նչ էղավ: Ու պատճառ միշտ էլ կգտնվի, միշտ պատճառ կա, էն օրը ասեցի՝ իսկ ինչո՞ւ նրանք սպանեցին արքայազն Համլետին․ որ ուրիշ պատճառ չլինի, էս պատճառը միշտ էլ կա», - շեշտեց վարչապետը՝ շարունակելով․ - «Փորձաքննությունը, էն մեկը, էն մեկը ցուցմունք չի տալիս, էն մեկը փախավ, էն մեկը չփախավ, էն մեկը ուզում ա փախնի»։

«Ի հեճուկս, և սա ճշմարտություն է: Եվ եկեք արձանագրեք, որ ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում ա, դիմադրում ա ամբողջ պետական համակարգը, և էդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ: Որովհետև Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ինձ՝ անձամբ ինձ, ձայն ա տվել և մեր քաղաքական ուժին ձայն ա տվել, որ էս երկրում փոփոխություն տեղի ունենա, և ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք, պտտվենք, պտտվենք, պտտվենք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG